Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՍ»՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Սեպտեմբեր 17,2010 00:00

Բեմադրիչը հավակնություններ չունի

Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման պրեմիերայով ազդարարվեց Մայր թատրոնի 88-րդ թատերաշրջանի բացման եւ Երեւանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկի մասին: 2 մասից բաղկացած ողբերգության բեմադրությունը, նկարչական եւ երաժշտական ձեւավորումները կատարել էր երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալյանը: Նա հայ թատերական ասպարեզում արդեն ճանաչում է ձեռք բերել ԳԱԿ-ի Փոքր թատրոնում ներկայացրած իր բեմադրություններով: Բեմադրության դերասանական հիմնական կազմը Սունդուկյան թատրոնից էր, Մակբեթի դերում հանդես եկող ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը, Լեդի Մակբեթը՝ Վիվյեն Բաստաջյանը, Մակդուֆի դերակատար ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը եւ Դունկանի դերակատար Վիգեն Ստեփանյանը հրավիրված էին: «Առավոտի» հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ իր բեմադրությունը հիմնված է լեգենդի վրա. «Կարծում եմ, որ լեգենդների, առասպելների նկատմամբ մարդիկ որոշակի վերաբերմունք ունեն: Այս կերպ, ներկայացման միջոցով խրատը, դասը կարող եմ հասցնել հանդիսատեսին»: Չնայած սրան, փաստենք, որ փակցված ազդագրերում միայն Շեքսպիրի անունն էր նշված:

Ներկայացման պրեմիերային դահլիճը հանդիսատեսի պակաս չուներ, երիտասարդ ռեժիսորի բեմադրությանը ներկա էին նաեւ քաղաքական մի շարք գործիչներ, այդ թվում՝ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, Սամվել Նիկոյանը, այլք: Ռեժիսորի երիտասարդ լինելու եւ շեքսպիրյան բեմադրություն ներկայացնելու փաստը թատրոնի որոշ գործիչների, ինչպես նաեւ լրագրողական շրջանակում մինչ պրեմիերան հասցրել էր քննադատության արժանանալ: Մասնավորապես Լեւոն Մութաֆյանը իր հրապարակումներից մեկում ասել էր. «Նա (Վահան Բադալյանը– Լ. Խ.) դեռ մի քանի տարի իր իսկ ղեկավարած «Փոքր թատրոնում» պետք է խորացնի գիտելիքներն ու արհեստավարժ հատկանիշները, ապա նոր մղվի մեծ բեմ ու Սունդուկյանի անվան թատրոն…»: Երիտասարդ բեմադրիչից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորում իր մասին հնչեցված նման կարծիքները: Նա պատասխանեց. «Շատ տարբեր դրդապատճառներից ելնելով են մարդիկ քննադատական, երբեմն նաեւ չար խոսքեր ասում, ես դրական մարդ եմ եւ փորձում եմ նման բաների վրա չկենտրոնանալ»: Հարցրինք նաեւ, թե հնարավո՞ր է, արդյոք, որ մի օր աշխատի Սունդուկյանի թատրոնում: Վ. Բադալյանն ասաց, որ իր ղեկավարած «Փոքր թատրոնը» սիրում է եւ կմնա ու կաշխատի այդտեղ: «Բայց չեմ կարծում, որ մեծ բեմում արված բեմադրությունը ինչ-որ բանով զիջում կամ տարբերվում էր այստեղ արված նախկին բեմադրություններից»,- ասաց նա ու հավելեց, որ մտահղացումներ եւ հրավերներ լինելու դեպքում չի հրաժարվի նաեւ Սունդուկյանում աշխատելուց: «Բայց որեւէ հավակնություն չունեմ, որովհետեւ որոշ մարդիկ փորձում են դրան ուրիշ մեկնաբանություններ տալ»: Հարցրի՝ արդյո՞ք նոր շեքսպիրյան ներկայացումներ էլի կբեմադրի, նա պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա, Շեքսպիր շատ սիրում եմ եւ չի բացառվում, որ այլ ներկայացումներ էլ բեմադրեմ»: Նա նաեւ խոստովանեց, որ մեծ բեմն իրեն «չի վախեցրել». «Ռեժիսորի համար մեծ կամ փոքր հասկացություն գոյություն չունի, կարող եմ լուցկու տուփի վրա էլ, օպերայում էլ, մարզադաշտում էլ ներկայացում բեմադրել: Կարեւորը, որ ունես ասելիք, մտահղացումներ, սեր՝ մասնագիտությանդ հանդեպ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930