Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ ԽՆԴՐՈՒՄ ՈՐԵՎԷ ԷԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ ՉԿԱ

Հուլիս 07,2010 00:00

\"\"Վստահ է ԱԺ պատգամավոր, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը

– ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների հունիսի 26-ի հայտարարությունից հետո՝ մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցերը, ենթադրվում էր, թե հերթական անգամ արվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արագացնելու փորձ: Այսուհանդերձ, այդ այցերից հետո գոնե հրապարակավ հնչած հարցադրումներից կարո՞ղ ենք եզրակացնել, որ վաղաժամ էին նման ենթադրությունները, թե ԼՂ հարցում կարող է ճեղքում լինել:
– Ուշադրություն դարձրեք, որ Երեւանում ամերիկյան լրագրողների երկու հարցերից մեկը վերաբերվում էր ռուս-ամերիկյան հարաբերություններին: Հենց այդ երկու երկրների միջեւ տարածաշրջանում ազդեցության գոտիների վերաբաժանման խնդիրն է սրվել, ինչի հետեւանքով փորձ է արվում ակտիվացնել հակամարտությունների կարգավորումը: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Հարավային Կովկասի 3 երկրներից մեկը հստակորեն ցույց տվեց իր բացարձակ կողմնորոշումը դեպի Արեւմուտք, հնարավորություն առաջացավ, որ մյուս 2 երկրների կողմնորոշումների լիարժեք հստակեցման արդյունքում լուծվի Հարավային Կովկասում ազդեցության գոտիների վերաբաժանման խնդիրը; Իսկ նման խնդիրների լուծման համար, կարծում եմ, հակամարտությունները շատ լավ միջոց են. այնպես՝ ինչպես եղավ Վրաստանի դեպքում:
Բայց մյուս կողմից՝ ակնհայտ է, որ որեւէ խնդիր լուծելու համար պետք է լինեն անհրաժեշտ նախադրյալներ: Վստահ եմ, որ տվյալ դեպքում արագացման համար չկան նման նախադրյալներ: Սակայն թե՛ ԱՄՆ-ն, թե՛ երբեմն էլ ՌԴ-ն չեն կարող չփորձել օգտագործել թեկուզ եւ ոչ մեծ հնարավորությունները՝ ազդեցության գոտիների վերաբաժանման խնդիրը լուծելու համար:
– Արդյոք առավել այդ խնդի՞րն էին ուզում լուծել. այն հայտարարություններից, որոնք Բաքվում եւ Երեւանում հնչեցրեց ԱՄՆ պետքարտուղարը՝ երեւում էր մտավախությունը, թե ԼՂ հակամարտությունը կարող է դադարել սառեցված լինելուց: Ուստի եւ կողմերին անընդհատ կոչ էր արվում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ անգամ ուժի գործադրման սպառնալիքներից:
– Կարծում եմ, իրենք ոչ թե ուզում են հակամարտությունը լուծել, քանի որ զինված բախումների վերսկսումն է անհանգստացնում, այլ հակառակն է՝ խոսում են զինված հակամարտության վտանգների մասին՝ նշածս խնդիրը լուծելու համար:
– Այսուհանդերձ՝ այս ընթացքում մի կարեւոր փոփոխություն տեղի ունեցավ. ՌԴ-ն առաջին անգամ ստորագրեց ԼՂ վերաբերյալ հայտարարության տակ, որում օգտագործված էր «գրավյալ տարածքներ» ձեւակերպումը: Ինչպե՞ս եք գնահատում մեր «ռազմավարական դաշնակցի» դիրքորոշման նման փոփոխությունը: Նաեւ այն, որ 3 նախագահների հայտարարության մեջ տեղ գտավ այդ ձեւակերպումը, թեեւ այն չկար անցած տարվա հուլիսի 10-ին ընդունված համանման հայտարարության մեջ:
– Ակնհայտորեն՝ հայտարարությունները շատ ավելի ցածր արժեք ու կարգավիճակ ունեն, քան փաստաթղթերը, քանի որ, ի վերջո, խնդիրների լուծման հիմքում ոչ թե հայտարարություններն են դրվում, այլ փաստաթղթերը: Բացի այդ՝ պետք չէ մոռանալ, որ «գրավյալ տարածքներ» ձեւակերպումը շրջանառության մեջ է դրվել դեռեւս 1993 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերով: Տարբեր ժամանակներում տարբեր կազմակերպություններ ու երկրներ օգտագործել են այդ ձեւակերպումը, եւ այն, որ այսօր էլ են օգտագործել՝ արտառոց չէ Հայաստանի իշխանությունների երկչոտ պահվածքի պարագայում: Եթե Հայաստանը չի խոսում Մարտակերտի, Մարտունու շրջանների գրավյալ հատվածների, Շահումյանի շրջանի մասին, ապա կստանա հենց նման ձեւակերպումներ: (Հիշեցնենք, որ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը միայն վերջերս այդ շրջանների մասին փաստարկով պատասխանեց Ադրբեջանին.-Ա. Ի.): «Ռազմավարական դաշնակցի» վերաբերմունքն էլ պատահական չէ: Երեք նախագահների հանդիպումների կազմակերպումը, Մայնդորֆյան փաստաթղթի ստորագրումը, որով ԼՂՀ-ն դուրս էր դրվում բանակցություններից՝ ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
– Բայց գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները մինչ այս առավել օգտագործում էին «ԼՂ-ին հարակից տարածքներ» ձեւակերպումը, իսկ վերջին հաղորդագրության մեջ անգամ աշնանը նախատեսվող այցի մասին են նշում «գրավյալ տարածքներ»: Սա արդյոք բավական մտահոգիչ նախանշան չէ՞:
– Կարծում եմ, համանախագահող երկրների նախագահների հայտարարությունում մտահոգիչը բոլորովին այլ բան է՝ ո՛չ «գրավյալ տարածքներ» ձեւակերպումը, քանի որ, ինչպես ասացի՝ բազմաթիվ փաստաթղթերում է օգտագործվել այն, եւ այստեղ չեմ տեսնում որեւէ նոր բան: Մտահոգիչն այն է, որ ակնհայտորեն՝ մոտ 1 տարի առաջ Լ՛Աքուիլայում արված հայտարարության համեմատ՝ բացարձակապե՛ս նույնն են մնացել խնդրի կարգավորման առնչությամբ մոտեցումները: Ամենակարեւորն է, որ Մադրիդյան սկզբունքների բոլոր 6 կետերը որեւէ փոփոխություն չեն կրել բովանդակային առումով: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ բոլոր խոսակցությունները նոր առաջարկությունների կամ նոր տարբերակի մասին ուղղակի խոսակցություններ են եւ որեւէ էական ազդեցություն չեն ունեցել փաստաթղթի վրա: Եվ մնացել է այն, ինչ կար փաստաթղթում՝ այն կետերը, որոնք հատուկ վերաբերում են ադրբեջանական պահանջներին՝ շատ հստակ ձեւակերպումներ ունեն, իսկ այն կետերը, որոնք առաջին հերթին հայկական կողմին են հետաքրքրում՝ մնացել են նույն անորոշ ձեւակերպումներով, որոնց ենթատեքստում կարելի է հասկանալ ցանկացա՛ծ բան՝ խոսքը մասնավորապես ԼՂ կարգավիճակի մասին է:
Նախագահների հայտարարության վերջում արտահայտություն կա, թե իրենք հանձնարարում են համանախագահողներին «աջակցել կողմերին առկա տարաձայնությունների հաղթահարման գործում՝ նախապատրաստվելով Ալմաթիում ԵԱՀԿ-ի նախարարների» հանդիպմանը: Ըստ այդմ՝ որոշակի ժամկետ են նշում առաջիկա անելիքների համար: Սա նորություն է, որի նպատակը, կարծում եմ, այն է, որ գոնե ինչ-որ տարբերություն լինի նախորդ հայտարարության համեմատ: Վստահ եմ՝ այդ ժամկետում էլ չի լինելու իրավիճակի որեւէ էական փոփոխություն:
– Սակայն էլի հղում անենք Հիլարի Քլինթոնին՝ նա այս այցի ընթացքում ասում էր, թե «Վերջին քայլերը դեպի խաղաղություն հաճախ առավել դժվար են», նաեւ խոսում էր ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքներն ամբողջացնելու եւ վերջնական կարգավորման փաստաթուղթը մշակելու մասին: Այդ հայտարարություններից տպավորություն չունե՞ք, որ մենք կարգավորման գոնե նոր փուլի անցնելու նախաշեմին ենք:
– Դիվանագիտական լեզուն շատ ճկուն է: Կարծում եմ՝ իրենք նաեւ պարտավոր են ամեն անգամ նոր բառեր ընտրել ու օգտագործել նոր արտահայտություններ. հակառակ դեպքում՝ բոլորին ակնհայտ կդառնա, որ որեւէ էական տեղաշարժ չկա: Ես ավելի քան համոզված եմ, որ իրականում ԼՂ խնդրի լուծում տեսականորեն հնարավոր է ընդամենը 2 դեպքում. առաջինը Կոսովոյի նման լուծումն է, երբ միջազգային հանրությունը պարզապես պարտադրում է այն, եւ երկրորդը՝ եթե ՀՀ իշխանությունները գնում են մեծ զիջումների: Այլ բան հնարավոր չէ: Համոզված եմ, որ Ադրբեջանը երբե՛ք չի ստորագրի փաստաթուղթ, որով ԼՂՀ-ն հանրաքվե անցկացնի՝ անկախության հարցադրումով, ողջամիտ ժամկետներում:
– Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ չնայած ՀՀ նախագահի հրապարակավ արտահայտած դժգոհությանը, թե հստակ չեն նշվում Չայլու գյուղի մոտ տեղի ունեցածի մեղավորները եւ ընդհանուր գնահատականներ են տրվում՝ արտերկրի բարձրաստիճանները շարունակում են ձեռնպահ մնալ որեւէ առանձին կողմի մեղադրելուց:
 – Ամենահիմնական պատճառը հայկական կողմի երկչոտ պահվածքն ու գնահատականներն են տարբեր իրադարձությունների, այդ թվում նաեւ՝ այդ միջադեպին: Եթե ուշադիր հետեւենք բոլոր հայտարարություններին, որ արվել են ՀՀ իշխանությունների անունից՝ կարծում եմ, ակնհայտ կդառնա, որ գերակշռող շեշտադրումն իբր անհարգալից վերաբերմունքն էր Ռուսաստանի նկատմամբ: Հայաստանը երբե՛ք չի անում վճռական որեւէ քայլ: Մի օրինակ բերեմ ոչ ղարաբաղյան խնդրին առնչվող ոլորտից՝ ՀՀ նախագահն ապրիլի 22-ին հայտարարեց, որ կասեցնում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Մինչդեռ Էրդողանը 6 ամիս առաջ ի՛նքն էր կասեցրել, երբ ստորագրման արարողությունից ընդամենը մի քանի ժամ հետո հայտարարեց, թե քանի դեռ ԼՂ խնդրում չկան էական տեղաշարժեր՝ հայկական զորքերը դուրս բերելու հետ կապված, չե՛ն վավերացվելու արձանագրությունները: Սա հայկական կողմի պահվածքը բնութագրող շատ բնորոշ օրինակ է. երբե՛ք համարժեք հայտարարություններ չեն արվում: Կարծում եմ՝ նրանից հետո, ինչ հաջորդեց 3 նախագահների հանդիպմանը Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանը պետք է շատ հստակ հայտարարեր, թե այլեւս չի մասնակցի անիմաստ հանդիպումների անկանխատեսելի կողմի հետ, որի համար անկառավարելի են անգամ իր զինված ուժերը՝ ներկայացնելով անհերքելի փաստեր ադրբեջանական սադրանքի մասին:
– Ի դեպ, հիշեցնեմ, որ Հիլարի Քլինթոնը Երեւանում խիստ դրվատանքով արտահայտվեց Սերժ Սարգսյանի որոշման մասին եւ անգամ, ինչպես Ձեր նախկին կուսակցական ընկերներն են ասում՝ փոխառեց նրա ձեւակերպումը, հայտարարելով, թե այժմ «գնդակը մրցակցի դաշտում է»:
– Խնդիրն այն չէ, թե ինչ է ասում Քլինթոնը կամ Էրդողանը: Հայաստանի համար ամենակարեւորն է, թե ինչ է անում ՀՀ իշխանությունը: Եվ քանի որ հարցի ձեւակերպումը ֆուտբոլային եզրաբանությամբ է՝ կարծում եմ, տեղին կլինի հետեւյալ պատասխան ձեւակերպումը. անցած 2 տարում իշխանությունների գործողությունները վկայում են, որ Հայաստանը վաղո՜ւց հայտնվել է խաղից դուրս վիճակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել