Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՁՈՒԿ ԿԱ, ՈՉ ԷԼ ՊԱՇԱՐ

Հոկտեմբեր 12,2010 00:00

«Այսպիսի վատ վիճակ, ինչպիսին ունենք այս վերջին տարիներին՝ Սեւանա լճի ձկնային պաշարների հետ կապված, Սեւանի պատմության մեջ դեռ չի գրանցվել: Սեւանում միշտ եղել է որեւէ ձկնատեսակ, որն ունեցել է արդյունագործական նշանակություն, սակայն այսօր Սեւանում արդյունագործական նշանակության ձկնատեսակներ չունենք եւ պաշարներ էլ չկան»,- երեկ ասուլիսում նման կարծիք է հայտնել ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
Ըստ նրա, ձկների հիմնական ոչնչացման պատճառը ձկնագողությունն է եւ լճի մակարդակի իջեցումը: Պարոն Գաբրիելյանը վստահեցրել է, որ առանց համալիր միջոցառումներ իրականացնելու՝ անօգուտ է լիճ բաց թողնել մանր ձկներ, քանի որ մի կողմից պաշարները համալրվում են, իսկ մյուս կողմից՝ որսագողերն այն հանում:
Բ. Գաբրիելյանի տվյալներով, այժմ լճում ձկան պաշարները կազմում են 180 տոննա, մինչդեռ 1980-ականներին այն հասնում էր 30 հազար տոննայի:
Ինստիտուտի տնօրենը նաեւ նշեց, որ ներկայումս Սեւանում սիգի արդյունագործական պաշար գոյություն չունի. «Այսօր մեր արժեքավոր ձկնատեսակներից՝ իշխանը, կողակը, բեղլուն արդյունագործական պաշարներ չունեն: Օրինակ, իշխան ձկնատեսակի պաշարը խզվեց, քանի որ լճի մակարդակը մի քանի տարի առաջ իջել էր, որի արդյունքում ձվադրավայրերը մնացել էին ափերին եւ չորացել: Բացի այդ, այսօր ոչ մի միջոցառում չի իրականացվում, որպեսզի պայքարեն ձկնորսության դեմ: Շուկաներում մենք կարող ենք ականատես լինել, որ ոչ միայն սիգ են վաճառում, այլեւ սիգի ձկնկիթ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել