Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»

Նոյեմբեր 12,2010 00:00

\"\"ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ ընդդիմությունն այսպես է գործում

– Առաջին նախագահը ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում հերթական անգամ իշխանությունների հասցեին խիստ քննադատական գնահատականներ հնչեցրեց: Դուք պատրաստվո՞ւմ եք հետեւություններ անել:

– Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած ցանկացած հերթական հանրահավաք նախորդի համեմատ շատ ավելի սակավամարդ է դառնում, եւ դա իրեն պետք է շատ ավելի մտահոգի, քան մյուսներին: Չեմ կարծում, որ ձեր նշած ելույթում իշխանությունների հասցեին որեւէ քննադատական խոսք կար: Ես այդ կարծիքին չեմ: Իր վերջին ելույթում Տեր-Պետրոսյանն ընդամենը ցույց տվեց իր իսկ «զզվելի» դեմքը եւ հոգին: Համոզված եմ, որ այս ելույթից հետո հաջորդ հանրահավաքին շատ ավելի քիչ մարդ կլինի, քանի որ նա փորձում է ազգային գաղափարախոսությունը, ցեղակրոնությունը ներկայացնել որպես ռեւանշիստական ուղղություն՝ դրա տակ թաքցնելով իր սեփական ռեւանշիստական նպատակները, իսկ սա արդեն բոլորն են հասկացել: Իր համար քաղաքական գործունեության կարգախոս է դարձրել հետեւյալը՝ այն, ինչը հակապետական է, կարելի է ներկայացնել որպես հայրենասիրություն: Համոզված եմ, որ ժողովուրդը դա շատ լավ հասկանում է եւ այլեւս կրկին անգամ չի խաբվի:

– Շատ խիստ չե՞ք արտահայտվում, ինչո՞ւ եք այդքան ծայրահեղացնում:

– Չեմ ծայրահեղացնում, որովհետեւ այն մտքերը, որ հնչեցին Տեր-Պետրոսյանի շուրթերից, ինձ այդ համոզման են հանգեցնում:

– Չե՞ք կարծում, որ այսօր Հայ ազգային կոնգրեսը իրոք ուժեղ ընդդիմություն է, եւ այս ուժից հնչող քննադատությանը պետք է ականջալուր լինել եւ հետեւություններ անել:

– Այն, ինչ հնչեցվեց վերջին հանրահավաքում, անհիմն քննադատություն էր, անգամ քննադատություն չէր: Իրական քննադատությունը պետք է լինի կառուցողական, սկզբունքային եւ հիմնավորված, իսկ հենց այնպես, քննադատելու համար հնչող քննադատությունն անընդունելի է:

– Եկեք ընդդիմությանը հանգիստ թողնենք, մի քիչ էլ ձեզնից խոսենք, տպավորություն կա, որ հենց կոալիցիայի ներսում է ձեւավորվում ընդդիմություն՝ ի դեմս «Բարգավաճի»: Այս կուսակցության ներկայացուցիչները մեկ խոսում են 50+1-ի, մեկ էլ՝ 99,99 տոկոսի մասին, չեն թաքցնում, որ բարձր ձայներ ստանալու դեպքում նախագահականի կգնան իրենց սեփական թեկնածուով: Սա իրակա՞ն ընդդիմադիր վիճակ է կոալիցիայում, թե՞ հորինված: Ի դեպ, ձեր մյուս կոալիցիոն գործընկերը՝ ՕԵԿ-ն էլ խոսում է Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

– Չեմ կարծում, թե կոալիցիայում ընդդիմադիր վիճակ կա, քաղաքական կուսակցությունները իրենց գործունեությունը իրականացնում են կոալիցիայի հուշագրի շրջանակներում: Ինչ վերաբերում է ոմանց ակնկալած տոկոսներին, ապա դրանք շտապողական են, եւ ժամանակի ընթացքում այդ մասին խոսողները կսկսեն ճանապարհներ փնտրել իրենց իսկ հայտարարություններից հրաժարվելու համար: Մինչդեռ Հանրապետականը այսօր թիվ մեկ քաղաքական ուժն է թե իր հզորությամբ, թե իր մարդկանցով եւ թե իր ռեսուրսներով: Ի դեպ, այդ մասին են վկայում բոլոր սոցհարցումները: Բոլոր ընտրություններում, այդ թվում եւ ՏԻՄ, մոտ 75 տոկոսով եւ ավելի հաղթում են ՀՀԿ ներկայացուցիչները, եւ սա ապացույցն է այն իրողության, որ Հանրապետականը ուժեղ եւ հզոր կուսակցություն է եւ նույն քաղաքականությամբ գնալով՝ բացարձակ մեծամասնություն կունենա թե խորհրդարանական եւ թե նախագահական ընտրություններում: Բազմիցս ենք հայտարարել, որ ՀՀԿ-ն նախագահական ընտրությունների կգնա իր սեփական թեկնածուով՝ հանձին ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի: Իսկ ՕԵԿ-ի որոշումը՝ սատարել Սերժ Սարգսյանին, ճիշտ քաղաքական հաշվարկների վրա հիմնված որոշում է:

– Մի քիչ շուտ չի՞ սկսվել նախընտրական իրավիճակը:

– Սա ընդամենը դիրքորոշումների հստակեցման ժամանակաշրջան է, եւ այս շրջանում արժանի կամ անարժան քաղաքական ուժեր ցանկություն են արտահայտում շատ ձայներ ստանալ, բայց դա մնում է որպես ցանկություն:

– Վերջերս ՀՀ վարչապետը բավականին կոշտ գնահատականներով խոսեց մի շարք կոալիցիոն նախարարների մասին, անգամ պահանջեց, որ որոշ պաշտոնյաներ պաշտոնանկ արվեն: Արդյոք սա PR ակցիա չէ՞ր:

– Դա բացարձակապես PR ակցիա չէ, այլ սովորական աշխատանքային պրոցես: Մեր զրույցի սկզբում խոսեցինք քննադատության մասին, մինչդեռ առողջ քննադատությունը հենց սա է, երբ նույն թիմում իշխանավորը քննադատում է իր աշխատանքում թերացած պաշտոնյաներին եւ անգամ պահանջում, որ հեռացվեն: Սա ճիշտ աշխատաոճ է եւ, կարծում եմ, ժողովրդի կողմից շատ բարձր գնահատականի կարժանանա: Մենք մեր թերությունները, մեր չկատարած աշխատանքները կարող ենք տեսնել եւ ուղղել, եւ սա ամենից արդյունավետ քննադատությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930