Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանին միտումնավոր վարկաբեկել են

Նոյեմբեր 30,2010 00:00

Ռուբեն Հայրապետյանը կրկին վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում: Սա, թերեւս, նոյեմբերի 27-ին կայացած ՀՖՖ իրավաբանական անձանց միության (ԻԱՄ) 8-րդ հերթական ժողովի առանցքային կետն էր: Գործող նախագահը միաձայն վերընտրվեց՝ այլ թեկնածուների բացակայության պարագայում եւ ոչ թե 4, այլ՝ 4,5 տարի ժամանակով, ինչը, սակայն, վերաբերում է ընտրությունների բացառապես այս ցիկլին, քանի որ մինչ այդ հաշվետու ընտրական համաժողովին ներկա 54 պատվիրակներն արդեն իսկ քվեարկել էին հաջորդող ժողովների անցկացման ժամկետի փոփոխության օգտին: Բացի այդ, պատվիրակները ընտրությամբ հաստատեցին ՀՖՖ գործկոմի նոր կազմը, որում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, դադարեցվեցին գործադիր կոմիտեի անդամներ Գորիկ Հակոբյանի, Միքայել Զաքարյանի, Ռուբեն Սինոյանի ու Վահրամ Առաքելյանի լիազորությունները, իսկ նրանց փոխարեն ընտրվեցին Արմեն Մինասյանը, Արտակ Մնացականյանը, Արման Սահակյանը եւ Հովհաննես Վարյանը:
Նշենք նաեւ, որ հաշվետու համաժողովին ներկա էր նաեւ ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամ, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսը, ով ՀՖՖ նախագահին նվիրեց «Բարի գալուստ, Ուկրաինա» խորհրդանշական մակագրությամբ նվերը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի հավաքականին կտեսնի իր երկրում անցկացվող Եվրո-2012-ում: «Հայաստանի հավաքականը հիանալի է մեկնարկել Եվրո-2012-ի ընտրական փուլում: Չեմ կասկածում, որ ձեր հավաքականը մինչեւ վերջ կպայքարի ուղեգրի համար: Այն աշխատանքը, որ այսօր տեսնում եմ, թույլ է տալիս հավատալ, որ Հայաստանի հավաքականը դուրս կգա եզրափակիչ: Մենք սպասում ենք ձեզ Ուկրաինայում: Դուք դրա համար ունեք բոլոր հնարավորությունները»,- ասաց Գրիգորի Սուրկիսը: Հաշվետու ելույթով հանդես եկավ նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ շեշտեր դնելով մասսայական ֆուտբոլի, մրցավարության, մարզչական կրթական համակարգի, ֆիզիկական ենթակառուցվածքների խնդիրների վրա: Սակայն այդ մասին հանգամանալից կանդրադառնանք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում՝ ներկայացնելով նաեւ մեր դիտարկումները:
Իսկ մինչ այդ, ներկայացնենք ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ համաժողովին հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում հնչեցրած մտքերը:
Խոսելով առաջիկա 4,5 տարվա զարգացման ռազմավարության մասին՝ վերընտրված նախագահը նշեց, որ մեր ֆուտբոլի ապագան մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: «Այժմ մարզերում չկա անհրաժեշտ ֆուտբոլային ինֆրաստրուկտուրա: Ապագա 4,5 տարում հիմնական շեշտը դրվելու է մարզերում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, ֆուտբոլի դպրոցների ստեղծման վրա: Առաջին հերթին դա կլինի Շիրակում եւ Լոռիում: Գյումրիում կառուցվելիք դպրոցն ունենալու է 1 արհեստական եւ 5 բնական խոտածածկով խաղադաշտեր, իսկ Լոռու դպրոցը 4 խաղադաշտ կունենա»,- ասաց պարոն Հայրապետյանը՝ հույս հայտնելով, որ հնարավորությունները կբավարարեն՝ նաեւ այլ մարզերում գործունեություն ծավալելու համար: Միեւնույն ժամանակ ՀՖՖ նախագահը փաստեց նաեւ Կապանում առկա «փայլուն ֆուտբոլային ենթակառուցվածքներն» ու Տավուշի մարզի մանկապատանեկան ֆուտբոլի ակտիվությունը:
