Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔ, ՄԱՔՈՒՐ ԵՎ ԿՈԿԻԿ ՏՈՒՆԸ…

Հունիս 19,2010 00:00

 Եվ խոնարհաբար խնդրում եմ հիշեք՝ հավաք, մաքուր, կոկիկ եւ տաքուկ տունը, խոհանոցը եւ առհասարակ համեղ կերակուրը կնոջ ջերմության, հոգատարության, մայրական սիրո «կաթսան» է, որը թույլ է տալիս վերջնականապես կապվելու հողիդ, արմատներիդ եւ հարազատներիդ:

Հ. ՍԱՖԱՐՅԱՆ

Ծնունդով գյումրեցի Հասմիկ Սաֆարյանի «Կնոջական» գիրքը Գյումրու ավանդույթների, խոհանոցային սիրո, կանացի հմայքների պահպանման ու խնամքի մասին է: «Կնոջական»-ը հեղինակի հինգերորդ գիրքն է առհասարակ կնոջ մասին, կնոջ համար, կնոջ իմաստնությամբ: Այն իր մեջ պարունակում է բազմաթիվ խորհուրդներ, կենսափորձեր, հիգիենային, խոհանոցին եւ կենցաղին առնչվող հազարավոր գաղտնիքներ: Ուղեցույց է, որ կնոջն առաջնորդում է խոհանոցում եւ կենցաղում:
Գիրքը կազմված է չորս բաժիններից. անձնական հիգիենա, խոհանոցի գաղտնիքներ եւ բաղադրատոմսեր, կենցաղային օգտակար խորհուրդներ, փորձված հազար ու մի թելադրանք:
Առաջին բաժինը դեմքի, շրթունքների, մազերի, ուսերի եւ թեւերի, ձեռքերի, եղունգների, ոտքերի, մարմնի խնամքի մանրամասն օգնությունն է եւ կնոջական գեղեցկության, հմայքի հոգատարություն-խորհրդատուն:
Երկրորդ բաժնում հեղինակը մեծ ուշադրությամբ եւ կենսափորձով բացում է խոհանոցային գաղտնիքների շարքը՝ կին ընթերցողին օգնելով յուրացնելու մթերքների, համերի համադրումը եւ գտնելու համեղ խոհանոցի առեղծվածները:
Երրորդ բաժինը կնոջ առեղծվածի կատարյալ բացահայտումն է: Հեղինակը կանանց օգնում է իրենց հմայքների հետ համադրել գաղտնիքներ, որոնք կօգտագործեն առօրյայում տղամարդկանց սրտերը գերելու համար: Այնտեղ կան բազմաթիվ խորհուրդներ ամուսնության գաղտնիքների վերաբերյալ, սիրո հետ կապված նախապաշարումների մասին, թե ինչպես ճառագես Ամանորի գիշերը, նվիրելու եւ նվեր ստանալու արվեստի մասին:
Չորրորդ բաժնում հեղինակը տանտիկինների համար կատարյալ խորհուրդներ ունի պահ տված: Ինչպե՞ս մաքրել արծաթեղենը, ոսկեղենը, մարգարիտը, ապակյա ծաղկամանները, գորգերը, ինչպե՞ս վերացնել լաքաները, հետքերը:
Կահույքի ու վարագույրների դժվար խնամքի մասին թյուր պատկերացումները հօդս են ցնդում՝ շնորհիվ «Կնոջական» գրքի:
Հասմիկ Սաֆարյանի «Կնոջական» գիրքը մի յուրահատուկ իմաստնությամբ է առանձնանում. գրքի ամբողջ տարածքում թափառում է մի խորհուրդ. ԺՊՏԱՑԵՔ եւ ամեն ինչ համեղ կստացվի… Ժպտացե՛ք խոհանոցում եփելիս, ժպտացե՛ք նվերներ ստանալիս եւ ձեր ժպիտի հետ համ ու հոտ կփոխանցվի ձեր արած աշխատանքին:
«Կնոջական» գիրքը հեղինակի ունեցած հավաք, մաքուր եւ կոկիկ տունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել