Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԴՐԱՄԱ, «ՉԵՌՆՈՒԽԱ-ՊՈՌՆՈՒԽԱ» ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Դեկտեմբեր 15,2010 00:00

\"\"Արդի հայ դրամատուրգների գործերը՝ ըստ «Դրամատուրգիա» հանդեսի խմբագիր Կարինե Խոդիկյանի

Այս տարի հանրապետության մի շարք թատրոններում պետպատվերի շրջանակներում իրականացվեցին բեմադրություններ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ Ա. Գուերայի «7 ուղերձ նահանգապետին», Շեքսպիրի «Մակբեթ», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում՝ Շեքսպիրի «Լիր արքա», Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնում՝ Դավիթ Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը», Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ Շեքսպիրի «Սխալների կոմեդիա» եւ այլն:

Հատկանշական է, որ հայ դասական եւ ժամանակակից հեղինակներից պետական աջակցությամբ միայն մեկն է բեմադրվել՝ Դ. Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը»: Ասել է, թե մեր պետական բյուջեն հովանավորում է ո՛չ մեր ազգային գրականությունն ու արվեստը: Մխիթարական է, որ Աղասի Այվազյանի թատերգության փառատոնի շրջանակներում ոչ պետական խողովակներից հովանավորվել են նրա շուրջ 10 գործերի հիման վրա բեմադրված ներկայացումները:

«Առավոտը» հանդիպեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանին, ով լավ գիտե արդի դրամատուրգիայի վիճակը, ավելին, 11 տարի ղեկավարում է «Դրամատուրգիա» հանդեսը: Մեր մոտավոր հաշվարկներով, այդտեղ տպագրվել է հայ հեղինակների ավելի քան 200 պիես:

Տիկին Խոդիկյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այդ գործերը «խոսում» են ժամանակի հետ եւ արտացոլում այն բարեփոխումները, որոնք արձանագրվել են, օրինակ, ռուսական կամ եվրոպական դրամատուրգիայում: Մեր զրուցակիցը նշեց, որ «Դրամատուրգիա» հանդեսը չի ուղղորդում դրամատուրգներին, նրա առաքելությունն է՝ եղածը բերել դաշտ: Իսկ եթե այսօր այդ եղածը չի արժանանում մասնագետների ուշադրությանը, ապա տիկին Խոդիկյանը համոզված է, որ վաղը կամ մյուս օրը անպայման կգտնվեն սրտացավ ռեժիսորներ, ովքեր, ծանոթանալով 2000-2010թթ. «Դրամատուրգիայում» հրատարակված ստեղծագործություններին, ուշադրության կարժանացնեն: Նա հավելեց նաեւ, որ հանդեսը, անկախ այս կամ այն պիեսի գեղարվեստական արժեքից, հրաշալի արտացոլում է մեր օրերը: «Չի եղել մի դեպք, երբ հեղինակը ներկայացնի, ինչպես ընդունված է ասել՝ «նովայա դրամա», եւ այն տեղ չգտնի հանդեսում: Իհարկե, կա արվեստագետների խումբ, որ հակված է «չեռնուխա-պոռնուխայի»… Եթե տուրք չի տրվում վերջինին, ուրեմն, համոզված եմ, դա մեր ազգային նկարագրից է: Ասեմ նաեւ, որ այնպես չէ, որ ինչ ներկայացնում են՝ տպագրում ենք…»,- ներկայացրեց խմբագիրը: Նրան հիշեցրինք, որ կային ժամանակներ, երբ թատրոնները բողոքում էին, թե արդի հայ դրամատուրգիան ներկայանում է քիչ անուններով: Տարիների ընթացքում հանդեսում տպագրված պիեսներից քանի՞սն են բեմադրվել: «Նման վիճակագրություն չեմ անցկացրել, բայց որ «Դրամատուրգիայում» տպագրված պիեսները ուշադրության են արժանացել՝ փաստ է: Այն ռեժիսորը, որը կենսաբանորեն կոդավորված չէ իր ազգայինը տեսնելու, գնահատելու հարցում, մենք ոչինչ անել չենք կարող: Հետաքրքիր է՝ նրանք, ովքեր կոկորդ են պատռում, թե ժամանակակից գործեր չկան, գուցե ծանոթ չեն հանդեսին… Մյուս կողմից, «Դրամատուրգիայով» մենք ասում ենք՝ պարոն թատրոն, պարոն ռեժիսոր, կարդացե՛ք այս գործը, եթե այն ձեզ չի գրավում, ոչինչ անել չենք կարող, մենք դեղատոմս չենք առաջարկում, այլ ծանոթացնում ենք մերօրյա դրամատուրգների հետ»,- ասաց հանդեսի խմբագիրը: Ժամանակին ՀՀ մշակույթի փոխնախարարի պաշտոնը վարած դրամատուրգը հանդիսացել է նաեւ պետական աջակցության շրջանակներում թատրոններին գումար տրամադրող հանձնաժողովի համակարգողը: Թե քանի՞ հայ հեղինակի գործ է բեմադրվել իր պաշտոնավարման շուրջ 4 տարիների ընթացքում, Կ. Խոդիկյանն ասաց. «Կոնկրետ թիվ չեմ հիշում, բայց եթե նույն թատրոնը ներկայացրել է երկու հեղինակի, որից մեկը՝ հայ, ապա առաջնությունը տրվել է ազգայինին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել