Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Ես քաղաքապետ եղած ժամանակ զուգարանների հարցով չեմ զբաղվել»

Հունվար 25,2012 21:30

Նույնիսկ նման զուգարանները չարժեն հիսուն միլիոն դրամ` յուրաքանչյուրը:

Ֆեյսբուքում եւ առհասարակ ողջ համացանցում բուռն քննարկումների տեղիք է տվել ՀՀ կառավարության՝ 2010-ի 1179-Ա որոշումը, ըստ որի 100մլն դրամ է տրամադրվել՝ Երեւանում 2 հասարակական զուգարաններ գնելու եւ տեղադրելու համար: Մեզ՝ շարքային քաղաքացիներիս համար, այդ գումարը չափազանց մեծ է, եւ որքան էլ կառավարության պայմանագրերում մանրամասն նկարագրեն, որ զուգարանի դուռը բացվելու է ավտոմատ՝ կոպեկը գցելով, զուգարանն ավտոմատ պարզաջրվելու է, հատակն ինքնալվացվելու է, զուգարանից օգտվողը լվացվելու եւ օճառվելու է նույնպես ավտոմատ համակարգերով, միեւնույն է, զուգարանային այդ «ճոխությունները» սուղ բյուջե ունեցող մեր երկրի պայմաններում ոչ մեկիս «աչքին չի երեւում», թեկուզ՝ զուգարանի պատերը ոսկուց լինեն:

Հաշվի առնելով, որ մայրաքաղաքում հասարակական զուգարաններ տեղադրելը քաղաքային իշխանության գործառույթն է, ավելի օբյեկտիվ գնահատական ստանալու համար, թե 100 մլն դրամը 2 հասարակական զուգարանների համար շա՞տ է, թե՞ քիչ, այսօր Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանից:

Նա վստահեցրեց, որ իր ժամանակ նման հարցեր չեն դրել իր առաջ եւ զուգարանների գներից էլ տեղյակ չէ. «Որովհետեւ մենք նման հնարավորություն չունեինք, պարզ ասեմ՝ ես քաղաքապետ եղած ժամանակ զուգարանների հարցով չեմ զբաղվել, բայց աշխարհում 2 ձեւ կա. եթե զուգարաններ չեն լինում, քաղաքապետարանը բոլոր ռեստորանների, հյուրանոցների, հետ պայմանագիր է կնքում, որ նրանք չպետք է արգելեն մարդկանց՝ օգտվելու իրենց զուգարաններից, օրինակ՝ Նյու Յորքում այդպես է: Կարծում եմ, դա ավելի ճիշտ կլիներ եւ ավելորդ գումարներ պետք չէր ծախսել, այսօր Հայաստանի Հանրապետությունը նման գումարներ չունի, որ այդպիսի խոշոր ծախսեր անի զուգարանների վրա: Մանավանդ, որ չի կարողանում իր աղքատների հարցը լուծի, չեմ կարծում, որ աղքատներին թողած՝ զուգարանների հարցն այդքան հրատապ էր»:

Պարոն Խաչատրյանը հիշեց, որ ի տարբերություն Նյու Յորքի, Օպերայի մոտ ՀԱԿ-ի նստացույցի ժամանակ կառավարությունը ճիշտ հակառակը արեց, արգելեցին, որ օբյեկտները, ռեստորաններն իրենց զուգարաններից թույլ տային մարդկանց օգտվել.«Ի վերջո, տարածքների խնդիր էլ կա, ինչու ավելորդ տարածք տրամադրեն՝ զուգարանների համար: Փարիզում այլ է, այնտեղ բիոզուգարաններ են, որոնք կարող են երեսդ էլ լվանալ, ամեն ինչդ էլ, ուղղակի մեր երկրում, Երեւանում այնքան գործ կա անելու, որ նման թանկարժեք զուգարանների հարցը կարեւոր չէ, երեւանցիների համար այսօր հաստատ ավելի կարեւոր խնդիրներ կան: Գործ են ուզում անել՝ թող մի 10 հատ ծառ տնկեն»:

Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ զուգարանները գնելու եւ տեղադրելու ծառայությունները մատուցելու է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031