Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔՆ Է

Սեպտեմբեր 16,2010 00:00

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ երեկ հանդիպել են իշխանության ներկայացուցիչները՝ հանձինս ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանի, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի, ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանի, ԿԸՀ-ից Գարեգին Ազարյանի եւ Աբրահամ Բախչագուլյանի: Հանդիպմանը մասնակցել է նաեւ իրավաբան Հրայր Թովմասյանը, որը թերեւս «Ընտրական օրենսգրքի» մշակվող փոփոխությունների հեղինակներից է:
Նաիրա Զոհրաբյանը պատմեց. «Փորձագետներն ասացին, որ ընտրական հանձնաժողովների կազմավորման առաջարկվող 2 տարբերակներն էլ զգալի առաջընթաց են գործող օրենքի համեմատ: Սակայն բազմիցս շեշտադրեցին, թե քաղաքական կամքի առկայության պայմաններում հնարավոր է ապահովել արդար ընտրություններ նաեւ գործող օրենքով: Եվ իրենք համարում են, թե խնդիրը ոչ թե  օրենսդրությունն է, որն, իհարկե, կարիք ունի բարելավման, այլ խնդիրը դիտարկում են քաղաքական կամքի եւ ընտրական գործընթացի հանդեպ հանրային վստահության համատեքստում:
ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետն ասաց, թե իրենց մի քանի դիտողություններ հաշվի առնված չեն՝ մասնավորապես, խոսեց մատների թանաքոտման մասին: Չեմ կարծում, թե այդ տարբերակը մեզ համար շատ ընդունելի է: Մենք առաջարկել ենք անձնագրերում կնիքներ դնելու մեխանիզմը: Փորձագետն էլ ասաց, թե ընտրությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք, եւ չի կարելի նման կնիքներ դնել: Բայց երբ նրան ասացինք, թե այդ կնիքներն օքսիդացվող են, եւ 24 ժամվա ընթացքում օքսիդանում են՝ կարծես թե, այլեւս վերապահում չունեցավ:
Նրանք ասացին, թե սա ընդամենը աշխատանքային խորհրդակցություն է, եւ իրենք պաշտոնական որեւէ տեսակետ չեն ներկայացնելու՝ մինչեւ պաշտոնապես չուղարկվի վերջնական տարբերակ: Իսկ թե ընտրական հանձնաժողովների կազմավորման ո՛ր տարբերակը կընտրենք՝ ասացին, թե իրենց համար բացարձակապես տարբերություն չկա, երկուսն էլ ընդունելի են: Միայն հանձնաժողովները պետք է լինեն հավասարակշռված, եւ էլի կրկնեցին՝ կարեւորը, որ լինի կամք՝ արդար ընտրություններ ապահովելու»:

Հ. Գ. Ի դեպ՝ ըստ տիկին Զոհրաբյանի, Դավիթ Հարությունյանն այս հանդիպման ժամանակ ասել է, թե Հայաստանում ամենաարդար ընտրություններն անցկացվել են ամենավատ ԸՕ ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել