Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբեր 09,2010 00:00

«Արդար, ազատ, թափանցի՞կ»

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել է նոյեմբերի 7-ին այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ըստ այդմ, Միլի մեջլիսում  մանդատների ավելի քան կեսը՝ 125-ից 70-ը բաժին է հասել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 50,14 տոկոսը:
BBC-ի մատուցմամբ, իշխող կուսակցության ներկայացուցիչների թվում ռեկորդային քանակով ձայներ է ստացել երկրի նախագահի տիկինը՝ Մեհտիբան Ալիեւան, որի օգտին քվեարկել է ընտրողների 94,49 տոկոսը: Հիշեցնենք, որ 125 մանդատի համար պայքարում էր 690 թեկնածու:
Ընդսմին, ադրբեջանական ընդդիմության առաջնորդները հայտարարում են, թե ընտրությունների արդյունքները վճռված են եղել դեռ մինչեւ քվեարկությունը, քանի որ ընդդիմադիր շատ թեկնածուների գրանցումն առանց պատճառաբանությունների մերժվել էր, որ դրանք չեն կարող ազատ, արդար եւ եվրոպական չափանիշներին համապատասխան որակվել:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները, որոնք հետեւել են ադրբեջանական ընտրություններին, հայտարարել են, թե քվեարկության ընթացքում հանդիպել են իշխանությունների կողմից ստեղծված «էական սահմանափակումների», որ կան վկայություններ, թե իշխանությունները լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել քվեարկության ընթացքում իրենց համար ցանկալի արդյունք ապահովելու համար: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները պնդել են նաեւ, թե այս ընտրությունների ընթացքում բավարար փաստեր ունեն ընտրողներին վախեցնելու դեպքերի վերաբերյալ: Իհարկե, ավելի ուշ, երկուշաբթի օրը հրավիրված ասուլիսում ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Վոլֆգանգ Գրոսսերկը հայտարարել է, թե քվեարկության ընթացքը դրական է գնահատում: Իսկ ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Պոլ Վիլլեն էլ հայտարարել է, թե նախորդ տարվա համեմատությամբ այս ընտրություններն անցնում են ավելի խաղաղ մթնոլորտում. «Ես ընտրությունների ընթացքում լուրջ խնդիրների մասին չեմ լսել: Ադրբեջանը, իրոք, այն երկիրն է, որը կանգնած է ժողովրդավարացման ճանապարհին»:
Trend-ի փոխանցմամբ, այդ ընտրությունների վերաբերյալ հիացական գնահատական են հնչեցրել ՎՈՒԱՄ-ի եւ ԱՊՀ երկրների  դիտորդական առաքելությունները: Մասնավորապես, ԱՊՀ առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է, թե դրական տպավորություն են ստացել երկրում տեղի ունեցած թափանցիկ ընտրություններից եւ նույնիսկ հավելել, թե՝ «արժե, որ արեւմտյան որոշ պետություններ ընտրությունների անցկացումը սովորեն Ադրբեջանից»: ԱՊՀ դիտորդները նշել են նաեւ «տեխնիկական որոշ խախտումների» մասին՝ հավելելով, թե այդ դեպքերը նվազագույն են եղել. «Ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ չեն եղել, ընդհանուր առմամբ դրանք կազմակերպվել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, եւ իշխանություններն անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել են թափանցիկ եւ բաց ընտրություններ անցկացնելու համար»:
1news.az-ի մատուցմամբ, ադրբեջանական ընտրությունները «ազատ եւ արդար», ԵԱՀԿ եւ ԵՄ չափանիշներին համապատասխան են գնահատել նաեւ ՎՈՒԱՄ-ի դիտորդները:
Ադրբեջանական ընտրություններին դիտորդական առաքելության կազմում հետեւել է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության 31 աշխատակից: Ադրբեջանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը կիրակի օրը դեռ հայտարարել էր, թե ընտրությունների վերաբերյալ պաշտոնական արձագանքը ԱՄՆ Պետդեպարտամենտը կհրապարակի նոյեմբերի 8-ին, ավելի ուշ:
Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, միացյալ ճակատով հանդես եկող ընդդիմադիր կուսակցությունների՝ «Ազգային ճակատի» եւ «Մուսավաթի» ո՛չ առաջնորդները՝ Ալի Քերիմլին եւ Իսա Ղամբարը, ո՛չ էլ որեւէ թեկնածու չեն ընտրվել: Միակ ընդդիմադիր պատգամավորը, որը ներկայացված կլինի ադրբեջանական խորհրդարանում՝ «Ումիդ»-ի ղեկավար Իղբալ Աղազադեն է, որին այս անգամ էլ հաջողվել է վերընտրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել