Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ «ԿԻՍԱԼԱՎ» ԼՈՒՐ

Փետրվար 02,2010 00:00

\"\"Նախկին քաղբանտարկյալի քրգործը կարճվել է նրա «մեղքը» հիմնավորող բավարար ապացույցների բացակայության հիմքով:

Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը, որը միավորում է Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում գործող 30 իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների, երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագրին 7 տարվա ազատազրկման դատապարտելու՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ համարելով, որ այն անընդունելի ու հաշվեհարդար է քաղաքական հակառակորդների նկատմամբ: Իրավապաշտպանները ՀՀ իշխանություններից պահանջել են «անվերապահորեն կատարել մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց ստանձնած բոլոր պարտավորություններն ու անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, պատժել 2008թ. «Մարտի 1»-ին տեղի ունեցած արյունալի իրադարձություններն իրականացրած մեղավորներին՝ ինչպես հրաման արձակողներին, այնպես էլ կատարողներին»:
Տակավին անորոշ է մնում քաղբանտարկյալներից մեկի՝ արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, գնդապետ Սասուն Միքայելյանի՝ քաղաքացիական դատարան տեղափոխվելու հարցը: Հիշեցնենք, որ նա անցյալ տարեվերջին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից բազմաթիվ, այդ թվում նաեւ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդություններից հետո բավականին ծանր առողջական վիճակի պատճառով տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց եւ «Արմենիա» բժշկական կենտրոնում ենթարկվել էր վիրահատության: Ավելի ուշ, դեռ լիովին չապաքինված եւ հակառակ նրա բուժող բժիշկների հորդորին՝ ետ էր վերադարձվել «Դատապարտյալների հիվանդանոց»: Արդյունքում՝ Միքայելյանի առողջական վիճակը կրկին վատթարացել էր, ու ՀՀ Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը ստիպված էր ընդամենը վերջերս կրկին դիմել ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ խնդրելով սրտանոթային խնդիրներ ունեցող Միքայելյանին քաղաքացիական հիվանդանոցում՝ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, հետազոտության ենթարկվելու հնարավորություն տալ, նաեւ միջոցներ ձեռնարկել՝ լուծելու դատապարտյալի ոտքի վիրահատության հետ կապված խնդիրը: Բայց երեկվա դրությամբ էլ նա շարունակում էր մնալ «Դատապարտյալների հիվանդանոցում»:
Եվս մեկ քաղբանտարկյալ շարունակում է մնալ վատ վիճակում: Խոսքն այս դեպքում ոչ թե առողջական խնդիրների, այլ անձնական ողբերգության մասին է: Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները, դարձյալ անտեսելով իրենց ուղղված բազմաթիվ միջնորդությունները, թույլ չտվեցին Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանին կարճատեւ ժամանակով ազատության մեջ լինել եւ նախ՝ վերջին հրաժեշտը տալ Գերմանիայում գտնվող իր մահամերձ հորը, իսկ հիմա՝ մասնակցել նրա հուղարկավորությանը: Երեկ Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն դատապարտել է Հացպանյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների «քինախնդիր վարվելակերպը»։
Միակ լավ լուրը, որ այս պահին կա քաղբանտարկյալների եւ հալածյալ քաղաքացիների վերաբերյալ, վերաբերում է նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանին: Հիշեցնենք, որ նա կալանավորվել էր 2009թ. հունիսի 5-ին, իբր, խուլիգանության եւ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով եւ երկրից չհեռանալու ստորագրությամբ ազատ էր արձակվել միայն հոկտեմբերի 8-ին, ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով՝ առողջական վատ վիճակի պատճառով: Մինչեւ վերջերս, սակայն, նրա, ինչպես նաեւ Կոնգրեսի եւս երկու երիտասարդ ներկայացուցիչների՝ Սահակ Մուրադյանի, Հերբերտ Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը շարունակվում էր: Եվ եթե Տ. Առաքելյանը հունվարի 28-ին սեփական նախաձեռնությամբ չզանգահարեր այդ գործը քննող՝ Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Հրաչ Սարգսյանին, չէր էլ իմանա, որ իր, նաեւ մյուս երկու երիտասարդների մասով քրգործը կարճվել եւ քրեական հետապնդումը դադարեցվել է իրենց «մեղքն» ապացուցող բավարար հիմքեր չլինելու պատճառով: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Տ. Առաքելյանը, այդ օրն ինքը զանգել էր քննիչին՝ իմանալու, թե իր գործն ինչ փուլում է եւ կարո՞ղ է երկրից բացակայել, որովհետեւ բուժման նպատակով ուզում է մեկնել արտերկիր: Պարզվել էր՝ կարող է, բայց քննիչը միայն հաջորդ օրն էր Առաքելյանին փոխանցել իր՝ քրգործը կարճելու մասին որոշումը, որն, ի դեպ, կայացվել էր դեռ 2009թ. դեկտեմբերի 15-ին եւ այն հիմքով, թե Առաքելյանը ոստիկաններին դիմադրություն ցուցաբերել է անգիտակցաբար՝ չիմանալով, որ քաղաքացիական հագուստով մարդիկ ոստիկաններ են: Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մտադիր է բողոքարկել քննիչի կողմից գործը կարճելու հիմքերը՝ պահանջելով, որ իր նկատմամբ ավելի քան կես տարի առաջ հարուցված քրգործը կարճել հանցակազմի բացակայության հիմքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել