ԵՐԵՎԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԻ ԹԵԹԵՎԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
«Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» խոսույթով եկածները Երևանի երթևեկությունը վերածել են լիակատար քաոսի։ Տուգանքները բարձրացնում են, բայց իրական վերահսկողություն իրականացնող ու կարգուկանոն հաստատող չկա, ինչից էլ անպատիժ օգտվում են «ճարպիկները»՝ խորացնելով փողոցային անօրինությունը։
Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ Երևանի ծանրաբեռնվածությունը փորձում էին «լուծել» կայանատեղիները տասնյակ անգամներ թանկացնելով՝ պայքարելով «Օպել քշող համբալների» դեմ։ Տեսանք, թե դա ինչի հանգեցրեց․ քաղաքային բյուջեն լցվեց, իսկ խցանումներն ավելի սաստկացան։
Հիմա էլ նոր «զոհ» են գտել․ մարզերից Երևան եկող մեր հայրենակիցներն են։ Ստեղծե՛ք լոգիստիկ պայմաններ, և առանց ձեր արգելելու էլ մարդիկ կօգտվեն դրանցից, որպեսզի խուսափեն քաղաքի հոգնեցնող խցանումներից (ինչպես շատերն են օգտվում մետրոյի հնարավորություններից՝ մեքենաները թողնելով մոտակայքում)։
Իշխանությունների կառավարման բացարձակ անընդունակությունը հնարավոր է հաղթահարել միայն այնպիսի համակարգով, որը նվազեցնում է մարդկային գործոնը decision-making-ի (որոշումների կայացման) մեջ։
Կարդացեք նաև
Վստահ լինելով, որ գործող իշխանությունն ունակ չէ ընդունելու որևէ ողջամիտ առաջարկ, որը իրականում կթեթևացնի Երևանի խցանումները, այդուհանդերձ, հանրության քննարկմանն եմ ներկայացնում ժամանակակից, տեխնոլոգիական լուծումների վրա հիմնված ծրագիր՝ ԱԹՍ-ների և Արհեստական Բանականության (ԱԲ) կիրառմամբ։
🚨 ՆԱԽԱԲԱՆ
Երևանում խցանումները սրվում են ոչ միայն ճանապարհների թողունակության, այլև վարորդների չվերահսկվող վարքագծի ու անկարգապահության պատճառով։ Տեսախցիկների և ԱԲ-ի միջոցով մարդկային գործոնի նվազեցումը թույլ կտա միաժամանակ հասնել փողոցային հանցագործությունների կտրուկ նվազեցման և երթևեկության կայուն կարգուկանոնի հաստատման։
❌ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ (ըստ առաջնահերթության)
• 🔴 I Առաջնահերթություն
— Կանոնների խախտումներ և կայանումներ. Արգելված վայրերում (խաչմերուկներից մինչև 15 մետր, հանրային տրանսպորտի կանգառներ, հետիոտնային անցումներ) և առանց թողունակության հաշվարկի ստեղծված կայանատեղեր։
— 2-րդ շարքի (կրկնակի) կայանում. Օբյեկտների դիմաց ապօրինի կայանումը 3-գոտիանոց փողոցները վերածում է 1-գոտիանոցի՝ կրճատելով թողունակությունը 40–60%-ով։
— Ճանապարհային վերանորոգումներ և հարակից խաչմերուկներ. Վերանորոգվող փողոցների հարակից խաչմերուկներում լուսացույցների անփոփոխ ռեժիմները բերում են հոսքերի լիակատար անկառավարելիության։
— Խաչմերուկի արգելափակում և «խցկում». Տուգանքների անխուսափելիության բացակայության պատճառով վարորդները փակում են ելքերը՝ շղթայական խցանումներ առաջացնելով հարակից փողոցներում։
• 🔴 II Առաջնահերթություն
— ՃՏՊ-ների և խափանված տրանսպորտի ձգձգվող արձանագրում. Թեթև վնասվածքով վթարված մեքենաները երկար մնում են երթևեկելի հատվածում՝ սպասելով պարեկներին կամ ԱՊՊԱ-ին՝ անտեսելով «ԱՊՊԱ-ASWA» հավելվածը։
• 🔴 III Առաջնահերթություն
— Անկանոն լոգիստիկա. Մատակարարման մեքենաները պիկ ժամերին կայանում են երկրորդ շարքում՝ բեռնաթափման համար։
• 🔴 IV & V Առաջնահերթություն
— Հնացած լուսացույցներ և հոսանքազրկման խոցելիություն. Ստատիկ տեսախցիկները չեն արձանագրում խցանումների բուն պատճառը, իսկ հոսանքի վթարային անջատման դեպքում լուսացույցների անխափան սնուցման բացակայությունը ակնթարթորեն կաթվածահար է անում հարակից ողջ ցանցը։
📌 Թե ինչպես են այս լուծումներն ապահովելու իրական արդյունք.
Վերջին օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես է աշխատում դինամիկ կառավարումը․ բարձրաստիճան պատվիրակությունների ճանապարհները բաց պահելու համար պարեկները կարևոր խաչմերուկներում երթևեկությունը կարգավորում էին՝ ելնելով իրական հոսքերից (առաջնորդվելով մեքենաների քանակով և բացելով ճանապարհը՝ անկախ լուսացույցի կարմիր լույսից)։
Առաջարկվող համակարգը հենց այդ նույն տրամաբանությունն է ներդնում, բայց ավտոմատացված և անխափան տարբերակով (ԱԹՍ + ԱԲ)․ ԱԹՍ-ների ու ԱԲ-ի տեխնիկական մեխանիզմները, լուսացույցների անխափան դինամիկ կառավարումն ու միջազգային փորձը մանրամասն կներկայացվեն հաջորդ 3 մասերում՝ ցույց տալով, թե ինչպես է ծրագրի լիարժեք գործարկումից հետո ընդամենը 3–6 ամսվա ընթացքում ճանապարհների թողունակությունն ավելանալու 30–40%-ով, իսկ քաղաքացիները զգալու են խցանումների էական թեթևացում։
Արտակ Առաքելյան
ՀԱԿ կուսակցության անդամ



















































