Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական կամք

Մարտ 10,2010 00:00

Առանձին վերցրած մեկ համայնքում

Փետրվարի 28-ին Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի ընտրություն էր: Գյուղապետ դարձավ 32-ամյա անկուսակցական Կարեն Սարգսյանը («Առավոտը» այս ընտրությանը անդրադարձել է փետրվարի 27-ի՝ «Ընտրությունները կանցնե՞ն առանց կեղծիքների» եւ մարտի 1-ի՝ «Հաղթեց անկուսակցականը» հրապարակումներով): Նորընտիր գյուղապետն ու նրա երեք մրցակիցներից մեկը՝ Արթուր Հովհաննիսյանը համադասարանցիներ են եղել, երկուսն էլ Այնթապ համայնքի ավագանու անդամ էին: Հաղթողին, քվեարկության հաջորդ օրն առավոտյան, շնորհավորել է եւ Արթուր Հովհաննիսյանը, եւ մյուս մրցակից Ղեւոնդ Թարվերդյանը: Ինչպես մեր գյուղերի մեծ մասում, Այնթապում էլ ոչ թե գաղափարական կամ ծրագրերի պայքար էր, այլ խնամիաբարեկամական կապերի եւ ընկերական շրջապատների մրցույթ, որը, ինչպես սովորաբար լինում է հայաստանյան գյուղերում, ուղեկցվում էր նախընտրական «բարեգործական պոռթկումներով»՝ արտահայտված կարիքավոր ընտանիքներին ֆինանսապես «օգնելու» եւ գյուղի քարուքանդ ճանապարհները «քարաշիբինային» խառնուրդով ծածկելու դրսեւորումներով:

Այս համայնքում նախորդ ՏԻՄ եւ համապետական ընտրությունները հաշտ ու խաղաղ երբեւէ չեն ամփոփվել, այս անգամ արձանագրված բացառությունը պայմանավորված է մի քանի կարեւոր հանգամանքներով: «Ընտրությունները կանցնե՞ն առանց կեղծիքների» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը հրահանգել էր ընտրության համար բոլոր պատասխանատուներին՝ ապահովել առանց կեղծիքների ընտրություն, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակել՝ ոչ այնթապցիներ: Այդպես էլ արվել էր: Այս մեխանիզմը նորամուծություն էր եւ նկատելի դրական նշանակություն ունեցավ՝ քվեարկությունը խաղաղ եւ առանց միջադեպերի ընթացք ունեցավ: Այնթապցիներն ասում են, որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ հանձնաժողովի անդամները հիմնականում Այնթապի գյուղապետարանի աշխատակիցներ էին կամ գործող գյուղապետի մտերիմները, եւ ունենալով կողմնակալ վերաբերմունք, աշխատում էին կամայականորեն, անում էին այն՝ ինչ ուզում էին, առանց հաշվի առնելու վստահված անձանց բողոքներն ու դժգոհությունները:

Արարատի մարզպետի խորհրդական, մարզի լիազոր ներկայացուցիչ Գարիկ Վարդանյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մենք հանձնաժողովների անդամներին դրսից նշանակեցինք, որպեսզի կանխենք թեկնածուների դժգոհությունները, որպեսզի մեկը չասի՝ նա նրա բարեկամն է, այս մեկն այս մյուսի բարեկամն է: Արդյունքում բոլորը գոհ են, խանգարող չկար, մարդիկ հանգիստ կատարեցին իրենց ընտրությունը: Սա կլինի դրական փորձ եւ այսուհետեւ մարզի բոլոր ընտրությունները կկազմակերպվեն այս մոտեցմամբ, որպեսզի թափանցիկ լինի, չասեն իշխանությունները սրա կողմից էին, նրա կողմից էին: Սա ճիշտ եղանակ էր»:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշում էին մարզային իշխանության ներկայացուցիչները, այս ընտրապայքարում ՀՀ իշխանությունները որեւէ թեկնածուի ոչ պաշտոնապես, ոչ էլ «կուլիսների ետեւում» չսատարեցին ու, ի տարբերություն այնթապյան նախորդ ընտրությունների, հնարավորություն ստեղծվեց անցկացնել ընտրություն առանց կրիմինալ երեւույթների:

Այնթապցիներն այս ընտրության ժամանակ աննախադեպ ակտիվ էին. 6048 ընտրողից 4262-ը մասնակցել էր քվեարկությանը, այն պարագայում, որ նախորդ ՏԻՄ ընտրության ժամանակ քվեարկողների թիվը չէր գերազանցում 3000-ը, քանի որ ընտրողներն այն ժամանակ համոզված էին, որ, միեւնույն է, իրենք ում էլ ընտրեն, իշխանության «դաբրոն» ստացած թեկնածուն արդեն ընտրված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031