Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ

Հուլիս 10,2010 00:00

Անվտանգության գոտիները հանրապետությունով մեկ խախտվում են, սակայն այդ հանգամանքին որեւէ մեկը լուրջ չի վերաբերվում

Հուլիսի 6-ին Չարենցավանի 4-րդ թաղամասի 35-ամյա բնակիչ Կարո Խոջայանն ընկել է Չարենցավանի մոտով անցնող ջրանցքը: Այդ օրվանից ջրանցքի երկայնքով մեկ փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում, սակայն երեկվա դրությամբ երիտասարդին դեռեւս չէին գտել: Նրա եղբոր պատմելով՝ դեպքի օրը, ժամը 23-ի սահմաններում, Կարոն զանգել է եւ հրաժեշտ տվել հարազատներին: Կարոյի ավտոմեքենան գտել են Գյումուշ ՀԷԿ-ին պատկանող կամրջի վրա:
Տղան ինքնասպանության փո՞րձ է արել, թե՞ պատահաբար է ընկել ջուրը՝ «Առավոտի» հարցին ՀՀ ոստիկանությունից պատասխանեցին, որ առայժմ հանգամանքները պարզվում են եւ նախապատրաստվում են նյութեր:
Միջադեպի հաջորդ օրը ՀՀ փրկարար ծառայությունը տարածեց Կ. Խոջոյանի՝ ջրանցքն ընկնելու մասին լուրը, սակայն, ինչպես մնացած նմանօրինակ դեպքերում, այս անգամ էլ ծառայության հաղորդագրության մեջ ոչ մի տող չկար այն մասին, որ Կարոն, հայտնվելով ջրանցքի մոտ, խախտել է էներգետիկ բնագավառի օբյեկտներին պատկանող անվտանգության գոտին, ինչն էլ նրա՝ ջուրն ընկնելու պատճառն է դարձել: Սա խոսում է այն մասին, որ մեր երկրում սովորական քաղաքացուց, փրկարարից, թաղային տեսուչից, գյուղապետից, մարզպետից, նախարարներից սկսած մինչեւ վարչապետ, որքան անլուրջ են վերաբերվում այս կամ այն տարածքում առկա անվտանգության գոտիներին: Մինչդեռ, եթե օրենքով խոսենք, վերը թվարկված բոլոր անձինք էլ հերթով պատասխանատու են այդ գոտիներում հայտնվելու արդյունքում մահացած մարդկանց համար: Ըստ վիճակագրության, հենց այդ գոտիները խախտելու պատճառով տարեկան 7-8 դժբախտ դեպք է տեղի ունենում: Օրերս էլ «Առավոտն» (02. 07 2010թ.) իր «Կամուրջ չէր, հեղեղատար էր» հրապարակման մեջ անդրադարձել էր Գեղամավան գյուղի ջրանցքն ընկած 38-ամյա բնակիչ Հայաստան Խաչատրյանի հետ կատարված դժբախտ դեպքին: Կինը ջուրն էր ընկել ջրանցքի հեղեղատարի վրայով անցնելիս:
Նշենք, որ անվտանգության գոտիները խախտվում են հանրապետությունով մեկ եւ ընդամենը մի քանի բնակավայրերում շրջելով կարելի է պատկերացում կազմել, թե մեր երկրում ընդհանրապես ինչպիսի անուշադրության է մատնված այդ հարցը:
Երեկ «Առավոտը» էներգետիկ ոլորտի մասնագետի հետ շրջեց Կոտայքի մարզի Նոր Հաճն, Նոր Գեղի, Գետամեջ, Արզնի բնակավայրերում եւ Արաբկիր համայնքի Կորեայի ձոր եւ Քանաքեռ ՀԷԿ թաղամասում առկա էներգետիկ կառույցներին պատկանող անվտանգության գոտիներում: Մի շարք կառույցների անգործության հետեւանքով, այդ գոտիներն օգտագործվում են որպես կամուրջ, լողավազան, գերեզմանատուն. քաղաքացիներն այդ տարածքներում վարուցանք են անում, այգի մշակում, անգամ՝ տուն կառուցում:
Տասնյակ տարիներ այդ գոտիներում գործունեություն ծավալող բնակիչներին որեւէ մարմին չի նեղացնում, չի զգուշացնում, որ նրանց կյանքին վտանգ է սպառնում, ավելին՝ շատ դեպքերում հենց այդ գոտիներում ապօրինի հողհատկացումներ են արվում, շինթույլտվություններ տրամադրվում: Մեր այցելած տարածքներում գրեթե ոչ մի տեղ էներգետիկ օբյեկտներից պահպանված չէր նորմատիվներով սահմանված 8 մետր հեռավորությունը: Տներ կային, որոնք կառուցված էին անմիջապես ջրանցքների եզրին: Մասնագետների ներկայացմամբ, այդ կառույցները, ծանրություն հանդիսանալով ջրանցքի պատերի համար, տարեցտարի թուլացնում ու քայքայում են դրանք՝ սպառնալով ջրանցքի փլուզմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել