Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱԽԱԾ» ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ՝ «ՓԱԽԱԾ» ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հոկտեմբեր 26,2010 00:00

«Daeron» մետալ խումբը Վրաստանում ներկայացրեց Հայաստանը

\"\"

Հոկտեմբերի 17-ին Վրաստանում կայացած «Blitzkrieg» միջազգային մետալ փառատոնում Հայաստանը ներկայացել է black metal պրոպագանդող «Daeron» խմբով: Խմբի անդամները «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ իրենց վրացիները դիմավորել ու ճանապարհել են «հայավարի»:
Խմբի ղեկավար, առաջին կիթառահար Վլադիմիրը պատմեց, որ փառատոնի կազմակերպիչներին ու մասնակիցներին զարմացրել է այն, որ Հայաստանում այդ աստիճան զարգացած է մետալ ոճը:
«Այն երաժշտությունը, որ մենք ենք ներկայացնում՝ մետալ ուղղությունների եւ բլաք պրոգրեսիվ մետալի խառնուրդ է»,- ասում է Վլադիմիրը:
Ինչ վերաբերում է Վրաստանում կայացած փառատոնին, խմբի ղեկավարն ասաց. «Դա միջազգային մետալ խմբերի փառատոն էր: Հայաստանից միայն մենք չէինք: Եվս մեկ խումբ կար: Փառատոնը կայացավ Թբիլիսիի ամենահայտնի գիշերային ակումբում՝ «Night lights»-ում: Մենք գնացել էինք մեր հնչունային ռեժիսորի հետ, ով նաեւ «դրեց» մյուս խմբերի ձայները: Այս երեւույթը ցնցել էր վրացիներին: Նրանք խոստովանեցին, որ նման որակի մասնագետ իրենց մոտ չկա»:
Հարցին՝ ինչո՞վ է առանձնանում խումբը մյուս նմանատիպ հայկական խմբերից, կես կատակ, կես լուրջ «Daeron»-ի անդամները միաբերան պատասխանեցին. «Հայաստանում մետալ խումբ չկա…»: Վլադիմիրը նշեց. «Ոչ մի խմբի կազմում, ի տարբերություն մերի, թավջութակ չես գտնի: Մերը «փախած» երաժշտություն է եւ հենց դրանով է առանձնանում մյուսներից»: Վլադիմիրի խոսքով, իրենք ամենապրոֆեսիոնալ խումբն են Հայաստանում՝ մետալ ոճում:
Մեղմելով Վլադիմիրի խոսքը, խմբի անդամ Վարդանը (ստեղնաշարային գործիքներ) հավելեց. «Ինձ թվում է՝ ճիշտ չէ ասել՝ ընդհանրապես չկան մետալ խմբեր, որպեսզի ոչ ոք մեզանից չնեղանա: Կան, բայց քիչ են: Մենք յուրահատուկ ենք նրանով, որ ստանդարտից դուրս ենք, հետաքրքրվում ենք երաժշտության տարբեր ուղղություններով, օգտագործում ենք տարբեր գործիքներ՝ թավջութակի գլխավորությամբ, որը «փախած» է մետալ ոճի համար»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տարածում ունի մետալը Հայաստանում եւ սիրվա՞ծ է արդյոք հանրության կողմից: Վարդանի համոզմամբ, շուտով այն կլինի նույնքան սիրված, որքան մյուս ժանրերը. «Նախկինում ինչպես մեր, այնպես էլ հանրության մեջ կար տարածված կարծիք, թե մետալ լսում են միայն երիտասարդները, կամ ավելի կոնկրետ՝ դեռահասները: Գուցե զարմանալի թվա, բայց վերջերս համերգների ժամանակ հանդիսատեսի շարքերում արդեն նկատում ենք տարիքով եւ դիրքով մեծ մարդկանց: Սա շատ հաճելի է մեզ համար: Նշանակում է՝ մեր երաժշտությունը ինտելեկտուալ է եւ գրավում է ինտելեկտուալ մարդկանց: Կայացած մասսա կա՝ մետալ լսող, որոնք ոչ միայն գալիս են մեր համերգներին, որովհետեւ «կայֆ ա», մետալ ա, գարեջուր եւ այլն, այլ՝ դա իսկապես նրանց հետաքրքրում է…»:
