Լրահոս
Օրվա լրահոսը

Գալիս են նոր ժամանակներ

Նոյեմբեր 15,2011 12:43

Երկրի օրենսդիր մարմնի վերջին ճիգերը

Ազգային ժողովի շենքը հրաժարականներ շատ է տեսել՝ եւ Արմեն Խաչատրյանի աղոթքի ձեւով, եւ Բաբկեն Արարքցյանի սկզբունքային հայտարարության ձեւով, եւ Արթուր Բաղդասարյանի քաղաքական հայտարարության տեսքով, եւ այլ հանգամանքների բերումով, բայց որ ԱԺ նախագահը հրաժարական տա «այլ աշխատանքի» անցնելու կապակցությամբ, կարծեմ, դեռ չէր եղել: ԱԺ նոր, կիսակլոր դահլիճի համար եւս Հովիկ Աբրահամյանի՝ երեկ հնչեցրած հրաժարականը առաջին ծիծեռնակն էր: Խորհրդարանի շենքում արդեն նոյեմբերի առաջին օրերից էր պտտվում հրաժարականի ուրվականը, եւ միայն երեկ այդ հրաժարականը միս ու արյուն ստացավ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բավականին արժանապատվորեն, առանց աչքն իսկ թարթելու, անգամ ժպիտով եւ հումորով ԱԺ ամբիոնից կարդաց իր իսկ հրաժարականի դիմումը: Դահլիճը ծափահարեց: Սակայն միայն «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն էր, որ շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, մյուս խմբակցությունները եւ ոչ էլ անկախ պատգամավորները նման բան չարեցին, համենայնդեպս՝ հրապարակավ:

ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրաժարականից անմիջապես հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Պարոն Շարմազանովն ասաց. «Թե հրաժարականները, թե պաշտոնանկությունները, թե տեղափոխումները նորմալ եւ բնական երեւույթ պետք է դիտել: Ոչ միայն Հայաստանում է այդպես, այլեւ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում: Մեզ համար՝ Հանրապետական կուսակցության համար, շատ կարեւոր է ապագա ընտրությունների անցկացման հարցը: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել առաջին հերթին մեր հասարակության առջեւ: Նախագահ Սարգսյանն իր երդմնակալության ժամանակից մինչ այսօր բոլոր ելույթներում խոսել է բարեփոխումների մասին, եւ նաեւ քաղաքական մեծամասնության գործերն ուղղված են եղել մեկ նպատակի՝ որպեսզի մեր երկրում շարունակվեն համակարգային բարեփոխումները: Եվ մեզ համար շատ կարեւոր է լինելու ապագա խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Եվ քանի որ Հանրապետականը՝ նախագահի գլխավորությամբ, պատասխանատվությունը գիտակցում է որպես քաղաքական լուրջ կատեգորիա, մենք շատ լուրջ ենք մոտենում ընտրությունների հարցին եւ բոլոր քաղաքական ուժերի եւ մեր հասարակության հետ համատեղ պատրաստակամ ենք, որ 2012-ի ընտրությունները որակական նոր փուլ լինեն մեր երկրում ժողովրդավարության զարգացման ճանապարհին»:

Երեկվա ընթացքում ԱԺ նախագահի հավանական թեկնածուների անուններ էին շոշափվում, ընդ որում՝ այնքան ոգեւորվեցին, որ որպես հավանական թեկնածու անգամ Վարդան Այվազյանի անունն էին շոշափում: Մենք առանց դեսուդեն ընկնելու՝ ուղղակի պարոն Այվազյանին հարցրինք՝ ինքը գիտի՞, որ իր անունը եւս շոշափվում է ԱԺ նախագահի հավանական թեկնածուների շարքում: Ի պատասխան՝ լսեցինք. «Ընձի հանեք, ա՛յ ձեր աստծուն մեռնեմ, ես ի՞նչ գործ ունեմ: Ընչի՞, գտնում եք, որ ես իմ աշխատանքը որպես հանձնաժողովի նախագահ վա՞տ եմ կատարում: Շատ ավելի արժանավորները կան, մենք էլ բոլորս կանք, կուսակցությունը ում կորոշի՝ նրան էլ կանենք, ինչ ա՞ եղել»: Մեր հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ընդդիմադիր խմբակցությունները եւս ԱԺ նախագահի համար իրենց թեկնածուն առաջարկեն, պարոն Այվազյանն ասաց. «Ընդդիմության ձեռքն է, ինչ կուզի՝ էն կառաջարկի, մենք ո՞վ ենք, որ ընդդիմության իրավունքները սահմանափակենք»:

