Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՉՎԵՐԹԸ ՊԻՏԻ ԿԱՅԱՆԱ

Ապրիլ 15,2011 00:00

\"\"Ասում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցի ավարտին Բաքվում հայտարարություն են տարածել, որը ամփոփումն է ապրիլի 11-14-ը Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու կատարած այցերի: Տարածված հայտարարության մեջ համանախագահները նշել են, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված այդ հանդիպումներում քննարկվել են կարգավորման Հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության հասնելուն ուղղված հաջորդ քայլերը՝ շեշտելով, որ «եկել է Հիմնարար սկզբունքները ավարտին հասցնելու ու խրախուսելու եւ խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու ժամանակը»:

«Հիմնվելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ մարտի 5-ին Սոչիում արած համատեղ հայտարարության վրա՝ համանախագահները ներկայացրել են ճակատային գծի երկայնքով տեղ գտնող միջադեպերի՝ բոլոր կողմերի մասնակցությամբ հետաքննության մեխանիզմի ստեղծման նախագիծը: Համանախագահները շարունակելու են աշխատել կողմերի հետ հնարավորինս կարճ ժամկետում հետաքննության գործընթացի թափանցիկ ու օբյեկտիվ մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամրապնդել վստահությունը, նվազեցնել սխալվելու ռիսկերը եւ փրկել մարդկային կյանքերը»,- ասված է հայտարարության մեջ: Համանախագահները մտահոգություն են հայտնել ԼՂ-ում օդանավակայանի ծրագրված բացման առնչությամբ՝ նկատելով, թե դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը։ Համանախագահները նախազգուշացրել են, որ դեպի ԼՂ եւ ԼՂ-ից դուրս թռիչքների իրականացումը «չի կարող օգտագործվել որպես միջազգային օրենքներով Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի փոփոխմանը նպաստող հանգամանք»։ «Համանախագահները հորդորում են կողմերին՝ փոխըմբռնման հասնել միջազգային կոնվենցիաներն ու համաձայնագրերը կատարելու, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրենց օդային տարածքներով թռիչքների պրակտիկան պահպանելու հարցում: Համանախագահները ողջունում են կողմերի հավաստիացումները, որ կբացառվեն քաղաքացիական օդանավերի վրա հարձակումները կամ դրանց սպառնալիքները, հարցը տեղափոխել դիվանագիտական դաշտ եւ զերծ մնալ այն քաղաքականացնելուց»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ: Վերջիններս նաեւ տեղեկացրել են, թե ապրիլի վերջին մեկնելու են Վաշինգտոն՝ ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու եւ քննարկելու խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթացը:

Համանախագահների այս հայտարարությանն անդրադառնալով՝ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն ասաց, թե նախորդների համեմատությամբ այս մեկում միակ նորությունն այն է, որ բարձրացվել է Ստեփանակերտում օդակայանի բացման ծրագրի հարցը: «Պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը հայտարարել են, որ օդակայանը բացվելու է: Անկախ այս կամ այն կողմի մոտեցումներից, չեմ կարծում, ավելին՝ վստահ եմ, որ Երեւանն ու Ստեփանակերտը այնքան անլուրջ չեն եղել ու արկածախնդրությամբ չեն առաջնորդվել, որ կարող էին այդպիսի կարեւոր հարցում քայլեր ձեռնարկել եւ նման հայտարարություններ անել առանց միջազգային համապատասխան կառույցների՝ ICAO-ի, նաեւ՝ ԵԱՀԿ-ի հետ համաձայնեցնելու կամ խորհրդատվությունների: Հակառակ դեպքում դա շատ անլուրջ կլիներ: Եթե դա համաձայնեցված ծրագիր է, իսկ հայկական կողմն էլ եթե ժամկետ է նշել, Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ Երեւան-Ստեփանակերտ առաջին չվերթով ինքն է թռչելու, ապա պետք է խոսքի տերը լինել եւ ամեն ինչ անել, որպեսզի նշված ժամկետներում օդակայանը բացվի, եւ թռիչքն իրականացվի»,- ասաց Վլ. Կարապետյանը: Նրա դիտարկմամբ, համանախագահների հայտարարության մեջ եղած մտահոգության հասցեատերը Ադրբեջանն է, ուստի՝ «թող Ադրբեջանը մտածի»:

Նա ՄԽ համանախագահների հայտարարության մեջ եւս մի ուշագրավ պահ շեշտեց: Դա այն է, որ վերջիններս մեկնելու են Վաշինգտոն՝ ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Ընդդիմադիր գործչի կարծիքով, «սա արտառոց բան է»՝ այն իմաստով, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Բրադկեն, լինելով Քլինթոնի հրահանգով եւ նրա ենթակայության տակ գործող դիվանագետ, ինքը կարող էր բանակցային գործընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն տալ Քլինթոնին եւ ԱՄՆ կառավարությանը, եթե վերջիններս ուզում են դրան լավատեղյակ լինել: «Բայց քանի որ համանախագահների այց է նախատեսվում, ինչը շեշտվում է նաեւ հայտարարության մեջ, նշանակում է՝ այդ այցելությանը լրացուցիչ նշանակություն է տրվում»,- նկատեց Վլ. Կարապետյանը՝ կարծիք հայտնելով, թե դրանով Վաշինգտոնը փորձում է հակակշռել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերակատարությանը, շեշտել իր ներկայությունն ու ազդեցությունն այդ գործընթացում: ՀԱԿ ներկայացուցիչը միաժամանակ նկատեց, թե խնդրի կարգավորման համատեքստում «առաջին ջութակի» դերում, այդուհանդերձ, կմնա Ռուսաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել