Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ» ԽԱՂԵՐ

Օգոստոս 25,2010 00:00

Կամ՝ ինչպես է բաշխում գումարները «Հայհեղինակը»

\"\"

Սոնա Շահգելդյանը «Նովայա վոլնա» մրցույթում բարձրագույն միավորներ ստացավ Մարտին Միրզոյանի երգի համար:

Վերջերս Յուրմալայում կայացած «Նոր ալիք-2010» միջազգային երաժշտական մրցույթում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նրա «Կորուստ, թե գանձ» երգն էլ հնչեց ռուսական բոլոր հեռուստաալիքներով, իսկ այդ երգի երաժշտության հեղինակը Մարտին Միրզոյանն է: Վերջինից հետաքրքրվեցինք՝ ինքը որպես «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հ/կ-ում գրանցված հեղինակ, ստացե՞լ է համապատասխան գումար, եթե այո, ապա՝ որքա՞ն: Մանավանդ՝ «Հայհեղինակի» տնօրեն Սուսաննա Ներսիսյանը ասուլիսներին հայտարարում է, որ եթե տվյալ մարդու ստեղծագործությունը հնչում է անգամ Հայաստանի սահմաններից դուրս, իրենց կազմակերպությունը հետեւողական է, հեղինակի՝ գումար ստանալու հարցում: Մ. Միրզոյանն ասաց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, չգիտի, թե ինչ սկզբունքով է գումարը հաշվարկվում: Հիշում է, որ այդ հ/կ-ից մի օր կանչել, առաջարկել են համագործակցել, ինքն էլ համաձայնել է: Հետաքրքրվեցինք՝ տարվա կտրվածքով որքա՞ն գումար է ստանում, երբ իր երգերը հնչում են ռադիոյով կամ TV-ներով: Մարտինն ասաց, որ այն շատ սիմվոլիկ է, Հայաստանի նվազագույն աշխատավարձից էլ ցածր: «Ճիշտ է, դա ինձ համար ապրուստի միջոց չէ, բայց լավ կլինի, որ նման հարցերին ավելի լուրջ մոտենան… Ես մտադիր եմ դուրս գալ այդ կազմակերպությունից: Խնդիրը գումարի փոքրությունը չէ, այլ շահերի պաշտպանության հարցը»,- «Առավոտին» ասաց Միրզոյանը:

Այցելեցինք «Հայհեղինակի» www.armauthor.am կայք, որտեղ փաստվում է, թե այն հեղինակների հ/կ է՝ ստեղծված իր անդամների հոգեւոր, ոչ նյութական պահանջները բավարարելու եւ գույքային իրավունքները խթանելու նպատակով: Նշված է, որ կազմակերպությունը գործում է ՀՀ ողջ տարածքում եւ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Ըստ կայքի, օրենքով սահմանված կարգով կազմակերպությունն իրականացնում է անդամների ստեղծագործությունների նկատմամբ հեղինակների իրավունքների ապահովումը, ներկայացնում է իր անդամների օրինական շահերը դատարանում, պետական, ոչ պետական ու հասարակական մարմիններում եւ կազմակերպություններում եւ այլն: «Հայհեղինակը» նաեւ «օրենքով սահմանված կարգով հավաքում, բաշխում եւ վճարում է հեղինակային վարձատրություն՝ հեղինակների կողմից տրված լիազորությունների սահմաններում», «վարում է բանակցություններ եւ իր իրավասության սահմաններում կնքում համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության պետական մարմինների եւ կազմակերպությունների, ինչպես նաեւ օտարերկրյա ոչ առեւտրային եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ իր անդամների ստեղծագործություններն օգտագործելու վերաբերյալ: Կազմակերպության անդամն իրավունք ունի ստանալ սպառիչ տեղեկատվություն կազմակերպության գործունեության մասին, որի միջոցները գոյանում են նաեւ անդամավճարներից»:

«Առավոտը» կապվեց «Հայհեղինակի» տնօրեն Սուսաննա Ներսիսյանի հետ, պարզելու, ի վերջո, Մ. Միրզոյանը Յուրմալայում հաղթած եւ «դրսի» TV-ներով ու ռադիոկայաններով բազմիցս հնչած իր երգի համար գումար ստացե՞լ է, թե՝ ոչ: Տիկին Ներսիսյանն ասաց, որ շատ լավ աշխատում են Ռուսաստանի հետ, Լատվիայի հետ էլ ունեն համապատասխան պայմանագիր. «Եթե Լատվիան գումարը չուղարկի, բողոք կգրենք: Ըստ օրենքի, լինի Ռուսաստան, թե Լատվիա, Մարտին Միրզոյանը պե՛տք է ստանա գումարը»: Գումարի չափը նա չհրապարակեց, ասելով՝ «Ինչու ուրիշի գրպանը մտնենք»: Հայաստանյան եթերների դեպքում էլ, նրա խոսքով, կա հստակ սահմանված դրույքաչափ՝ եկամուտի մեկ տոկոսը կամ 100 000 դրամ ամեն ամիս, որը բաշխվում է հեռուստա կամ ռադիոընկերության ներկայացրած ցանկի վրա: Տիկինն ասաց, որ, օրինակ, «Եվրատեսիլի» պարագայում Հունաստանից են լավ գումարներ ստանում, որի չափը հրապարակման ենթակա չէ: Ինչ վերաբերում է Մ. Միրզոյանին, Ներսիսյանի խոսքով, նա նույնիսկ անդամավճար չի տալիս, մի բան էլ իրենք են վճարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել