Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանին դատավորը հեռացնում է նիստերի դահլիճից

Հունվար 31,2012 16:35

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր ՀԱԿ-ի ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ «Մինչեւ այսօրվա դատական նիստի ավարտը» ասելով՝ սանկցիա կիրառեց Տիգրան Առաքելյանի նկատմամբ՝ նրան հեռացնելով դատարանից:

Դատավորն իր այդ քայլը պայմանավորեց Տիգրան Առաքելյանի վարքագծի դրսեւորմամբ, մինչ այդ էլ զգուշացրել էր նրան:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Տիգրան Առաքելյանը հասարակական կարգի պահապան ոստիկանի՝ Շահեն Հարությունյանի հարցաքննության ժամանակ մի քանի անգամ հարցեր ուղղեց նրան, մասնավորապես, տուժող ճանաչված ոստիկանին հարցնելով, թե ինչու հասարակական կարգն օգոստոսի 9-ին պաշտպանելու փոխարեն՝ տուժողն իր բջջայինով նկարահանումներ է կատարել: Երբ հնչեց պատասխանը, թե անձնականի համար էր պետք, Տիգրանը նկատեց. «Եկել էիք «գործ սարքելու»:

Տիգրանը նաեւ իր այդ հարցը բարձրաձայնեց այսպես. «Մեղադրանքի ծավալն ինձ կաշկանդում է», իսկ դատավորը նկատեց. «Չեմ կարծում, թե հարիր է այս իրավիճակում ձեր ձայնը բարձրացնել»: Դատավորը սպառնաց սանկցիա կիրառել, ինչին Տիգրան Առաքելյանը պատասխանեց. «Չի վախեցնում»: Հայտարարվեց ընդմիջում, որից հետո դատարանը հեռացրեց ամբաստանյալին:

Հաջորդեց ոստիկանության վարորդ Հայկ Նաջարյանի  հարցաքննությունը: Այս տուժող-վկան էլ տեսել էր, թե ինչպես են Կենտրոնի ոստիկանության բաժին բերման  ենթարկել Տիգրան Առաքելյանին. «Արյունոտված վերնաշապիկով եմ տեսել, մեջքի մասը լրիվ արյուն էր»:

Տիգրան Առաքելյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը սպասեց մինչ տուժողը կավարտի իր ցուցմունքը եւ նրան հարցեր կտա մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը: Փաստաբանը հայտարարեց, որ հեռանում է դատարանից, քանի որ իր ներկայությունն առանց իր պաշտպանյալի նշանակում է մասնակցություն դատական նիստին: Դատավոր Պողոսյանը կարգադրեց, որպեսզի պաշտպանը մնա դահլիճում: Սակայն Վահե Գրիգորյանն ասաց, որ տուժողին հարցեր տալու հնարավորությունից զրկված է, քանի որ սանկցիա է կիրառվել իր պաշտպանյալի նկատմամբ: Պաշտպանը միջնորդեց, որպեսզի հետաձգվի դատական նիստը, որպեսզի իրեն տրամադրվի տուժողի հարցաքննության արձանագրությունը: Դատարանը մերժեց: Վահե Գրիգորյանը հեռացավ դատական նիստերի դահլիճից, իսկ դատավորին այլ բան չէր մնում, քան հետաձգել դատական նիստը: Այն նշանակվեց փետրվարի 2-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031