Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախլիկություն` ոչ թե արատ, այլ՝ անհատական առանձնահատկություն

Հոկտեմբեր 29,2011 19:27

 

«Չեմ գրելու աջով, աջով հարմար չի, թողեք ձախով գրեմ»,-այս խոսքերն Անահիտի համար այժմ անցյալ են դարձել: Նա դպրոց է գնացել 1992թ, որտեղ աղջկան  և՛ ուսուցիչը,  և՛  մայրը  ստիպել են գրել աջ ձեռքով. ձախլիկ էր: Արդյունքում Անահիտի մոտ առաջանում են  մի շարք խնդիրներ. Մայրը՝ Մարինեն, նկատում է՝ երեխայի խոսքը լավ զարգացած չէ, դպրոցում նրա դասարանը թելադրություն է գրում, ինքը ընդամենը մեկ բառ եւ այլն: «Որոշեցինք դիմել լոգոպեդի օգնությանը, ինչի արդյունքում պարզվեց, որ խնդիրն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում էինք»,-ասաց  տիկին Մարինեն. ըստ բժշկի՝ աղջիկը մտավոր թերզարգացած էր:

Մայրն այս ամենը կապում է աղջկան հարկադրաբար աջլիկ դարձնելու հետ:

Այժմ Անահիտը 19 տարեկան է, շուրջ 10 տարի է՝ օգտվում է լոգոպեդի ծառայություններից. աղջկա մոտ նկատվում է առաջխաղացում:

Երեւանի պետական բժշկական   քոլեջի դասախոս, լոգոպեդ Սուսաննա Աղեկյանը ձախլիկությունը համարում է  ուղեղի կառուցվածքային առանձնահատկություն: «Աջ կամ ձախ ձեռքի առաջատարությունը որոշվում է ոչ թե երեխայի կամքով կամ ցանկությամբ, այլ՝ գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերի գործառույթների հատուկ բաշխմամբ և հիմնականում այն ժառանգական ծագում ունի, հետեւաբար մանկավարժի ու ծնողի կողմից այն պետք է դիտվի ոչ թե արատ, այլ՝ անհատական առանձնահատկություն»,-ասում է լոգոպեդը: Ս. Աղեկյանի խոսքերով՝ մարդու անատոմոֆիզիոլոգիական առանձնահատկություններից մեկն այն է, որ գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերը նախատեսված են տարբեր գործառույթների իրականացման համար: «Ապացուցված է, որ աջ կիսագունդը ընկալում է մեզ շրջապատող բոլոր ոչ խոսքային ձայները: Իսկ ահա ձախը համարվում է խոսքային, քանի որ այստեղ է գտնվում խոսքի գլխավոր կենտրոնները»,-պարզաբանում է նա` հավելելով, որ այս կապը հատկապես նուրբ ու խոցելի է վաղ տարիքում, երբ ձևավորվում է երեխայի խոսքը, այդ  պատճառով երեխայի մոտ առաջանում են  մի շարք բարդություններ` զարգացման հապաղում, նևրոզ, տարածության մեջ կողմնորոշվելու անկարողություն եւ այլն: Լոգոպեդը նշեց նաև, որ ներկայումս փոխվել է տեսակետը ձախլիկների նկատմամբ: «Եթե խորհրդային ժամանակաշրջանում ձախլիկությունը թերություն էր համարվում ու մեծահասակներն ամեն ինչ անում էին իրենց «մոլորված» փոքրիկներին աջլիկ դարձնելու համար, ապա այսօրվա իրականությունը այլ է.  մանկավարժը գիտակցում է, որ ճնշելով ձախլիկությունը՝ ազդում են երեխայի բնականոն զարգացման վրա»,-ասում է Սուսաննա Աղեկյանը:

Թիվ 110 դպրոցի դասվար Հերմինե Թադևոսյանն էլ կարևորում է, որ այժմ երեխաները ինքնուրույն`առանց պարտադրանքի, որոշում են կայացնում, թե, որ ձեռքով են ցանկանում գրել: «Եղել են դեպքեր, որ ես ինքս պարտադրել եմ իմ աշակերտներին գրել աջ ձեռքով, բայց այսօր փառք եմ տալիս Աստծուն, որ նրանց մոտ որևէ խնդիր չի առաջացել»,-ասաց Թադևոսյանը`հավելելով, որ պարտադրանքի արդյունքում երեխայի մոտ առաջանում է անվստահություն սեփական անձի նկատմամբ, ինչպես նաև երեխան  խուճապի  է մատնվում` չիմանալով, որ ձեռքով գրել  և արդյունքում ընկնում է դեպրեսիոն վիճակի մեջ: Թադևոսյանը տեղեկացրեց, որ ներկա պահին դասղեկական դասարանում  կան  ձախլիկ երեխաներ, որոնց չի  պարտադրում է աջով գրել: «Սա է ճիշտը»,- համոզված է ուսուցչուհին:

Պերճուհի Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31