«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէր մեզ հետ, թե Ստեփան Սաֆարյանը բարձր գնահատեց ԱԺ նախագահի գործունեությունը. «Ես չեմ կարծում՝ ինքը լավ գնահատեց, ինքը քաղաքավարական կանոնները պահեց եւ շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար: Ես ունեմ իմ սուբյեկտիվ գնահատականը եւ կարծում եմ, որ ԱԺ-ն իր գործունեության ընթացքում ամբողջական չի կարող լինել, քանի դեռ ձեւավորվում է այնպիսի ընտրությունների արդյունքում, ինչպիսին եղել են մինչ այժմ՝ ընտրակեղծիքներով»:

Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ ընդդիմադիր խմբակցությունները հանդես կգան ԱԺ նախագահի կամ փոխնախագահի այլընտրանքային թեկնածուով, մանավանդ՝ «Ժառանգությունը» նման գործելաոճ ունի, եւ արդեն կան նախադեպերը: Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ իրենք այլընտրանքային թեկնածուի առաջադրման հարց դեռ չեն քննարկել. «Տեղակալի պարագայում՝ չեմ բացառում, թեպետ մենք նման հարց դեռ չենք քննարկել: Բայց եթե մենք իսկապես ուզում ենք առաջ նայել, ուրեմն դա չի բացառվում, քանի որ «Ժառանգությունը» մշտապես նշել է, որ ԱԺ նախագահությունում պետք է անպայման ընդդիմադիր մարդ լինի»:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե ընդդիմությունն, իհարկե, ունի իր թեկնածուն առաջադրելու իրավունք, բայց «այս դեպքում, կարծում եմ, դա կլինի ձեւական, քանի որ ԱԺ նորընտիր նախագահը, հասկանալի պատճառներով, ընդամենը ընթացակարգային խնդիրներ պետք է լուծի, չեմ կարծում, թե ընդդիմությունն իր թեկնածուին կառաջադրի, չնայած այդ իրավունքն ունի»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե ԱԺ նախագահի նոր թեկնածուի անվան շուրջ քննարկումներ դեռ չկան. «Սպասում ենք հրաժարականի համար անհրաժեշտ բոլոր օրերի ավարտին, երբ կլինի առաջադրման խնդիրը՝ դրանից մեկ-երկու օր առաջ կհավաքվենք, կմտածենք, կքննարկենք, մանավանդ՝ հինգ-վեց ամիս ժամանակ է մնացել ԱԺ գումարման ավարտին»: Մեր ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ԱԺ նախագահ չընտրվի, եւ տեղակալներից առաջինը պարզապես կատարի պարտականությունները, պարոն Սահակյանն ասաց, որ նման բան չի կարող լինել՝ ըստ օրենքի. «Որեւէ մեկս կլինի ԱԺ նախագահ, այլ բան է, երբ ամենաբարդ ժամանակաշրջանը հենց այս ժամանակաշրջանն է, երբ ավարտվում է ԱԺ աշխատանքը»:

Ըստ ԱԺ Կանոնակարգ-օրենքի՝ Հովիկ Աբրահամյանը եւս չորս օր դեռ ԱԺ նախագահ է, քանի դեռ օրենքով սահմանված օրերից հետո (հրաժարականը հնչեցնելու պահից հետո հինգ օր) չի կրկնել իր հրաժարականի մասին դիմումը:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետ զուգահեռ՝ հայտնի դարձավ, որ իրենց զբաղեցրած պաշտոններից հեռանում են նաեւ Հովիկ Աբրահամյանի հետ խորհրդարան եկած պաշտոնյաներից մի քանիսը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930