Անդրադառնալով վրացական մետալ ոճին, երիտասարդ երաժիշտները շեշտեցին, որ Հայաստանում այդ ուղղությունն ավելի պրոֆեսիոնալ հիմքեր ունի: Վարդանն ասաց. «Շատ են խոսում, թե վրացիները մեզանից առաջ են, զարգացած, մենք անելիք ունենք նրանց հասնելու համար: Այս փառատոնի շրջանակներում համոզվեցինք, որ նրանք աճելու տեղ ունեն՝ երաժշտության առումով: Գուցե մենք այդքան հնարավորություններ չունենք մեծ շուքով փառատոներ կազմակերպելու, լսարան ապահովելու, մեծ դահլիճներ լցնելու առումով, բայց որակյալ երաժշտությունը միանշանակ մեզ մոտ է: Միջազգային փառատոնի մասնակից խմբերի մեջ չգտնվեց մեկ հնչունային ռեժիսոր, որ ապահովեր այնպիսի ձայն, ինչն արեց մեր ընկերը: Ամբողջ փառատոնի հնչունային ռեժիսուրան վստահվեց նրան, ինչն ուղղակի պարծանք էր մեզ համար: Որքան էլ բղավենք՝ Վրաստանին չենք հասնի, միեւնույն է՝ Հայաստանում ձայնային տեխնիկան ավելի զարգացած է, հնչունային ռեժիսորներ, պրոֆեսիոնալ երաժիշտներ, անգամ փառատոնի մասնակիցները փաստեցին, որ երբեք նման հնչողություն չեն ունեցել: Մենք ունենք որակ, ուղղակի չկա կիրառման դաշտ, հնարավորություն՝ դրսեւորվելու»:
Խմբի թմբկահար Հարութը հավելեց. «Մենք հպարտանալու լիքը տեղ ունենք: Երբ դուրս ես գալիս Հայաստանի սահմաններից, հասկանում ես, որ հավասար կամ գուցե առավել ես մյուսներից՝ ավելի շատ գիտես, օրինակ, մետալ երաժշտության մասին, քան մյուսները»:
Վլադիմիրի խոսքով էլ՝ Վրաստանը մեզանից տարբերվում է զարգացած հասարակությամբ. «Այնտեղ հանդիսատեսը ավելի «պրոդվինուտի» է: Եթե այստեղ համերգին գալիս է 100 մարդ, այնտեղ՝ 200, 300 մետալի սիրահար: Այսինքն՝ կրկնակի ավելի: Դա էլ նպաստում է մետալ ոճի զարգացմանը Վրաստանում…»:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ են տարբերվում հայ եւ վրաց հանդիսատեսի՝ մետալ ոճի համերգների եւ առհասարակ երաժշտության ընկալման ձեւերը: Հարութի բնորոշմամբ՝ վայրիությամբ. «Վրաստանում ավելի վայրի մթնոլորտ է տիրում համերգների ժամանակ, նրանք ավելի մեծ թիվ են կազմում եւ միահամուռ մեկ շնչի պես վայելում են երաժշտությունը: Իսկ Հայաստանում ավելի հանգիստ է եւ զուսպ»:
Խմբի երկրորդ կիթառահար Ռուբենը խոստովանեց, որ խմբի անդամներից ամենաշատն ինքն է հաճույք վայելել փառատոնից. «Ես սպասում էի այն օրվան, թե երբ պետք է դուրս գամ Հայաստանից եւ դրսում ելույթ ունենամ: Այն մթնոլորտը, հանդիսատեսից եկող էներգիան, որ կա դրսում, այստեղ երբեք չես գտնի: Նվագելիս ուղղակի հաճույք ես ստանում, երբ տեսնում ես՝ ինչպես են այդ մի քանի րոպեն մարդիկ քո նվագած հնչյունները վայելում: Դա փոխանցվում է քեզ: Ոչ ոք քեզ դրսում մատով ցույց չի տալիս, չի ասում՝ վայ, երկար մազերով տղա, վայ, էս տղու մազերը բիզ-բիզ են: Այդ խնդիրը Հայաստանում դեռ ունենք: Այդ պատճառով էլ ես կտրուկ ոճային փոփոխություն արեցի. փառատոնից հետո՝ փոխեցի սանրվածքս: Որովհետեւ ես չեմ կարող ցից-ցից մազերով քայլել Երեւանով, կարող է շատ վատ լինել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031