Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոս. «Երբ Շուշին էինք գրավում, ՀՀՇ-ն ու ՀՅԴ-ն իշխանության կռիվ էին տալիս»

Հունվար 31,2012 15:34

«Մենք անընդհատ ասում ենք՝ հաղթել ենք, հաղթել ենք, բայց ես չեմ իմանում՝ այդ ինչ հաղթանակ: Մենք ունեցել ենք հաջողություն»: Այսօր «Սլաք» մամուլի ակումբում խոսելով հայկական բանակի ձեռքբերումների մասին՝ նման կարծիք հայտնեց գեներալ-մայոր, արցախյան պատերազմի մասնակից Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Նրա ներկայացմամբ, այդ հաղթանակներն ու բանակի ձեռքբերումներն իրականում ժողովրդինն են. «Մենք Շուշի էինք ազատում, իսկ հայերն իրար դեմ զենք էին բարձրացնում. ՀՀՇ-ն ու դաշնակներն իրար դեմ էին կռվում, թե ով է ղեկավարելու Ղարաբաղը: Իշխանության համար կռիվ էին տալիս, մտածում էին ղեկավար մարմիններ ստեղծելու մասին, իրենց դա էր պետք»:

Կոմանդոսի խոսքերով՝ այսօր մարդիկ կան, որոնք պնդում են, թե հաղթանակներն իրենք են բերել. «Երբ 20 տարի հետ ենք գնում ու նայում, տեսնում ենք, որ մենք այդ ժամանակ պետություն չունեինք, ունեինք կուսակցություններ, որոնք այդ ժամանակ ավելի շատ խանգարում էին: Մարդիկ կային, որ ասում էին՝ մենք ենք արել, մենք ենք ձեռք բերել: 1918 թվին էլ պետություն չունեինք, բայց էլի ժողովուրդը զենքը վերցրեց՝ պաշտպանեց իր հայրենիքը: Ղարաբաղի ժամանակ էլ՝ շատերը զենք բռնել չգիտեին, բայց գնացին երկիրը պաշտպանելու: Այն ժամանակ վիճակը շատ դժվար էր, Հադրութում գյուղ կար, որ դատարկվել էր, բայց մարդիկ պապական զենքերով անտառներում պաշտպանվում էին, կռվում էին, էլի ժողովուրդն էր պաշտպանում: Դժվար պահից դուրս ենք եկել, մենք հայեր ենք, չէ՞, լավ, վատ, էլի հայ ենք, էլի կարող ենք գզվրտվել իրար հետ: Կուսակցություններ ունենք, որ կարան իրար հետ պրոբլեմներ ունենան, բայց հայ ենք, էլի մի լուծում կգտնենք, բայց թշնամության ցուցանիշ հասարակության մեջ չունենք»:

Արկադի Տեր-Թադեւոսյանի կարծիքով, հայկական բանակն ավելի մարտունակ է, քան ադրբեջանականը, իսկ մարտունակության գնահատականը, ըստ Կոմանդոսի, տվել են միջազգային փորձագետները: Պարզապես, գեներալ-մայորի խոսքերով. ադրբեջանական քարոզչությունն ավելի ուժեղ է. «Մեր բանակը փոքր է, բայց ավելի մարտունակ ենք, հավատացեք ինձ: Ադրբեջանը ավելի լավ քարոզչություն ունի, եւ ավելի լավ է նայում լրագրողներին ու մեծ գումարներ է ծախսում, որ ուժեղ քարոզչություն լինի: Ամեն ինչ անում են, որ Ալիեւի խոսքերը, որպես շոու, մեր վրա ազդի, բայց դա բլեֆ է: Նրանց բանակի թիվը մեծ է, ավելի սիրուն հագուստ են հագնում, բայց մեր ռազմական պատրաստվածությունն ավելի բարձր է, մեր զինվորները ռազմական տեխնիկային ավելի լավ են տիրապետում»:

Անդրադառնալով բանակում զինվորների մահվան դեպքերին, Կոմանդոսն ասաց. «Ցավոք, այդ նեգատիվ իրադարձությունները ստվեր են գցում մեր հաջողություների վրա եւ արդարացում չէ, որ հայտարարում են, թե ամեն տեղ էլ նման բաներ լինում են: Պարզապես բանակում այնպիսի կարգ ու կանոն պիտի լինի, որ երեխաներին երաժշտությամբ ճանապարհեն բանակ ու լրագրողներն ու հասարակական կազմակերպությունները նման ցավոտ հարցեր չտան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031