Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՅԻՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ

Հուլիս 22,2011 00:00

\"\"Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը մեծ աղմուկ է բարձրացրել մայրաքաղաքի ավտոճանապարհներին ամերիկյան քաղաքական գործիչների ավտոշարասյուների պատճառով առաջացող խցանումների առնչությամբ: The London Evening Standard բրիտանական թերթի մատուցմամբ, նման վերջին դեպքը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին՝ Լոնդոն կատարած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական այցի ժամանակ: Քաղաքապետը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների առաջնորդը մայրաքաղաքի ավտոճանապարհին խցանում առաջացնելու համար տուգանվել էր 120 ֆունտ ստերլինգի՝ մոտ 200 դոլարի չափով: Քաղաքապետն ասել է, թե տուգանքի չափը մեծ չէ, բայց դա Լոնդոնի համար մեծ խնդիր է: 2003թ.-ից ի վեր ամերիկացի քաղաքական գործիչները կուտակել են 5 մլն 800 հազար ֆունտ ստերլինգ (8,7 մլն դոլար) տուգանք, բայց Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատունը չի շտապում դրանք վճարել: Այդ մասին շեշտում է Associated Press-ը՝ հավելելով, թե դեսպանատան իր աղբյուրը պարզաբանել է, թե տուգանքները չի վճարում միանգամայն օրինական հիմքով: Բանն այն է, որ դիվանագիտական հարաբերությունների մասին Վենետիկի կոնվենցիան արգելում է տուգանքի ենթարկել դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին:

Պարբերականը հիշեցնում է, որ Բարաք Օբամայի՝ «Գազան» անունը ստացած լիմուզինը մայիսին, Եվրոպայում կատարած այցի ժամանակ, տեխնիկական անսարքություններ է ունեցել: Այսպես, Դուբլինում ԱՄՆ դեսպանատան մոտ նախագահի զրահապատ ավտոմեքենայի տակի հատվածը գետնին էր հարվածել եւ արգելակվել հենց հավաքված ամբոխի առաջ: Օբամա ամուսինները մեքենայում էին մնացել այնքան ժամանակ, մինչեւ մեքենան նորոգվել էր, իսկ մինչ այդ ավտոճանապարհին մեծ խցանում էր առաջացել: Ավելի ուշ այդ միջադեպի տեսագրությունը հայտնվել էր համացանցում:

Ի դեպ, բացի ԱՄՆ-ից, տուգանքի պարտքեր են կուտակել նաեւ Լոնդոնում ՌԴ դեսպանատան դիվանագետները: Նրանց պարտքը կազմում է 4,4 մլն ֆունտ ստերլինգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել