Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՀԱՐՈՒՍՏԻՆ ԱՎԵԼԻ ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏԻՆ՝ ԱՆՏԵՍՈՒՄ

Նոյեմբեր 12,2010 00:00

Ըստ գյուղացիների եւ սերմնաբույծների, էլիտար սերմացու բերելով եւ այդ գործից անտեղյակ մարդկանց բաժանելով՝ կառավարությունը տապալելու է սերմաբուծության զարգացման ծրագիրը:

Գյուղացիների ուրախությանը չափ չկար, երբ իմացան, որ հայրենի կառավարությունը Ստավրոպոլի երկրամասից հացահատկի էլիտար սերմացու է ներկրում՝ ցորենարտադրողներին տրամադրելու նպատակով: Որոշ գյուղապետեր էլ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Մաստարայի ղեկավարը, իրադարձություններից առաջ ընկնելով, նույնիսկ շտապել էր աչքալուսանք տալ գյուղացիներին, թե՝ շուտով էլիտար սերմացու կունենանք, կբարձրացնենք մեր ունեցածի որակը, հացը կշատանա, կավելանա եկամուտը: «Պետք է միայն ապահովենք կառավարության ներկայացրած որոշ պայմաններ եւ՝ սերմացուից Մաստարայի գյուղացիներին էլ բաժին կհասնի»,- ասել էր: Սակայն կառավարության ղեկավարի հեռուստաելույթը լսելով՝ հողագործները անակնկալի էին եկել:

Մաստարա գյուղի բնակիչ, վաստակաշատ մանկավարժ Զավեն Վարդանյանը «Առավոտին» է փոխանցել իր եւ համագյուղացիների խորը հիասթափությունը՝ սերմարտադրություն կազմակերպելու եւ բարձրորակ վերարտադրություն ապահովելու կառավարության ծրագրի վերաբերյալ, որում նախապատվությունը տրվել էր մեծ հողատարածքներ ունեցող ֆերմերներին՝ շարքային հողագործին հերթական անգամ թողնելով «կոտրած տաշտակի» առաջ:

Իսկ ահա սերմնաբույծ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Ռոլանդ Ղազարյանը կառավարության որոշումն արդարացի համարեց: Ըստ գիտնականի՝ 1 հեկտարի հաշվով սերմ արտադրելու համար պահանջվում է շուրջ 253 հազար դրամ, ինչը գյուղացու հնարավորություններից վեր է: «Հետո՝ մեր գյուղացիները ծանոթ չեն նաեւ սերմարտադրության նրբություններին, բացի այդ՝ չունեն մաքուր հողատարածքներ, որպիսին պահանջվում է բարձրորակ եւ մաքուր սերմ ստանալու համար»,- ասաց Ռոլանդ Ղազարյանը:

Մաքուր հող ասածը ցանքաշրջանառություն մտած արտն է, որում, առնվազն վերջին 2-3 տարում, ցորեն չի ցանվել: Կառավարությանը հայտնի է, որ գյուղացիները նման հողատարածքներ չունեն. դրանք ֆերմերների, հարյուրավոր հեկտարներով հողեր ունեցողների մենաշնորհն է, որոնց էլ հենց անվճար տրամադրվել է էլիտար սերմացուն: Իսկ թե ովքեր այդքան շատ հող ունեն Հայաստանում, բոլորը գիտեն՝ ներկա եւ նախկին նախարարներ, պատգամավորներ, գյուղապետեր, մարզպետներ…

«Ոչ թե հարուստներ են, այլ ֆերմերային տնտեսություններ. հենց նրանք էլ համապատասխանում են կառավարության առաջարկած պայմաններին»,- նկատեց սերմնաբույծ գիտնականը:

Էլիտար սերմացու տրամադրելու պայմաններից գլխավորը՝ տրամադրած 1 կգ որակյալ սերմի դիմաց մեկ տարի անց կրկնակին վերադարձնելն է: Ֆերմերային տնտեսությունը պետք է ունենա նաեւ նվազագույնը 5-7 հեկտար ջրովի տարածք, ինչը շարքային հողագործի համար մշտառկա խնդիր է: «Ստացվում է՝ կառավարությունը հատուկ ծրագիր է մշակել հատուկ մարդկանց համար, որոնք նման հարցերում երբեք խնդիրներ չեն ունենում: Ընդհակառակը, իրենք են խնդիրներ ստեղծում գյուղացու համար, որ զզված թողնի հողն էլ, հողագործությունն էլ»,- ասաց ցորենի մշակությամբ զբաղվող Արմավիրի մարզի բնակիչ Գարեգին Հայրապետյանը: Վերջինիս կարծիքով՝ իրենց ֆերմերներ հայտարարածները չեն կարողանալու արդարացնել կառավարության հույսերը, որովհետեւ նրանց զգալի մասը իրականում ցորենարտադրող չէ եւ հողագործության հետ էլ կապ չունի: «Փող ունեն, հողեր են գնել: Դրանով հո հողագործ չդարձա՞ն: Եթե իր ամբողջ կյանքը ցորենարտադրության մեջ անցկացրած գյուղացուն ասում են, թե՝ սերմի ստացման նրբություններին ծանոթ չէ, բա ո՞վ է ծանոթ: Չըլնի՞ էրեկվա հողատեր դառածը: Բա սա աբսուրդ չի՞: Բա էլ հավատ կմնա՞»,- հարցնում-վրդովվում է Գարեգին Հայրապետյանը:

Պարզվում է՝ կառավարությունը ֆերմերների անփորձությունն էլ է հաշվի առել. որպեսզի ծրագիրը չտապալեն, Ստավրոպոլից մասնագետներ է հրավիրելու՝ դասընթացներ կազմակերպելու համար: Այսինքն՝ ամեն ինչ անելու է, հարկատուներիս փողերից էլ ծախսելու է, որ հողատեր-փողատեր, բայց ցորենի մշակումից գլուխ չհանող «ընտրյալները» խնդիրներ չունենան ու ստացվի, որ կառավարությունը լուծեց իր իսկ դրած խնդիրը՝ մինչեւ 2014թ. բարձրորակ սերմանյութով ապահովել սերմաբուծական տնտեսությունների սերմարտադրողների պահանջարկի գոնե 50 տկոսը:

Սերմնաբույծ Ջեմմա Եփրեմյանին զարմացրել է այսօր հողին պահ տված էլիտար սերմից չորս տարի անց նույն որակի սերմանյութ ստանալու՝ կառավարության պահանջը: «Չորս տարի հետո դա կլինի ոչ թե էլիտար սերմացու, այլ՝ հինգերորդ վերարտադրություն, ինչը, հաստատ՝ բարձր որակ չի ունենա: Չէ՞ որ տարեցտարի սերմը իր պոտենցիալ հնարավորությունները կորցնում է: Դրա համար մենք՝ սերմնաբույծներս, չորս տարին մեկ անգամ սերմաթարմացում ենք կատարում»,- հիշեցրեց տիկին Ջեմման: Նա մտավախություն ունի, որ կառավարության ծրագիրը կտապալվի՝ մենք բարձր որակի սերմ ստանալ չենք կարող: Սերմնաբույծի կարծիքը կիսեց նաեւ ցորենարտադրող Գարեգին Հայրապետյանը: Վերջինս գտնում է, որ ճիշտը՝ սերմարտադրությունը գործի իրական գիտակներին վստահելն է: Հիշելով ժողովրդական հայտնի իմաստնությունը, նա ավելացրեց. «Հացը հացթուխին տուր, մի հաց էլ ավել տուր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930