Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմում են ականատեսները

Ապրիլ 24,2010 00:00

Որոնց պատմությունները զետեղված են Facebook-ում

Ցեղասպանության 95-րդ տարելիցի շեմին սոցիալական ցանցերում տարբեր էջեր էին բացվել, որտեղ ամբողջ աշխարհին ներկայացվում էր հայ ազգի մեծագույն ողբերգությունը: Facebook-ում բացված նմանատիպ մի էջում էլ ներկայացված էին Ցեղասպանության ականատեսների պատմությունները:
Վարդան Հարությունյանի պատմությունը
Վարդան Հարությունյանը Մասաչուսեթս նահանգի Բելմոնթ քաղաքի առաջին հայկական եկեղեցու քահանան է եղել եւ այն սակավաթիվ արեւմտահայերից, ում հաջողվել է փրկվել եղեռնից. «Դեռեւս իմ ծնվելուց առաջ Մարաշ քաղաքի թուրք քաղաքապետը, որ հորս վաղեմի ընկերն էր, նրան իր մոտ կանչեց եւ ցույց տվեց Կոստանդնուպոլսից եկած հրամանագրերը, որոնց համաձայն՝ Թուրքիայի հայ բնակչությունը պետք է ոչնչացվեր: «Ես ի՞նչ անեմ»,- հարցրեց հորս թուրք քաղաքապետը: Հայրս նրան խորհուրդ տվեց մնալ իր տեղում եւ հնարավորինս օգնել մեր ընտանիքին ու Մարաշի հայերին՝ խուսափելու կոտորածներից: Թուրք քաղաքապետն այդպես էլ արեց եւ հետագայում նրան աշխատանքից հեռացրին՝ հրամանագիրը պատշաճ ձեւով չկատարելու համար: …Մարաշի քաղաքապետի շնորհիվ մենք փրկվեցինք: Նրա հրամանով ինձ եւ մորս թաքցրել էին քաղաքի հիվանդանոցի սենյակներից մեկում, քույրերիս՝ գերմանական մանկատանը, իսկ հայրս արտաքսվեց: Նա մահացավ Այնթապի ճանապարհին. այդ տեղահանության ժամանակ 12 000 հայերից, որոնց մեջ կային նաեւ կանայք եւ երեխաներ, ողջ մնաց միայն 1000 հոգի…»,- պատմում է քահանան:
Էդվարդ Ռաքուբյանի պատմությունը. «Մենք օրեր շարունակ քայլում էինք՝ ժամանակ առ ժամանակ անցնելով փոքր լճակների ու գետերի միջով: Մենք տեսնում էինք դիակներ՝ դրանց ափերին: Հետո դիակներ էինք տեսնում արահետների ողջ երկայնքով, արեւի տակ այրվող դիակներ… Անգղները սավառնում էին մեր վերեւում… Մեզ իջեցնում էին փոսերի մեջ, ուր ամբողջությամբ կեղտ էր լցված: Մենք ստիպված էինք ուտել այդ կեղտը: Հետո մենք հասանք Եփրատին, ու չնայած գետում շատ դիակներ կային, մենք ստիպված էինք խմել այդ ջուրը: 10 հազար հոգանոց մեր խմբից հազիվ 300 հոգի մնաց»:
Սեմ Քադորյանը պատմում է, որ մի քանի օր քայլելուց հետո թուրք ոստիկաններն սկսեցին հավաքել 5-10 տարեկան տղաներին. «Ես այդ ժամանակ 7-8 տարեկան էի: Նրանք մեզ լցրեցին ավազի վրա ու սկսեցին սվիններով ու մտրակներով հարվածել: Միայն մի հարված կպավ ինձ՝ երեսիս. թերեւս արանքներում պաշտպանված էի: Բայց չէի կարող լացել: Ես ծածկված էի իմ կողքինների արյունով: Երբ մութն ընկավ, տատս ինձ գտավ, հանեց ու սկսեց հանգստացնել: Նա ինձ դրեց իր ուսերին ու տարավ: Հետո ուրիշ ծնողներ եկան՝ փնտրելու իրենց երեխաներին, բայց նրանք հիմնականում մեռած էին գտնում իրենց երեխաներին, եվ ստիպված էին ավազի մեջ թաղել կամ ուղղակի Եփրատը գցել: Եփրատը տանում էր նրանց փոքրիկ մարմինները»:
Սիոն Աբաջյանի պատմությունը. «Մի մեծ ամբոխ էր հավաքվել Մեսքենեում: Մեր հոծ ամբոխը միայն 2 ոստիկան էր հսկում: Միայն երկու: Արդյոք չկա՞ր մի տղամարդ մեր մեջ, որ կարողանար դրանց սպանել: Մենք գնում էինք մեռնելու, ինչո՞ւ էինք մենք այդքան հնազանդորեն ենթարկվում այդ 2 ոստիկանին…»:
Էդվարդ Պետիկյանի պատմությունը. «Մի աղջիկ կար, ում ես օգնում էի ճանապարհի հենց սկզբից: Նրա անունը Սաթենիկ էր: Ես նրան լավ եմ հիշում: Նա մի քիչ տկար էր: Ես նրան ավելի ուշ տեսա մի դպրոցի նկուղում, ուր մեզ լցրել էին: Նա մի քիչ փող ուներ, որ տվեց ինձ: Թույլ մի տուր, որ տանեն ինձ, թույլ մի տուր, որ տանեն ինձ՝ ասում էր ինձ: Չկարողացա օգնել, նրան էլ տարան»:
Հայկ Պարոնյանի պատմությունը. «Օրեցօր մեր քարավանի տղամարդիկ քչանում էին: Չսպանվելու համար նրանք թուրք ոստիկաններին ոսկեդրամ էին տալիս, եթե ունենում էին: Բայց հետո, ամեն դեպքում, նրանց սպանում էին: Մի տեղ հանկարծ տատս սկսեց բարձրաձայն անիծել թուրքական կառավարությանը՝ իր անմարդկային վերաբերմունքի համար, եւ ցույց տալով մեզ՝ երեխաներիս, ասաց. «Ո՞րն է այս երեխաների մեղքը, որ նման պատժի են արժանանում»: Թուրք ոստիկանի համար դա աններելի բան էր՝ հանեց դաշույնն ու մխրճեց տատիս մեջքը: Եվ ինչքան նա մխրճում էր դաշույնը, այնքան տատս անիծում էր նրան ու իր ցեղը: Չկարողանալով լռեցնել տատիս, ոստիկանը կրակեց նրա վրա…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել