Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի տիրություն անելու վերջն էլ սա էր

Նոյեմբեր 17,2010 00:00

«Կուսակցական այգին» կոչնչացնեն

\"\"Նախօրեին, գիշերը Նոր Նորքի վարչական շրջանի Գայի 31 շենքի հարեւանությամբ գտնվող Վիշապի կոթողներ այգում մի քանի բանվորներ ծառեր են հատել, նստարաններն են հանել, իսկ այգու ավելի քան 2 հազար քմ տարածք՝ ալյումինե թիթեղով պարսպապատվել է: Բանն այն է, որ այդ այգում, բնակիչների հավաստմամբ՝ 18 հարկանի բարձրահարկ շենք է կառուցվելու եւ հարակից տարածքի բնակիչների ընդդիմանալուց խուսափելու համար կառուցապատողը գիշերով է սկսել այգու ոչնչացումը: Բնակիչները մտավախություն ունեն, որ այդ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու պատճառով ամբողջ այգին կվերանա, \"\"քանի որ՝ շինտեխնիկայի աշխատելու համար բավականին մեծ տարածք է անհրաժեշտ. «Հուշարձաններն ու խաղահրապարակն էլ ամբողջությամբ կվերացնեն: Իսկ տարիներ առաջ այդ հատվածը տրամադրվել էր հանգստի գոտի կառուցելու նպատակով: Փաստորեն, կարող են խաբել՝ սկզբում որպես կանաչապատում տրամադրել, բնակիչների աչքին թոզ փչել, ու մի քանի տարի հետո տարածքը տալ մեկ ուրիշին՝ բիզնեսի համար»: Ըստ բնակիչների՝ այգու վրա վաղուց աչք կար. «Տարիներ առաջ այգու գլխին ինչ ասես, որ չեն բերել: Մեկ ծառերի բներին դիզվառելիք են լցրել, մեկ՝ գիշերով ծառերն են կտրել: Ամեն բան արվում էր կանաչ տարածքը վերացնելու նպատակով, որպեսզի իրացման գործընթացը առանց բարդությունների լինի: Դեռեւս 2002 թվականին է այն իրացվել, որպեսզի գազալցակայան կառուցվեր, սակայն բնակիչների բողոքի հիման վրա այն կասեցվել է: Մութ ու ցուրտ տարիներին մենք մեծ ջանքերով պահեցինք այդ այգին, որպեսզի ծառերը չհատվեն»: «Առավոտին» դիմած բնակիչները քաղաքապետարանի պաշտոնյաներին առաջարկում են ոչ թե կանաչ գոտին վերացնել, այլ Նորքի 2-րդ զանգվածում առկա ազատ ու ամայի տարածություններում կառուցապատման համար հողհատկացումներ անել:

Հետաքրքիրն այն է, որ Վիշապի կոթողներ այգու ցուցանակի վրա Հանրապետական կուսակցության «զինանշանն» է եւ գրված է, որ այգին բարեկարգվում է ՀՀԿ-ի կողմից: Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք ծառահատման իրավունք ոչ ոքի չեն տվել: Պարոն Մարտիրոսյանը մեզ հայտնեց, որ մեկնում է «դեպքի վայր»՝ այգի, տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Իսկ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանն էլ վստահեցրեց, որ այդ տարածքում իսկապես բարձրահարկ շենք է կառուցվելու, ինչի համար քաղաքապետարանն արդեն թույլտվություն է տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել