Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԻ ՊԱՌԱԿՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է

Ապրիլ 23,2011 00:00

Ավելի քան 25 տարի Ուկրաինայում ապրող Անահիտ Սարգսյանին օտարները գնահատել են, մերոնք՝ ոչ: Նա վստահ է, որ Հայաստանի երիտասարդներին հայ պահելու խնդիր կա:

1985 թվականից Ուկրաինայի Խարկով քաղաքում ապրող Անահիտ Սարգսյանը 14 գրքի, 150 երգի հեղինակ է: «Ես Հայաստանից չեմ հեռացել, ամուսնացել եմ խարկովցու հետ եւ երեւի Աստծո կամոք էր դա, որովհետեւ այնտեղ դարձա բանաստեղծ, արձակագիր եւ երգահան»,- մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Սարգսյանը:
Ըստ Անահիտ Սարգսյանի, դաժան ճակատագրի բերումով օտար ափեր հասած հայերի հետագա սերունդները կամաց-կամաց կորցնում են ինքնությունը, ձուլվում. «Ուկրաինայում հայերը չեն խոսում ոչ հայերեն, ոչ ուկրաիներեն, խոսում են ռուսերեն: Մենք յուրահատուկ ռուսական հիվանդություն ունենք, մեր փրկությունը կապել ենք ռուսների հետ եւ տուժել ենք: Բայց մենք հույսներս մեզ վրա պետք է դնենք»: Մեր զրուցակիցը պնդում է, որ հայապահպանությանը պետք է ծառայեին նաեւ իր գրքերը, որոնք տպվել են ինչպես հայերեն, այնպես էլ՝ ռուսերեն ու ուկրաիներեն: Գրքերը Ուկրաինայում տպվել են պետպատվերով կամ տեղական իշխանությունների աջակցությամբ: Գրքերի հայ հովանավոր՝ Անահիտ Սարգսյանը չի ունեցել:
Անահիտ Սարգսյանի գրքերը հասել են նաեւ հայկական այլ գաղութներ՝ Մերձավոր Արեւելք, ու հեղինակը Հալեպի, Լաթաքիայի, Ռաքքայի, Քեսապի հայ գաղութների համար Ուկրաինայի գաղութի մասին դասախոսություն կարդալու հրավեր է ստացել: «Սփյուռքի տարբեր հատվածները իրար հետ կապ չունեն: Հալեպում չգիտեն Ուկրաինայի հայերի մասին, իրար հետ չեն շփվում… Ռաքքայի երկհարկանի հրաշալի դպրոցում 200 աշակերտից միայն 50-ն է հայ, մնացածը՝ արաբ: Մտահոգիչ ու տխուր վիճակագրություն է, բայց երբ նայում էիր մեր երեխաների աչքերին, երբ լսում էիր, թե ինչպես են աղոթքի նման արտասանում Շիրազի «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես…», շատ հուզիչ էր»:
Մերձավոր Արեւելք հասած գրողը եղել է նաեւ Դեր-Զորում ու 1915-ին սպանված հայերի դեռ անթաղ ոսկորների բլուրների մոտ ու Դեր-Զորի եկեղեցի-թանգարանում լինելուց հետո գրել «Ոգու աչքերով» գիրքը, որը լույս է տեսել անցած տարի: «Դու հպվում ես քո անցյալին, քո պապերի ոսկորներին, որ մինչեւ հիմա նայում են երկնքին, իսկ աշխարհը անբարո, դեռ գուշակում է՝ եղե՞լ է եղեռն, թե՝ չէ: Ես մի բուռ ոսկոր բերեցի, որոնք հողին հանձնվեցին Երեւանի թիվ 181 դպրոցի բակում եւ հուշաքար դրվեց»,- պատմում է Անահիտ Սարգսյանը:
Մեր զրուցակիցը 1991 թվականին Խարկովում հիմնադրել է «Հայ մշակույթի կենտրոն»՝ հայապահպանության համար: «Հայ մշակույթի կենտրոնը» մեկ հայ հովանավոր է ունեցել, հիմա չունի, ունի լուրջ խնդիրներ. «Ուկրաինայում հենց մի հայ մյուսից նեղանում է, կազմակերպություն է բացում ու առանց հասկանալու անունը դնում՝ համայնքային: Պառակտողական այս քաղաքականությունը ողբերգական է: Այս մասին իմանում են նաեւ օտարները ու սա էլ մի ուրիշ ողբերգություն է»:
2007-ին էլ Երեւանում Անահիտը հիմնադրել է գրական-երաժշտական «Համանվագ» կենտրոնը, որքան էլ զարմանալի է՝ էլի հայապահպանության համար. «Զարհուրելի էր տեսել, թե Հայաստանում երեխաները ինչ լեզվով են խոսում: Հայերեն չէ: Օտարահունչ լեզու: Գուցե անհավատալի բաներ եմ ասում, բայց Մերձավոր Արեւելքում հայերը շատ ավելի էին պահում իրենց հայությունը, քան Հայաստանում: Այստեղ հայերենը արժեզրկվել է, հայ մշակույթը թուրք-հնդկական ռիթմերով է, հայաբառ, բայց անլեզու: Երգեր, որ երգեր չեն: Ու հասկացա, որ Հայաստանում խնդիր ունենք, պետք է հայերենի անաղարտության հարցերով զբաղվենք, մշակութային ճաշակ ներարկենք երեխաներին, որ հեռացել են արմատներից: Բայց այս ճանապարհին հանդիպեցի տխուր երեւույթների»:
Ըստ նրա, ինքը փորձել է համագործակցել ՀՀ գրողների միության եւ սփյուռքի նախարարության հետ, բայց՝ ապարդյուն. «Սփյուռքի նախարարությունը պայմաններ է ստեղծում սփյուռքում: Շատ լավ է անում: Բայց եթե դա անում են, իսկ այստեղ պայմաններ չեն ստեղծում, որ Հայաստանի հայերը հեռանան սփյուռք բարվոք ապրելու համար, հայաթափման համար են անում, ապա… Ես պաշտում եմ հայրենիքս, բայց բոլոր պայմանները ստեղծված են, որ ես այստեղ երկար չմնամ ու հակառակը՝ գնամ: Ուզում էի հայրենիքում գիրք տպագրել, բայց Հայաստանում դա ոչ ոքի հետաքրքիր չէր: Ինձ տիտղոսներ պետք չեն: Տխուր էր, երբ քո հայրենիքում քո արածը արժեք չունի: Միգուցե իմ փորձը օգտակար լիներ, իսկ ում միջոցով տարածել, եթե ոչ հայրենիքի: Բայց մարդիկ տխրեցին, երբ ցանկացա Ուկրաինայում պետպատվերով տպված իմ գրքի շնորհանդեսը կազմակերպել: Սփյուռքի նախարարությունից ասացին՝ է գրել եք՝ գրել եք, ի՞նչ անենք, մեդա՞լ տանք ձեզ: Գրողների միությունն էլ մերժեց շնորհանդես կազմակերպելու իմ առաջարկը: Ես ինձ սփյուռքահայ չեմ համարում, թեեւ 25 տարի դրսում եմ ապրում: Խոսում եւ գրում եմ հայերեն ու ուկրաինացիք իմ հենց այդ հատկանիշն են գնահատում: Ասել է թե՝ ուկրաինացիք ունեն ազգային դեմք եւ գնահատում են այլոց ազգային դեմքը: Իսկ Հայաստանում՝ ոչ: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը վիրավորվել է, երբ ես քննադատել եմ ու ասել, որ համահայկական համաժողովները անարդյունավետ էին եւ ինձ «դատապարտել» է՝ ամենուրեք փակելով իմ ճանապարհները: Ինքս եմ Հայաստան եկել իմ գրքերով ու մնացել անարձագանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել