Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

Մայիս 05,2010 00:00 Share

\"\"Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առարկում է ՀԱԿ-ի հայցադիմումը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամբողջությամբ առարկում է գազի գնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացրած հայցադիմումին, որտեղ որպես համահայցվորներ հանդես են գալիս 7230 քաղաքացիներ: Հանձնաժողովը իր առարկությունների վերաբերյալ գրություն է ուղարկել հայցադիմումով դատարան դիմած բոլոր քաղաքացիներին: Սույնի մասին տեղեկատվությունը երեկ տեղադրվել էր հանձնաժողովի կայքէջում: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ու մյուս հայցվորները ապրիլի 7-ին դիմել էին ՀՀ վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 26-ի, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին, «Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման եւ բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին», «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» որոշումները: Հայցադիմումում ներկայացրած փաստարկները հանձնաժողովը անհիմն է գնահատում՝ ելնելով հետեւյալ փաստարկներից. ասենք, ըստ Հանձնաժողովի, իրականությանը չի համապատասխանում հայցվոր կողմի մատնանշած փաստարկը, ըստ որի՝ վերջին 5 տարիների ընթացքում «ՀայՌուսգազարդը» բնական գազը ստանում է 60 հազար դրամ անփոփոխ մեծածախ գնով: Ինչ վերաբերում է ընկերության աշխատողների թվաքանակին, ապա, ըստ առարկությունների, այն կախված է «ոչ թե գազի սպառման ծավալներից, այլ ընկերության կողմից սպասարկվող բաժանորդների քանակից, որոնք տարեցտարի աճում են»: Միաժամանակ փաստում են, որ աշխատողների, այդ թվում նաեւ ղեկավար անձնակազմի, միջին աշխատավարձի աճ Հանձնաժողովն իր հաշվարկներում չի նախատեսել:
Այս առիթով «Առավոտի» հետ զրույցում փաստաբան Վահե Հովսեփյանն ասաց, որ փաստաթուղթը ստացել է ժամեր առաջ եւ դեռեւս չի հասցրել այն մանրամասնորեն ուսումնասիրել: Ըստ նրա, առարկություններում գերակշռում են տնտեսական ասպեկտները, հետեւաբար, ՀԱԿ-ի համապատասխան հանձնաժողովն այն կուսումնասիրի, կվերլուծի, ապա միայն վերջնական տեսակետ կներկայացվի հանրության դատին: Փաստաբանը նկատում է, սակայն, որ հանձնաժողովն իրենց հայցադիմումի որոշ կետեր սխալ է հասկացել. «Մենք նշել էինք, որպեսզի պահպանվեն «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքով սահմանված կարգավորողի եւ սպառողների շահերի հավասարակշռության սկզբունքը, իրենք յուրովի են մեկնաբանել՝ իրենց վերագրելով աշխատավարձերի բարձրացումը եւ այլն, ու պատճառաբանել են, որ նման լիազորություն չունեին: Մինչդեռ մենք ասում էինք, որ հանձնաժողովը պետք է հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ եկամուտների ավելացում նախատեսված չէ, եւ ոչ ոքի եկամուտը չի ավելանալու, ու դրա հիման վրա չսահմաներ գնի  ավելացումը»:
Այս պատասխանի վերաբերյալ ՀԱԿ-ը, բնականաբար, ներկայացնելու է իր առարկությունները՝ կրկին անգամ բողոքի ձայն բարձրացնելով հարցի քննման գրավոր ընթացակարգի վերաբերյալ: Ի դեպ, գործը գրավոր ընթացակարգով քննելու որոշման դեմ ՀԱԿ-ի բողոքարկումն էլ է մերժվել, եւ փաստաբանը պատրաստվում է դիմել հաջորդ ատյան՝ վճռաբեկ: Հարցին՝ չե՞ք կարծում, որ փակուղային իրավիճակ է եւ ստացվում է պատի դեմ կռիվ տալու նման մի բան, Վահե Հովսեփյանը չհամաձայնեց. «Նախ, իրականում վիճակը փակուղային չէ, բացի դրանից, երբ նման ձեւակերպումներ են օգտագործվում, մարդիկ խուճապի մեջ են ընկնում»: Նրան չի կաշկանդում այն հանգամանքը, որ մեր դատարաններն իշխանության կրնկի տակ են. «Բոլոր ատյանները կսպառենք ու կգնանք առաջ»: Միայն հավելեց, որ դատարանները վախենում են, որ գործի բանավոր ընթացակարգով քննության ժամանակ այնպիսի հակափաստարկներ ի հայտ կգան, որ իրենք չեն կարողանա այնպիսի վճիռներ կայացնել, ինչպիսիք կկայացնեն գրավոր ընթացակարգով քննության ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել