Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀԱԿ-ին` նախկին քաղբանտարկյալից

Հունվար 25,2012 21:46


Արդեն մեկ ամիս է հետևում եմ հայկական լրատվամիջոցներին և մի եզրահանգման եմ եկել` Հայ ազգային կոնգրեսն այլևս սպառելով իրեն, անցել է յուրայինների ռմբահարելու գործընթացին` առաջնորդվելով մաֆիայի օրենքներով` մտել ես մեր կազմի մեջ, ուրեմն դուրս գալու հնարավորություն չունես, իսկ թե դուրս եկար` դավաճան ես: Եւ այդ  մասին խոսում են մարդիկ, որոնք իրենց կյանքի ընթացքում տարբեր կառույցների են անդամագրված եղել ու հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ նրանք դաշտից դաշտ փոխելով «մաքուր» մնացին:

Ի՞նչ է, մարդն իրավունք չունի վերանայելու իր անցյալը, իրավունք չունի՞ եզրահանգումներ անել իր շուրջը կատարվող իրադարձություններից: Մի՞թե մեր պայքարն ավարտվեց, ավելի ճիշտ` ողբերգական վախճան ունեցավ: Մենք` 88-ին պայքարի ելածներս, չէինք պատկերացնում նման ավարտ: Մենք դարձանք քաղբանտարկյալներ` մեր ցանկությամբ, այլ ոչ թե որոշ մարդկանց որոշմամբ, որոնք էլ այսօր թույլ են տալիս իրենց գնահատել, թե ով կարող է համարվել քաղբանտարկյալ և ով` ոչ:

Ես` որպես նախկին քաղբանտարկյալ, լավ եմ ճանաչում մյուս նախկին քաղբանտարկյալներին: Եվ դուք իրավունք չունեք Սուրիկի դեմ (խոսքը Սուրեն Սիրունյանի մասին է-խմբ.) ուղղել ձեր ծանր հրետանին, դուք ինքներդ միշտ երազել եք ունենալ ձեր կողքին Սուրիկի նման հավատարիմ ընկեր: Այն, ինչ Սուրիկն է արել շարժման համար, չի արել որևէ մեկը ձեզանից, իսկ դուք միայն ապշած դիտորդի դերում էիք` թե ազատության մեջ, թե «Վարդաշեն» քրեակատարողականում: Գոնե ես այդ ամենի մասին լավ գիտեմ: Դուք նախկին քաղբանտարկյալներին վարկաբեկելու իրավունք չունեք: Ես ինքս էլ չեմ դիմել Եվրադատարան, ի՞նչ է, ես դադարում եմ նախկին քաղբանտարկյալ լինելուց:

Մի՞թե սա է ձեր «պայքար, պայքար մինչև վերջը», բայց չէ՞ որ մենք հավատում էինք դրան: Իսկ դուք այդ ամենից հետո նստեցիք բանակցությունների այս իշխանությունների հետ: Դուք չէի՞ք ասում` ոչ մի բանակցություն այս իշխանությունների հետ, Դուք չէի՞ք ասում` գնալու ենք մինչև վերջ: Բա ի՞նչ եղավ ձեզ հետ: Թե՞ բանակցությունների ժամանակ «քցեցին» ձեզ, հուսախաբ արեցին: Հերի’ք է, պետք չէ ժողովրդի անունից անձնական հարցեր լուծել, իսկ չստացվելու դեպքում մեղավորներ փնտրել ի դեմս Սուրիկի: Հերիք է պարոնայք, հերիք է հանուն ձեր անձնական շահերի կեղտոտ քայլերի գնալ: Անցե’ք ձեր բուն գործին` առջևում ընտրություններ են: Թերևս այդքան մաքուր անցյալ էլ չունեք, սակայն դեռևս ուշ չէ սթափվելու համար: Սթափվե’ք, և թացը չորից տարբերե’ք:

Այսքանով առայժմ ուզում եմ ավարտել, բայց եթե կուզեք այս ամենի շարունակություն, եթե կուզեք էլ ավելին խոսեմ, կխոսեմ, բայց խորհուրդ չեմ տա ձեզ նման ցանկություն դրսևորել: Սթափվե’ք…

Սամվել Աբովյան

նախկին քաղբանտարկյալ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031