ՀՖՖ նախագահը խոսեց առաջին խմբի առաջնությունում ստեղծված իրավիճակի մասին, ըստ որի՝ ներկա դրությամբ բարձրագույն խմբի ուղեգրի համար պայքարող թիմ չի մնացել: Հայրապետյանը հույս հայտնեց, որ երկու թիմ կավելանա առաջին խմբում, սակայն չմանրամասնեց այլ տեղեկություններ: Փոխարենը՝ հաստատեց լուրերը, որ բարձրագույն խմբի առաջնությունը գարնանն ավելի վաղ կմեկնարկի. «Հայաստանի առաջնությունը կմեկնարկի մարտի 1-ին, որպեսզի ազգային հավաքականի խաղերից առաջ գոնե 4 խաղ անցկացրած լինենք»,- ասաց նա: Հիշեցնենք, որ արդեն մարտին Եվրո-2012-ի ընտրական փուլում մեր ընտրանին հանդիպելու է Ռուսաստանի հավաքականի հետ: Այդ առիթով Հայրապետյանը նշեց նաեւ, որ փետրվարին մեր թիմն ընկերական հանդիպումներ կանցկացնի: Մրցակիցներից երկուսն արդեն հայտնի են, սակայն Հայրապետյանը նախընտրեց առավել մանրամասն այս թեմայով խոսել ավելի ուշ:
Անդրադառնալով հավաքականների ելույթներին՝ ՀՖՖ նախագահը գոհ է երիտասարդական թիմի այսօրվա վիճակից. «Մենք ստեղծեցինք մի երիտասարդական հավաքական, որը երկու գրեթե հավասարազոր կազմ ունի»: Ինչ վերաբերում է մարզչի կատարած աշխատանքին, ապա այն բավարար է գնահատվում, քանի որ, ըստ Հայրապետյանի՝ մի քանի խաղերում պարտության պատճառը Սերիցլեւն էր: Միեւնույն ժամանակ՝ նույն Սերիցլեւի աշխատանքը տեխնիկական տնօրենի պաշտոնում ՀՖՖ նախագահը գերազանց որակեց: Նա նաեւ նշեց, որ այժմ բանակցություններ են վարվում երկու մարզիչների հետ, ովքեր կարող են գլխավորել Մ21-ը: «Նրանցից մեկի մասին ես ուղղակի երազում եմ ու չորս տարուց ավելի փորձում եմ նրան Հայաստան բերել: Նա իր երկրում ֆուտբոլային հեղափոխություն է արել: Կա եւս մի թեկնածու: Անուններ չեմ հրապարակում ոչ թե գաղտնիք պահելու, այլ՝ բանակցություններում մանեւրելու համար: Այդ տարբերակներից որ մեկն էլ ստացվի՝ լավագույն լուծումը կլինի մեր ֆուտբոլի համար»,- փաստեց Հայրապետյանը: Ինչ վերաբերում է ազգային թիմի հաջող ելույթներին ու դրանց պատճառներին, ապա, ըստ ՀՖՖ նախագահի՝ պարզապես ֆուտբոլի համար նորմալ ենթակառուցվածքներ ստեղծվեցին ու համարձակ սերնդափոխություն կատարվեց: Այս ենթատեքստում Հայրապետյանը ներկաներին հիշեցրեց մեկ տարի առաջ երկրպագուների պահանջը իրենից ու այսօրվա իրավիճակը: «Ցավալին գիտե՞ք ինչն է։ Երբ հավաքականը պարտվում էր, ֆուտբոլասերները գոռում էին. «Նեմեց, հեռացիր»։ Իսկ հիմա, երբ հավաքականը հաջող է խաղում, մեկը չկա, գոնե ասի. «Ապրի Հայրապետյանը»: Լավ է խաղում հավաքականը՝ կեցցեն մարզիչն ու ֆուտբոլիստները, վատ է խաղում՝ «Նեմեց հեռացիր»։ Իմ երազանքն է, որ Ռուբեն Հայրապետյանի հեռանալը ցանկանան այն ժամանակ, երբ Հայաստանի հավաքականը չկարողանա Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել»,- անկեղծացավ ՀՖՖ նախագահը:
Ասուլիսի ընթացքում Հայրապետյանն անդրադարձավ նաեւ 2010 մրցաշրջանի ամենացավոտ՝ մրցավարների խնդրին, նշելով, որ սխալ քաղաքականություն էր վարվել՝ վստահելով մրցավարական բաժնի պետին (Արարատ Ճաղարյանին – խմբ): «Ինձ հաջողվել է ապացուցել, որ մրցավարական բաժնի ղեկավարը վատ արարքներ է թույլ տվել իմ թիկունքում, ինչի համար շատ խիստ պատժվել է: Ես դրանում նաեւ քաղաքական նկատառումներ եմ տեսնում: Մրցավարը «Միկա»-«Փյունիկ» խաղին անիմաստ 11-մետրանոց է նշանակում ու «Փյունիկը» հաղթանակ է տոնում, իսկ խաղից հետո հնչած հարցիս, թե ինչո՞ւ ես արել դա, առանց անհարմար զգալու ապուշ հայացքով նայում է վրաս ու ժպտում: Մամուլում բազմիցս գրվում էր, որ այդ ամենն արվում է հատուկ «Փյունիկի» համար, ու ես չեմ մեղադրում՝ ինքս էլ էդպես կմտածեի, քանի որ իմ ղեկավարած մրցավարները կատարել են միտումնավոր սխալներ: Պարզ է, որ դա արվել է հատուկ ինձ վարկաբեկելու համար»,- նկատեց Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ այսուհետեւ երեք փորձառու մրցավարներ աշխատանքներ կկատարեն երիտասարդների հետ, բացի այդ, նրանք կվերապատրաստվեն Իսպանիայում եւ Իտալիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել