Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈՂՄ ԵՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ՝ ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՆ»

Նոյեմբեր 11,2010 00:00

\"\"Ասում է ՀՌԱԿ փոխատենապետ, քաղաքագետ Էդվարդ Անտինյանը եւ հիմնավորում, թե միայն այդ դեպքում առաջիկա ընտրությունները կլինեն անկանխատեսելի:

– Արդյոք ակնհայտ չէ՞, որ այսօր արդեն ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը ստանում է անթաքույց դրսեւորումներ:
– ԲՀԿ-ի ասածը հետեւյալն է. մեծամասնություն ունենալու դեպքում նա ամբողջական պատասխանատվությունն իր վրա կվերցնի, ու ինքն էլ կձեւավորի կառավարություն՝ հասարակության կողմից հավանության արժանացած ծրագիրը կյանքի կոչելու համար: Եվ խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս հետո տեղի ունենալիք նախագահական ընտրություններին էլ կմասնակցի սեփական թեկնածուով, քանի որ ընտրողների մեծամասնության վստահությունը դա է պարտադրում: Անհասկանալի է, թե այս միանգամայն պարզ ու տրամաբանական տեսակետն ինչո՞ւ է հիվանդագին ընդունվում: Չէ՞ որ ԲՀԿ-ի 50+1-ի դեպքում ՀՀԿ-ն առավելագույնը կարող է ունենալ 50-1: Այդ պարագայում ինչպե՞ս պիտի հասարակության վստահությանն արժանացած թիմը պաշտպանի ոչ թե իր, այլ պարտված թիմի թեկնածուին:
Երբ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն հայտարարեց, որ թեպետ կարող են միայնակ կառավարություն ձեւավորել, բայց իրենք գնում են կոալիցիա կազմելու տարբերակով, ես դեռ այն ժամանակ հրապարակայնորեն նշել եմ, որ քաղաքագիտական տեսանկյունից դա աբսուրդ է: Ընտրողներն իրենց վստահության քվեն տվել են քո թիմին ու ծրագրին, մինչդեռ կոալիցիա ես կազմում ու գործընկերներիդ առաջարկությամբ որոշ կետեր ավելացնում գործողություններիդ ծրագրում: Բայց ո՞վ է քեզ իրավունք տվել կարծել, որ այդ կետերով բարելավում ես ծրագիրդ, այլ ոչ թե վատացնում: Չէ՞ որ այդ իրավունքը վերապահված էր ընտրողին, որն էլ իր ասելիքն ասել է ընտրության միջոցով: Եվ սա միայն պատասխանատվությունից խուսափել չէ կամ էլ ընտրողին խաբել, սա ավելի՛ն է. դու վստահ ես, որ մեծամասնություն չունես եւ վախենում ես այդ ռեսուրսով գնալ նախագահական ընտրությունների, երկրորդ՝ թքա՛ծ ունես ընտրողի կարծիքի վրա: Ցավում եմ, որ ավելի քան 3 տարի առաջվա հորդորիս ականջալուր չեղան, այլապես հիմա չէին հայտարարի, թե մեծամասնություն ունենալու դեպքում դարձյալ կողմ են կոալիցիոն կառավարություն ձեւավորելուն: Մեծամասնություն ունեցողը կարող է կազմել անգամ բազմակուսակցական կառավարություն, բայց ոչ երբեք՝ կոալիցիոն: Ժամանակին ՀՅԴ-ն նշեց, որ միայն այն դեպքում մաս կկազմի կոալիցիային, երբ իր համար սկզբունքային կետերը ներառվեն կառավարության ծրագրում: Հիմա նա դուրս է եկել, բայց կոալիցիան չի լուծարվել ու կյանքի է կոչում կառավարության կազմում չընդգրկված կուսակցության ծրագրից որոշ դրույթներ: Նույն անտրամաբանական վիճակը կարող է լինել նաեւ ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի պարագայում:
– Ձեր վերջին ելույթներից զգացվում է, որ կողմ եք Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալուն: Կարո՞ղ եք հիմնավորել՝ ինչո՞ւ:
– Այո՛, կողմ եմ: Միայն այդ տրամաչափի գործչի ակտիվանալու դեպքում գալիք ընտրությունները կլինեն անկանխատեսելի, եւ կարող ենք ակնկալել լուրջ քաղաքական պայքար: Ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանն էական դերակատարություն ունենալ չի կարող: Եթե Ռոբերտ Քոչարյանն էլ խաղի մեջ չմտնի՝ պարզապես խաղ չի լինի: Եվ եթե կան ուժեր, որոնք ուզում են մրցումներին մասնակցել, նախ պետք է մրցումներ լինեն, նոր որոշեն՝ ով որ թիմից է խաղալու: Նախորդ ընտրություններից առաջ էլ 1-ին նախագահի վերադարձն եմ անհրաժեշտություն համարել, թեպետ հետագայում նրան ամենաակտիվ քննադատողներից էի, եւ կյանքը ցույց տվեց, որ իմ ասածները ճիշտ դուրս եկան: Բանն այն է, որ նախագահները, պաշտոնաթողությունից հետո, վերաիմաստավորելով իրենց անցած ճանապարհը, որոշ ժամանակ անց կարող են վերադառնալ որպես իմաստուն գործիչներ: Ցավոք, Տեր-Պետրոսյանն այդ ժամանակն օգտագործել էր շրջապատող աշխարհից մեկուսանալու համար: Արդյունքում վերադարձավ իրականությունից կտրված մի ծերուկ, թեպետ տարիքով այնքան էլ մեծ չէր:
– Ի դեպ, վերջին ժամանակներս Ռոբերտ Քոչարյանին չեք քննադատում, գուցե այնուամենայնիվ ցանկանո՞ւմ եք նրա վերադարձը եւ ոչ միայն անհրաժեշտություն համարում:
– Ես այժմ զբաղված եմ գործող իշխանությունների սխալները մատնանշելով: Իսկ Քոչարյանի գործունեությունը քննադատել եմ նրա պաշտոնավարման օրոք: Այնպես որ՝ հետեւից խոսելու «պատիվը» համեստորեն թողնված է նրանց, ովքեր Քոչարյանի շնորհիվ վայելում էին երկրի բարիքները, մեկ էլ այն ընդդիմադիրներին, ովքեր 10 տարի ծպտուն չհանելուց հետո մեկ էլ այժմ հանկարծ հիշել են, թե նա ժամանակին ինչեր է արել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել