Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՎԱՆԻ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆԻ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ՔԵՖ ԿԱՆԵՆ

Հոկտեմբեր 12,2010 00:00

Իսկ մյուս հոգեբուժարաններում բուժվողները տոնական օրը բավարարվել են պարզապես շնորհավորանքներով

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 10-ին, Հոգեկան առողջության համաշխարհային օրն էր: Թվում էր, թե այդ օրը պետք է մեծ ուշադրություն դարձնեին հոգեկան հիվանդներին, հոգեբուժարանում տոնական միջոցառումներ անցկացնեին՝ նրանց ուրախացնելու համար, կամ գոնե տոնական ճաշացանկ լիներ: Սակայն Հայաստանում այն նշվեց որպես, այսպես ասած՝ «չոր ու ցամաք» տոն, եւ առանձնապես քեֆ-ուրախություն կամ հատուկ ուշադրություն հիվանդների նկատմամբ չեղավ: Պատճառն այն չէ, որ մեր հոգեկան հիվանդների համար ափսոսում են բյուջեից մի քանի կոպեկ ծախսել կամ մտածում են, որ հիվանդներին դա առանձնապես չի հետաքրքրի, պարզապես մեզ մոտ հոկտեմբերի 10-ը համարում են ոչ թե տոն, այլ՝ տեղեկացվածության օր: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Հայաստանի հոգեբույժների ասոցիացիայի նախագահ եւ Հոգեբուժական բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սողոյանը, «Այդ օրը մենք հեռուստատեսությամբ հաղորդումներ եք պատրաստում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց մասին, քննարկումներ ենք կազմակերպում եւ փորձում մարդկանց գիտակցությունն այդ թեմայի մասին բարձրացնել»: Այս տարի այդ «տեղեկացման միջոցառումները» նվիրված են շաքարախտով, քաղցկեղով հիվանդ մարդկանց մոտ առաջացած տարբեր հոգեկան խանգարումներին: Ա. Սողոյանի խոսքերով՝ «Այդ հիվանդներից ամեն 5-ից 3-ի մոտ նվազագույնը դեպրեսիվ խանգարում է լինում»:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2010-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հոգեկան տարբեր խնդիրներով տառապող շուրջ 44 400 հիվանդ կա, որոնց մոտ ախտորոշվել է մտավոր հետամնացություն, շիզոֆրենիա, շիզոտիպիկ եւ զառանցանքային խանգարումներ եւ այլն: Միայն հոգեակտիվ նյութերի՝ ալկոհոլի, թմրամիջոցների օգտագործման հետ կապված՝ 864 մարդ այսօր տարբեր հոգեկան եւ վարքային խանգարումներ ունի: Ընդ որում, սրանք պաշտոնական թվերն են, հոգեկան հիվանդների իրական թիվը շատ ավելի մեծ է: Շատերն իրենց հարազատի հոգեկան հիվանդությունը թաքցնում են, երբեմն նրան փակում են սենյակում, որպեսզի «մարդամեջ» դուրս չգա ու ընտանիքին «խայտառակ» չանի:
Թեեւ վերջին շրջանում պարբերաբար խոսվում է, որ սթրեսներով լի այս ժամանակաշրջանում հիվանդների թիվն ավելացել է, եւ 2020-ին արդեն դեպրեսիան կլինի աշխարհի ամենատարածված հիվանդությունը, սակայն պարոն Սողոյանը գտնում է, որ Հայաստանում նրանց թվի ավելացումն ավելի շատ բացահայտման հետ է կապված. «Դիմելիությունն է մեծացել, որովհետեւ հասարակության վերաբերմունքն է փոխվել: 20 տարի առաջ հոգեկան հիվանդն այլ բան էր նշանակում, հիմա՝ այլ: Իհարկե, հիմա էլ խուսափում են հոգեկան հիվանդ ունեցող ընտանիքից աղջիկ ուզել կամ հարս գնալ այդ տուն, բայց, ընդհանուր առմամբ, դրական տեղաշարժ կա: Մարդիկ առաջ շատ էին ամաչում բժշկի դիմել, հիմա գիտակցում են, որ ավելի լավ է շուտ դիմեն՝ խնդիրը լուծեն, քան թողնեն խորանա»:
Մեր փողոցներում հաճախ կարելի է հանդիպել հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց, որոնք իսկապես վտանգ են ներկայացնում հասարակության համար: Երբ հարազատներին հարցնում ես, թե ինչո՞ւ չեն տանում հոգեբուժարան, ասում են՝ 1-2 ամսից նորից դուրս են գրում՝ տեղ չկա, ցրում են: Այս առնչությամբ մեր հարցին, որ եթե հոգեկան հիվանդներից այսօր մեր երկրում տեղ ու դադար չկա, ինչո՞ւ եք ուզում նոր հիվանդներ հայտնաբերել, եթե նրանց չեն կարողանալու տեղավորել՝ պարոն Սողոյանը պատասխանեց, որ «հիվանդների համար տեղ կա, պարզապես հոգեբուժական ծառայությունների որակը երկրի վիճակին համապատասխան է, ֆինանսական խնդիրներ շատ կան, իսկ այդ բեռը լրիվ պետության վրա է»:
Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանը մեզ հետ զրույցում նույնպես փաստեց, որ պայմանները գոհացուցիչ չեն, որ հիվանդները լեփ-լեցուն են, իսկ աշխատողներ չկան: Հոկտեմբերի 10-ը այդ դիսպանսերում ընդհանրապես չէր նշվել. «Ամեն տարի կոլեկտիվով նշում ենք, հիվանդներին հայտնում ենք, թե ինչ օր է, բայց այս տարի կիրակի էր, ու դա էլ չարեցինք»: Մեր հարցին՝ կոլեկտիվի հետ քեֆին հիվանդներ մասնակցո՞ւմ են, նրանց վրա այդ օրը որեւէ կերպ անդրադառնո՞ւմ է՝ պարոն Վարդանյանն ասաց, որ՝ ոչ. «Տոպրակներ տալիս ենք միայն Նոր տարվա կապակցությամբ»: Ի տարբերություն հանրապետության մի շարք հոգեբուժարանների, Հոգեկան հիվանդների համաշխարհային օրը Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում իսկական տոն են համարում ու այդ օրը հիվանդների հետ կարգին քեֆ են անում: Համենայնդեպս, մեզ հետ զրույցում այդպես վստահեցրեց հիվանդանոցի գլխավոր տնօրեն Գագիկ Կարապետյանը. «Մենք այս տարի նշելու ենք ոչ թե կիրակի, այլ՝ երեքշաբթի, համեցեք, լինելու է երգ, պար, ուրախություն: Մեզ մոտ մատուցվող սնունդը միշտ բարձր մակարդակի վրա է, եւ այդ օրն էլ կլինի մսեղեն՝ հավ կամ ձուկ»: Նշենք, որ ստացիոնար համակարգում յուրաքանչյուր հիվանդի բուժման համար պետությունն օրական հատկացնում է 5350, խնամքի համար՝ 3400 դրամ, այսինքն՝ հիվանդների համար ինչ քեֆ էլ որ կազմակերպելու լինեն, այն պետք է լինի այդ գումարի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել