
Հիվանդանոց մեկնած Վանաձորի ոստիկանության բաժնի օպերատիվ քննչական խմբին Վոլոդյա Ադամյանը հայտնել է, որ վնասվածքները ստացել է Լանջային փողոցի թիվ 32 հասցեի մոտ՝ անհայտ անձի կողմից իր վրա հարձակվելու հետեւանքով:
Պարզվել է, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի թիվ 79 հասցեի մոտից նա անհայտ անձին տեղափոխել է Լանջային փողոցի թիվ 32 տան մոտ, որտեղ ուղեւորը դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ադամյանին եւ առեւանգել նրան ամրակցված «Նիսսան Սաննի» մակնիշի ԼԼ1600 համարանիշի ավտոմեքենան:
Նույն օրը ժամը 00.12-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի կողմից գործողության մեջ է դրվել ավտոհետախուզում հատուկ միջոցառման պլանը: Ձեռնարկված օպերատիվ, հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 12-ին ժամը 01.50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի եւ Սպիտակի բաժինների ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի աշխատակիցների կողմից հետապնդվել է առեւանգված ավտոմեքենան: Վերջինիս վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին ու դիմել է փախուստի: Այնուհետեւ Սպիտակի բաժնի անչափահասների գործերով բաժնի օպերլիազոր Սամվել Սողոմոնյանի եւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին դասակի տեսուչ Ռադիկ Ներսիսյանի կողմից օգտագործվել է զենք: Ռադիկ Ներսիսյանն իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել փախուստի դիմած ավտոմեքենայի անվադողերի վրա, որի հետեւանքով Վանաձոր-Ապարան ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրի՝ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտ հարկադրաբար կանգնեցվել է մեքենան:
Կարդացեք նաև
Ոստիկաններն այնուհետեւ կարողացել են վնասազերծել ավտոմեքենան առեւանգողին, որի մոտ նաեւ հայտնաբերվել է արյունոտ դանակը: Առեւանգողը՝ 1981 թվականին ծնված Արամ Սարգսյանը տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժին: Նա քննիչի կողմից ձերբակալվել է: Իսկ բազմաթիվ վնասվածքներ ստացած Վոլոդյա Ադամյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


















































