Լրահոս
Օրվա լրահոսը

2011-ին Հայաստանն ունեցավ նաեւ ձեռքբերումներ

Դեկտեմբեր 26,2011 13:59

2011թ-ին Ղարաբաղի հարցում ռուսական միջնորդությունը ձախողվեց. երեւակվեց, որ հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում չէ, եւ փառք Աստծո։ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի ընդունումը եւ մոլորակի միակ գերտերության՝ հայ ժողովրդին ցուցաբերվող ակնհայտ աջակցությունը պատվարներ են, որ առայժմ լրջորեն պաշտպանում են Հայաստանին ռուս-թուրքական գրոհներից. վերջինների ռազմատնտեսական համագործակցությունն այս անգամ չի կարողանալու զոհաբերել հայկական հետաքրքրություններն այնպես, ինչպես եղավ 1921-ին։ Հայաստանի զարգացման իրական խոչընդոտն այսօր էլ ռուսական ԱՊՀ, ՀԱՊԿ դաշինքների կազմում մնալն է։ Եվրոպական զագացած ու զարգացող երկրներ պաշտոնական այցելություն կատարած մանր ու մեծ պաշտոնյաների մեծ մասի համար է նույնիսկ պարզ դարձել, որ ինչքան շուտ դուրս գանք ռուսական լիակատար ազդեցության գոտուց, այնքան շուտ կգտնենք զարգացման հուսալի ճանապարհը՝ մեր երբեմնի բախտակից մի շարք ժողովուրդների օրինակով։

 3 տարվա ընդմիջումից հետո վերաբացված Ազատության հրապարակում վերականգնվեց հանրահավաք անցկացելու իրավունքը։ Պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դարձավ հրապարակային տեւական հացադուլ կատարած առաջին հայ պատգամավորը փաստացի վերականգնեց Ազատության հրապարակում քաղաքական միջոցառումների ավանդույթը։ Ազատության հրապարակում անցկացվեցին բազմաթիվ հանրահավաքներ, նաեւ տեւական նստացույց։ Ակնկալվում է, որ 2012-ին Ազատության հրապարակում դեռ կհնչեն բեկումնային ելույթներ:

2011-ին եղան երկխոսություն-բանակցություններ իշխանական կոալիցիայի եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի պատվիրակությունների միջեւ, ինչով բարդ խնդիրները ոչ թե բախումներով ու արյունահեղությամբ, այլ երկխոսությամբ լուծելու նախադեպ հիմնադրվեց։ Գալիք 2012 եւ 2013 թվերին նախընտրական եւ հետընտրական վեճերը հարթելու համար երկխոսությունն այն արդյունավետ գործիքն է լինելու, որի օգնությամբ առանց մարտի 1-երի հնարավոր է լինելու լուծել իշխանության հարցը։ Այլ հարց է, թե մեր իմաստնությունը բավարարելու՞ է այդ գործիքից հմտորեն օգտվելու համար:

2011-ին թեեւ ռուսական իշխանություններին հաջողվեց ՀՀ ԱԺ-ում անցկացնել ՀՀ-ում երբեւէ ընդունված ամենահակահայ օրենքը՝ «ՀՀ լեզվի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելը, սակայն երեւակվեց այն առողջ կորիզը, որը մոտ ապագայում ետ է շրջելու կատարված չարիքը: Դրա համար հույս է ներշնչում այն, որ հասարակական նախաձեռնության հաջորդ գրոհը 2011-ին պսակվեց հաղթանակով՝ կասեցվեց Թռչկանի ջրվեժի վրա հէկի կառուցումը, եւ Թռչկանի ջրվեժը ստացավ անձեռնմխելիության իրավունք։ Հասարակական նախաձեռնություններին հաջողվեց քանդել մեր պետությունը ներսից քայքայող տաբուներ, ինչպիսիք են բանակի ու եկեղեցու մասին լռելը. արդեն իսկ երեւում են բացախոսության առաջին դրական արդյունքները, երբ բանակի ու եկեղեցու ղեկավարները ստիպված եղան զգոն լինելու, սեփական կամայականությունները թեկուզ առայժմ նվազ չափով, բայց՝ զսպելու: Համացանցային տարատեսակ հասարակական նախաձեռնությունները որոշակիորեն բարձրացրին քաղաքացիական ակտիվությունը, ինչն արդյունավետ կիրառություն է գտնելու  առաջիկա 1-2 տարում սպասվող քաղաքական էական վերափոխումներն իրականացնելու ժամանակ, էվոլյուցիոն կամ ռեւոլյուցիոն ճանապարհով։

2011-ին շրջանառության մեջ դրված «Գաղտնազերծման մասին» օրինագիծը արժանացավ հասարակության մի զգալի մասի հավանությանը։ Լրատվամիջոցները, քաղաքական, մշակութային գործիչները խոսեցին նախկին խորհրդային գործակալներին շարունակվող գերությունից ու անցյալի նվաստացուցիչ խարանից ազատելու անհրաժեշտության մասին։ Գաղտնազերծման մասին շարունակվող քննարկումներն ինքնաբերաբար բարձրացնելու են քաղաքացիական ինքնագիտակցությունը։ Բնական է, որ այս օրինագծին կողմ արտահայտվողները կձեւավորեն դաշինքներ։ 5 ամիս անց փոխվելիք կառավարությունը (ավելի ճիշտ՝ կառավարության մեջ ներթափանցած ԿԳԲ-ի գործակալները եւ Ռուսաստանում բուծված գործիչները, որոնց Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն հետաքրքրում) 52 էջանոց տխմար գնահատական տվեց այս օրինագծին։ Նրանք, ովքեր «Գաղտնազերծման մասին» օրենքին կողմ են, շատ արագ ստվարանալու եւ իրականացնելու են անկախության ու ժողովրդավարության 2-րդ փուլը, որը Հայաստանը թեւակոխելու է մոտ ապագայում։

2011-ին փաստացի գործող նախագահը կաթոլիկների առաջնորդ Հռոմի Պապի ընդունելությանն արժանացավ։ Այս քայլով կարծես թե մոտեցանք Քրիստոնեական զարգացած աշխարհի հետ առավել կառուցողական համագործակցության ճանապարհին: Եվ այսօր արդեն քրիստոնեական Աշխարհն ակնկալում է տեսնել Հայաստանի հստակ ընտրությունը պուտինյան-եվրասիական կայսրապաշտության եւ արեւմտյան քաղաքակրթական արժեքներով գործող երկրները միավորող Եվրոպական համագործակցության միջեւ։ Հայ ժողովրդի առաջադեմ հատվածի համար բնականորեն մերժելի է լինելու հետխորհրդային՝ Ոսկե հորդայի բեկորների միավորման մեջ ներգրավվելը: Եթե Հռոմի Պապի օրհնությունը ստացած փաստացի գործող նախագահին ինչ-որ հրաշքով հաջողվի դուրս գալ հակաքաղաքակրթական ճահճից, ապա կարողանալու է շարունակել պաշտոնավարումը՝ ընդհուպ մինչեւ անարյուն, գուցեեւ՝ պատվով հեռացում. հակառակ պարագայում` իշխանափոխությունն ընդդիմադիր գործիչների օրակարգային հավակնությունից կվերածվի օրակարգային գլոբալ խնդրի:

 

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։

ԹԱԹՈՒԼ  ՄԿՐՏՉՅԱՆ

Պահպանողական կուսակացության քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031