Aravot.am-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի անունով: Հետաքրքրվել էինք, թե ինչու են ակադեմիայի ինստիտուտներում մարդկանց՝ մասնավորապես վաստակաշատ գիտաշխատողներին ազատում աշխատանքից Scopus-ում հոդված չունենալու հիմքով:
«Գիտական կադրերի ատեստավորումը և գիտական պետական կազմակերպություններում ու բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ստորաբաժանումներում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնների գնահատումն իրականացվում է ՀՀ Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշմամբ հաստատված գիտական կադրերի ատեստավորման կարգի և որոշմամբ սահմանված նվազագույն քանակական և որակական չափանիշներին համապատասխան։
Կարգով սահմանված չափանիշների արդյունավետության նվազագույն պահանջները հիմնված են գիտական կադրերի պատրաստման մեջ գիտնականների ներգրավվածության, միջազգային հեղինակավոր պարբերականներում, այդ թվում՝ Սկոպուսում հրապարակումների որակի և քանակի, միջազգային դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության և այլնի վրա։
Այս համատեքստում, սահմանված չափանիշները լիովին համահունչ են ՀՀ կառավարության քաղաքականությանը, գիտության զարգացման և միջազգայնացման պետական քաղաքականության նպատակներին՝ ուղղված միջազգային գիտական համագործակցության խթանմանը և համաշխարհային մակարդակով մրցունակ գիտական արդյունքի ապահովմանը։ Կարգի համաձայն՝ ատեստավորումն իրականացվում է կազմակերպության կողմից․ կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով, որն ատեստավորվող աշխատողի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա տալիս է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին», «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին», «Համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի» գնահատականներից մեկը: Կազմակերպության ղեկավարը հանձնաժողովի երաշխավորության հիման վրա իր լիազորությունների շրջանակում կայացնում է պաշտոնի բարձրացման, իջեցման կամ պաշտոնից ազատման, ինչպես նաև պաշտոնային դրույքաչափի փոփոխման ու ՀՀ օրենսդրությամբ սահմանված հավելավճարի տրամադրման որոշում»,- Aravot.am-ին պատասխանել են ԿԳՄՍ նախարարությունից:
Կարդացեք նաև
Պաշտոնական պարզաբանման մեջ ընդգծվում է, որ ատեստավորումն իրականացվում է կազմակերպության (ինստիտուտի) կողմից, իսկ ատեստավորման հանձնաժողովի երաշխավորությամբ պաշտոնի իջեցման կամ աշխատանքից ազատման որոշումը կայացնում է տվյալ կազմակերպության ղեկավարը։
Այսպիսով, նախարարությունը պատասխանատվության սլաքները փաստացի ուղղում է դեպի ԳԱԱ ինստիտուտների տնօրեններն ու ատեստավորման հանձնաժողովները՝ ցույց տալով, որ ինստիտուցիոնալ մակարդակում որոշում կայացնողը նրանք են, թեև վերջիններս գործում են հենց Կառավարության սահմանած խիստ շրջանակներում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով


















































