Լրահոս
Օրվա լրահոսը

Հավակնում է միջազգային դառնալ

Սեպտեմբեր 08,2010 00:00

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության 2-րդ մրցաշարը, որը շարունակվելու է մեկ ամիս: Նախաձեռնողը կառավարությունն է, իրականացնողը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:

Մրցաշարը մեկնարկել է անցած տարի եւ, բացի ընդհանրապես հանրապետությունում ֆիզկուլտուրային- առողջարարական աշխատանքներն աշխուժացնելուց, հետապնդում է հատկապես կառավարման մարմինների աշխատակիցներին ֆիզկուլտուրային-առողջարարական շարժման մեջ ներգրավելու, նրանց ֆիզպատրաստվածությունն ակտիվացնելու, «Առողջ Հայաստան» կարգախոսը երկրում տարածելու նպատակներ: Հանրապետության ղեկավար այրերը ոչ միայն պետք է ամբիոններից քարոզչությամբ զբաղվեն, այլեւ դառնան իրենց իսկ խոսքերի առաջին իրականացնողը: Մրցաշարը հավակնում է նաեւ դառնալ միջազգային եւ կրել «ԱՊՀ երկրների վարչապետների գավաթ» անվանումը, որի անդրանիկ մրցումը կկազմակերպվի Հայաստանում:

Մրցումների՝ նախորդ օրը կայացած վիճակահանությունից հետո զրուցեցինք կազմկոմիտեի անդամ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հետ:

– Մրցաշարին ովքե՞ր են մասնակցում:

– Պետական գերատեսչական մարմինների 17 թիմեր:

– Մրցաշարը քանակական առումով բավականին ներկայացուցչական է, որի կազմակերպման համար ֆինանսական լուրջ ներդրումներ են պահանջվում: Ինչպե՞ս են գոյացել գումարները:

– Թիմերի մասնակցության անդամավճարներից եւ որոշակի հովանավորչությունից: Պետական բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել: Օրինակ, մրցավարությունն ու գնդակներն ապահովում է ֆուտբոլի ֆեդերացիան, «Հրազդան» մարզադաշտը սիրով անվճար տրամադրել է տնօրինությունը, իսկ Աբովյանի, Աշտարակի եւ Արտաշատի խաղադաշտերը վարձակալել ենք նշածս գումարների հաշվին:

– Այդ ամենի համար հավաքված գումարները բավականացնո՞ւմ են:

– Ավելին ասեմ: Մրցանակակիր թիմերի համար, բացի գավաթներից, մեդալներից եւ դիպլոմներից, սահմանել ենք նաեւ թիմային՝ խոշոր դրամական, ինչպես նաեւ անհատական նյութական մրցանակներ: Նյութապես կպարգեւատրվեն նաեւ առանձին նոմինացիաներում հաղթողները:

– Խաղերն անցկացվելու են նաեւ մայրաքաղաքի մոտակա քաղաքներում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Երկու պատճառ կա: Առաջինը, որպեսզի առայժմ գոնե Երեւանի հարեւանությամբ ապրող մեր հայրենակիցները ֆուտբոլ տեսնեն, այն էլ՝ կառավարության աշխատակիցների կատարմամբ: Դա, համոզված ենք, կնպաստի մարզերում մասսայական սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլի տարածմանը: Երկրորդ, Երեւանում ազատ խաղադաշտերի խնդիր կա: Եղած դաշտերում հանրապետության առաջնությունների հանդիպումներ են անցկացվում ու մեզ անհրաժեշտ ժամերին դրանք զբաղված կլինեն:

– Մասնակից թիմերի ցուցակում բացակայում են մարզպետարանները, որոնք տեղերում իրականացնում են կառավարության տարածքային քաղաքականությունը: Ինչո՞ւ:

– Անկեղծ ասեմ: Մարզպետարաններից, քաղաքապետարաններից եւ տեղական ինքնակառավարման մյուս լիազոր մարմիններից մասնակցության ցանկություններ ստացել ենք: Բայց քանի որ վարչապետի գավաթի երկրորդ խաղարկությունը մենք առայժմ դիտարկում ենք վերջնական կայացման տեսանկյունից, կազմկոմիտեի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի մոտ հրավիրված թիմերի ներկայացուցիչների հետ խորհրդակցությունում որոշեցինք առայժմ բավարարվել ընդունված ձեւաչափով: Այդ խնդիրն արդեն իսկ ապագայի գործնական քննարկման առարկա է եւ, կարծում եմ, հետագայում դրական լուծում կստանա:

– Մրցաշրի ընթացքում կազմակերպական բոլոր հարցերը լուծվա՞ծ են լինելու:

– Եթե նկատի ունեք բուժսպասարկումը, անվտանգությունը եւ նման հարցեր, վստահեցնում եմ, որ ամեն բան համապատասխանում է ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի պահանջներին եւ ամրագրված է մրցաշարի կանոնադրությունում:

– Նախարարությունների թիմերում հայտավորված առաջին դեմքեր կա՞ն, թե՞ թիմերը հավաքագրվել են միջին եւ շարքային աշխատողներով: Այլ կերպ ասած, գալիս են, պարզապես, մասնակցելո՞ւ համար:

– Առաջին մրցաշարում մի քանի նախարարներ էին խաղում: Հիմա նախարարներ կխաղան, թե ոչ, հստակ չեմ կարող ասել: Բայց որ փոխնախարարներ լինելու են, հաստատ է: Մրցաշարին, դրա նպատակներին լուրջ կարեւորություն է տալիս վարչապետը: Նա կազմակերպական խնդիրները պահում է իր վերահսկողության ներքո: Այնպես որ, սա հաստատ «գալոչկայի» համար միջոցառում չէ:

– Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը իր միջոցառմանն ինչո՞ւ չի մասնակցում:

– Քանի որ հենց մեր նախարարությունն է Հայաստանում մասսայական սպորտի զարգացման խնդիրներով զբաղվում եւ այդ պատճառով իր կառուցվածքում ունի նաեւ ֆուտբոլային խնդիրներով զբաղվող պրոֆեսիոնալներով համալրված համապատասխան օղակներ, նպատակահարմար համարեցինք ինքներս չմասնակցել: Ինչո՞ւ: Որովհետեւ, մտածեցինք, որ մրցաշարի ավարտին առաջատարների մեջ եթե չասենք՝ հաղթողի հիմնական հավակնորդ, լինելու մեծ հավանականություն կունենայինք, ինչը կարող էր ճիշտ չընկալվել: Բայց, կարծում եմ, այս հարցը եւս կկարգավորվի:

– Ֆուտբոլասերների մուտքը վճարովի՞ է:

– Ոչ: Մեր նպատակը նրանց մարզաձեւի հետ ավելի շատ հաղորդակից, իսկ հետագայում նաեւ՝ գործուն մասնակից դարձնելն է: Եվ այդ հարցում լուրջ աջակցություն ենք ակնկալում լրատվամիջոցներից: Ցանկանում ենք, որպեսզի հնարավորին չափ լայն լուսաբանվի այս նախաձեռնությունը: Գրեք, ցուցադրեք: Ու պարտադիր չէ, որ միայն լավի մասին ասվի: Եթե կան թերություններ, դրանց մասին էլ ասեք: Դա կօգնի մեզ՝ վերացնել թերություններն ու վրիպումները: Արդյունքում՝ կշահեն թե մրցաշարը, թե մասնակիցները եւ թե ֆուտբոլասերները: Ի դեպ, մրցաշարի ավարտին հնարավոր է, որ առավել լայն լուսաբանած լրատվամիջոցների եւ լրագրողների համար մեր կազմկոմիտեն անակնկալներ մատուցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել