Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄՊՈՒԼՍԻՎ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 18,2010 00:00

Տարածված կարծիքի համաձայն, կանայք ավելի հուզական են, քան տղամարդիկ: Զգացմունքների ու հույզերի ազդեցության ներքո կարող ենք չկշռադատված արարքներ թույլ տալ: Նման դեպքերում ուժեղ սեռի ներկայացուցիչները մեղքը բարդում են կանանց նեղ տրամաբանության վրա: Իրականում կանայք շատ տարբեր են՝ թույլ եւ ուժեղ, հուզական եւ զուսպ: Այդ ամենում համոզվելու համար լրացրեք հետեւյալ թեստը:
1. Նկատե՞լ եք, որ որոշումներ կայացնելիս շտապողականություն եք ցուցաբերում:
2. Նկատե՞լ եք, որ ամենօրյա կյանքում հաճախ պահի ազդեցության տակ եք քայլերի դիմում՝ առանց հնարավոր հետեւանքների մասին մտածելու:
3. Հետեւո՞ւմ եք «յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր» ասացվածքին:
4. Փաստե՞լ եք, որ առանց մտածելու՝ խոսելու հակվածություն ունեք:
5. Հատո՞ւկ է ձեզ, արդյոք, ինչ-ինչ քայլերի դիմել զգացմունքների ազդեցության տակ:
6. Հակվա՞ծ եք երկար մտածելու եւ ծանրութեթեւ անելու ձեր արարքները:
7. Ազդո՞ւմ են ձեր նյարդերին անվստահ եւ երկչոտ մարդիկ:
8. Ձեզ խոհեմ մարդ համարո՞ւմ եք:
9. Արդյո՞ք որոշումներ կայացնելիս զգացմունքները վճռական դեր ունեն:
10. Որոշում կայացնելիս ձեզ հատո՞ւկ է երկար-բարակ մտածելուց խուսափելը:
11. Արդյոք հաճա՞խ եք ինքներդ ձեզ հանդիմանում շուտափույթ եւ անխոհեմ որոշում կայացնելու համար:
12. Որոշում կայացնելիս մտածո՞ւմ եք վերջինիս հետեւանքների մասին:
13. Տատանվո՞ւմ եք՝ մինչ որոշում կայացնելը:
14. Նույնիսկ ամենահեշտ հարցը լուծելիս մի՞շտ է, որ ձեզ երկար մտածելու ժամանակ է հարկավոր:
15. Կոնֆլիկտի առկայության պարագայում մի՞շտ է արդյոք, որ կարողանում եք հակահարված տալ հակառակորդին:
Հաշվեք ընդհանուր միավորների քանակը: 1, 2, 4, 5, 7, 9, 10, 11, 12 եւ 15-րդ հարցերին տրված յուրաքանչյուր «այո» եւ 3, 6, 8, 13, 14 հարցերին տրված «ոչ» պատասխանների համար վաստակում եք 1 միավոր:
Մինչեւ 5 միավոր. դուք զուսպ եւ հավաք մարդ եք: Ձեր յուրաքանչյուր բառ կամ որոշում մտածված եւ ծանրութեթեւ արված է: Ձեր կողմից ձեռնարկված յուրաքանչյուր գործ կատարվում է ժամանակին եւ ինչպես հարկն է: Դուք հուսալի մարդ եք: Երբեմն ձեզ այնպիսի զգացողություն է համակում, ասես կյանքն անցնում է ձեր կողքով, իսկ դուք ոչինչ չեք հասցնում անել: Երբեմն շրջապատի մարդիկ ձեզ կարող են դանդաղկոտ եւ ոչ զգայուն համարել: Ավելի մեծ ուշադրություն եւ ժամանակ տրամադրեք ձեր հանգստին: Հավատացեք ձեր ներքին ձայնին եւ երբեք չեք խաբվի:
6-10 միավոր. դուք իդեալական մարդ եք: Ձեր զգացմունքները միշտ կառավարվում են բանականությամբ: Ձեր ներքին ձայնը լավ զարգացած է, այդ իսկ պատճառով նույնիսկ զգացմունքների ազդեցության ներքո կայացված որոշումներն արդար են լինում: Դուք «բիզնես-լեդիի» իդեալական կերպար եք: Ձեզ վրա կարող են հույս դնել թե գործընկերները, թե հարազատները, թե մտերիմները: Սակայն վտանգավորն այն է, որ հենց այս տիպի կանանց շատ հաճախ մի չափազանց անհարիր՝ «փեշով տղամարդ» մականուն կարող են տալ: Պատճառն այն է, որ ձեր մտածելակերպը նման է տղամարդկանց մտածելակերպին, ինչը հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ մրցակցության զգացողություն կարող է առաջացնել: Միշտ հիշեք, որ դուք կին եք: Սիրեք եւ երես տվեք ինքներդ ձեզ. դա ձեր պարագայում լավ է ստացվում:
10 միավոր եւ ավելի. դուք «հարյուր տոկոսանոց» կին եք: Ձեր զգացմունքները գրեթե միշտ վեր են դասվում ամենից: Դուք այն տիպի մարդկանցից եք, ովքեր իրենց հետեւից կարող են մի ամբողջ ամբոխ տանել: Ձեր կյանքը լի է անկանխատեսելի իրադարձություններով: Ձեր խառնվածքի տեր անհատականությունները կտրուկ քայլեր անելու սիրահարներ են: Սակայն դեպրեսիայի մեջ ընկնելը եւս հատուկ է ձեզ: Դուք շատ երկրպագուներ ունեք, սակայն ձեր իմպուլսիվ եւ չմտածված քայլերի պատճառով հաճախ կարող եք ձեր իսկ անձնական կյանքը դժոխքի վերածել: Որոշումներ կայացնելիս ծայրաստիճան զգույշ եւ խոհական եղեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել