Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՍԱՆ ՏՈԿՈՍ

Փետրվար 18,2012 13:54

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնիններորդ

ՔՍԱՆ ՏՈԿՈՍ

Եվ Լիպոն մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «երեւի հարցս ճիշտ չհասկացար» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ասում եմ՝ ընթերցողներիդ մեջ ինձանից բացի ուրիշ մեկը կա՞, որ քեզ Նոբելյան մրցանակի արժանի գրող ա համարում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «իմ ամենալավ ընթերցողը ես եմ», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «համ ամենալավ գրողն ես, համ էլ՝ ամենալավ ընթերցողը՞», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով Լիպոյին ասաց՝ «կարաս չկասկածես», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, անունդ շատ տոչնի եմ դրել», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ անուն», եւ Լիպոն ժպտալով ասաց՝ «Համեստ Լյովիկ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր գեղի ամենալաչառ կնգա անումն էլ էր Համեստ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Լիպոյին ասաց՝ «բայց քո անումն ավելի հաջող ստացվեց» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «Ամենագետ Լիպարիտ», եւ ես ասացի՝ «էդ անունը դժվար թե Լիպոյին կպնի», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չպիտի կպնի», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ Լիպոն իրականում էլ ա ամենագետ», եւ Ջավախյանը բավական երկար մտածեց, հետո զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ես կարող ա՞ իրականում համեստ չեմ», եւ Լիպոն փռթկացնելով Ջավախյանին հարցրեց՝ «այսինքն, շարունակում ես պնդել, որ ամենազիլ ընթերցողն ու ամենակարդացած տղեն ե՞ս», եւ Ջավախյանը զարմացած նայեց Լիպոյին ու հարցրեց՝ «ո՞վ ա էդ թավուր բան ասել, ադա», եւ Լիպոն զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «հենց նոր ինքը չէր ասո՞ւմ», եւ մինչ կմտածեի՝ ինչ ասեմ, Ջավախյանը Լիպոյին ասաց՝ «ամենագետ մարդ ես, բայց մարդկերանց ասածնին լավ չես հասկանում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ, մարդկերանց ասածնին աղավաղում ես», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ աղավաղել. նոր դու չէիր ասո՞ւմ, որ ամենալավ ընթերցողն ես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ ընթերցող ըլնելը շատ կարդալու հետ ոչ մի կապ չունի», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ հետ կապ ունի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հասկանալու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարդացածը հասկանալու», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, համ էլ ամենահասկացողն ես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին ասաց՝ «ասածնիս սխալ ես հասկացել՝ քիչ ա, սխալ էլ մեկնաբանություններ ես տալի», եւ Լիպոն հարցրեց՝ «ի՞նչն եմ սխալ հասկացել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես չեմ ասել թե՝ ամենաշատ կարդացածն եմ», եւ Լիպոն հարցրեց՝ «բա ի՞նչ ես ասել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասել եմ, որ ամենալավ ընթերցողն եմ», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «նույն բանը չի՞», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «ես ասել եմ՝ իմ գրածների՛ ամենալավ ընթերցողն եմ», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ էլ ա հարցական», եւ ես ծիծաղելով ասացի՝ «հեչ էլ հարցական չի. առավոտից իրիկուն իրա գածներն ա կարդում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իրա գրածներն Աշոտն ավելի շատ ա կարդում, քան՝ ինքը», եւ ես հարցրի՝ «ի՞նչ Աշոտ», եւ Լիպոն պատասխանեց ու ասաց՝ «Կիրակոսյան», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին ասաց՝ «մտածելու բան ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Կիրակոսյան Աշոտն իսկապես իմ լավագույն ընթերցողն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ավելի ճիշտ, լավագույն ընթերցողներիցս մինն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Կիրակոսյան Աշոտը սաղ գրածնիս մեկի տեղակ մի քանի հետ ա կարդում», եւ ես ժպտալով Ջավախյանին ասացի՝ «բայց Լիպոն ա քեզ Նոբելյան մրցանակի արժանի համարում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ինձ հարցրեց՝ «իմ ընկեր Լիպո՞ն», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ ինքն Ամենագետ Լիպարիտն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «Լիպոն իմ գրածնին Կիրակոսյան Աշոտի չափ չի կարդում, բայց կարդում ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «քիչ ա կարդում, բայց շատ ա հասկանում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «Լիպոն էնքան ամենագետ ա, որ առանց կարդալու էլ կարա հասկանա», եւ Լիպոն ժպտալով ասաց՝ «հենց ըտենց էլ անում եմ», եւ Ջավախյանը զարմացած նայեց Լիպոյին ու հարցրեց՝ «գրածնիս չես կարդո՞ւմ, ադա», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ժամանակ ունենում ե՞մ, որ կարդամ», եւ Ջավախյանը Լիպոյին հարցրեց՝ «ժամանակի՞դ ինչ ա էղել», եւ ես Լիպոյի փոխարեն պատասխանեցի ու ասացի՝ «առավոտից իրիկուն Նոբելյանիդ հարցերով ա զբաղվում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «առանձնապես լավ չի զբաղվում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մինումեջ հանաքի ա տալի», եւ Լիպոն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչն եմ հանաքի տալի», եւ Ջավախյանը պատասխանեց ու ասաց՝ «Նոբելյան մրցանակիս թեման», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ես էդ թեման լուրջ եմ շոշափում, բայց մարդիկ հանաքի են տալիս», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞վ ա հանաքի տալի», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չուզողներդ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին ասաց՝ «էդ չուզողներիս բերաններին մեկ առ մեկ պիտի գաս», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ո՞ր լավությանդ համար», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով հարցրեց՝ «կաշառք ե՞ս ուզում, ադա», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես չեմ ուզում. դու ես խոստացել», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ եմ խոստացել», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կաշառք», եւ Ջավախյանն ավելի զարմացած հարցրեց՝ «ի՞նչ կաշառք», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի ճիշտ՝ ոչ թե կաշառք, այլ՝ մաղարիչ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «քսան տոկոս չես խոստացե՞լ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու նեղսրտելով ասաց՝ «էս գլխից էնքան եք նաֆսում, որ էդ մրցանակի հարցն ավելի եք դժարացնում», եւ ես Լիպոյին հարցրի՝ «էդ ի՞նչ քսան տոկոս ա», եւ Լիպոն նայեց Ջավախյանին ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «ասե՞մ, թե՞ չասեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես իմ ընգերտանցից ոչ մի գաղտնիք չեմ պահում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ Արմոյից», եւ Լիպոն ժպտալով ինձ ասաց՝ «պայմանավորվել ենք, որ իրա Նոբելյանի փողի քսան տոկոսն իմն ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞ւմ Նոբելյանի», եւ Լիպոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «մեր Համեստ Լյովիկի», եւ Ջավախյանը թարս նայեց Լիպոյին ու ժպտալով ասաց՝ «քեզ խելոք պահի, թե չէ՝ տասը տոկոսի էլ չես արժանանա», եւ ես Ջավախյանին հարցրի՝ «էդ ի՞նչ քսան տոկոս ա», եւ Լիպոն Ջավախյանի փոխարեն ասաց՝ «պայմանավորվել ենք, որ ես իրա Նոբելյանի հարցն ըսենց ռասկռուտկա եմ անում ու հասունացնում եմ, ու Նոբելյանն ստանալուց հետո ինքն իրա Նոբելյանի գումարի քսան տոկոսն ինձ ա տալի», եւ ես ժպտալով Լիպոյին ասացի՝ «էդ քսան տոկոսը մոտ էրկու հարուր հազար դոլարի չափ փող ա անում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էրկու հարուր հազարից էլ ավել ա անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ճշտել եմ», եւ ես ժպտալով Լիպոյին ասացի՝ «ես էլ եմ ճշտել», եւ Լիպոն զարմացած ինձ հարցրեց՝ «դո՞ւ ինչի համար ես ճշտել» եւ մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ դու էլ ես ուզում Նոբելյան ստանաս, ադա», եւ ես ժպտալով Ջավախյանին հարցրի՝ «ասե՞մ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «ասա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես իմ ընգերտանցից մի գաղտնիք էլ ա չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մանավանդ՝ Ամենագետ Լիպարիտից», եւ ես ժպտալով Լիպոյին ասացի՝ «ինձ էլ ա քսան տոկոս խոստացել», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Համեստ Լյովիկը», եւ Լիպոն թարս նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «իրա՞ն ինչի համար ես խոստացել, ադա», եւ Ջավախյանը թարս նայեց Լիպոյին, մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «էդ տնազս ե՞ս անում», եւ Լիպոն փռթկացնելով հարցրեց՝ «ի՞նչ տնազ», եւ Ջավախյանը նեղացած ասաց՝ «էդ որ ասում ես՝ ադա», եւ Լիպոն արդարանալով ասաց՝ «մեր կողմերում էլ են ադա ասում», եւ Ջավախյանը թարս նայեց Լիպոյին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա ձեր կողմերում ասում են, բայց դու որեւիցե անգամ որեւիցե մեկին ադա չես ասել», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու քմծիծաղով Ջավախյանին ասաց՝ «հիշողությունդ ստուգել տուր, ադա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիշողությունս լավ էլ տեղն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ հարցրեց՝ «էսքան վախտ իրանից էդ ադա արտահայտությունը լսած կա՞ս», եւ ես բավական երկար մտածեցի ու ժպտալով ասացի՝ «քո մասին խոսալուց միշտ էդ ադան ասում ա», եւ Ջավախյանը ժպտալով հարցրեց՝ «խոսալո՞ւց, թե՞ բամբասելուց», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «չգիտեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փաստորեն, իմ ասածն ա հաստատվում», եւ ես հարցրի՝ «ո՞ր ասածդ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ բառն ինքը տնազս անելու ու ինձ ձեռ առնելու նպատակով ա օգտագործում», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞վ», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ամենագետը», եւ Լիպոն ժպտալով ինձ ասաց՝ «էս որոշել ես մեզ կռվացնե՞ս, ադա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էս էլի ե՞ս ձեռ առնում», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ եմ ձեռ առնում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մեր Համեստ Լյովիկին», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «մեկ ա՝ չի ստացվի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ի՞նչը չի ստացվի», եւ Լիպոն ժպտալով ինձ ասաց՝ «չես կարա ինձ ու Համեստին կռվացնես», եւ Ջավախյանը լրջանալով ինձ ասաց՝ «քեզնից չէի սպասում, Արմո», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ չէիր սպասում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «չէի սպասում, որ իմ բացակայությամբ ինձ կբամբասեն ու ձեռ կառնեն, ու դու սուս կմնաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քո բացակայությամբ որ քեզ բամբասում են, ես միշտ բերաններին եմ գալի», եւ Լիպոն ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «դու որ Արմենից չբամբասես, ուրիշը դժվար թե բամբասի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես կարող ա իրանից բամբասեմ, բայց ուրիշին չեմ թողի», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ գիտես, որ ուրիշը չի կարա քո պես ուժեղ բամբասի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին հարցրեց՝ «էլի ասե՞մ», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «ի՞նչ պիտի ասես, Համեստ ջան», եւ Ջավախյանը ժպտալով Լիպոյին ասաց՝ «ինչքան էլ ամենագետ ըլնես, մեկ ա՝ չես կարա ինձ ու Արմոյին կռվացնես», եւ Լիպոն ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «դու էդ գործն առանց իմ օգնության էլ կանես», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞ր գործը», եւ Լիպոն ժպտալով ասաց՝ «Արմենի հետ կռվելու գործը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «տարին տասներկու ամիս խռով եք, տնաշեններ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «էս ե՞րբ եք բարիշել», եւ ես ժպտալով ասացի՝ «իրան հարցրու», եւ Ջավախյանը զարմացած ինձ հարցրեց՝ «ի՞նձ ինչի հարցնի», եւ ես ասացի՝ «որովհետեւ խռովողն էլ ես դու, բարիշողն էլ», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «կարող ա՞ էս վերջին անգամ Նոբելյան մրցանակի պատճառով էիր Արմենի հետ խռովել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կարող ա՞ էդ մրցանակը չեք կարում իրար մեջ կիսեք», եւ Ջավախյանը թարս նայեց Լիպոյին ու հեգնանքով ասաց՝ «ամենագետ մարդ ես. էդ հասարակ հարցերն ինքնուրույն պիտի գլխի ընկնես», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուղղակի հետաքրքիր ա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ի՞նչն ա հետաքրքիր», եւ Լիպոն ժպտալով ասաց՝ «հետաքրքիր ա՝ ամեն անգամ ինչի՞ համար եք կռվում ու խռովում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հեգնանքով Լիպոյին ասաց՝ «ամենագետ ես, ճիշտ ա, բայց հեչ պարտադիր չի, որ ամեն ինչ իմանաս», եւ ես Լիպոյին հարցրի՝ «բա դո՞ւ ինչի էիր հետը խռովել», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ես ո՞ւմ հետ եմ խռովել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Համեստ Լյովիկի», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մենք ընդամենը մի անգամ ենք խռովել», եւ ես ժպտալով ասացի՝ «ընդամենը մի անգամ, բայց՝ շատ երկար» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «վայ թե հինգ տարուց ավել տեւեց», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մի քիչ շատ ես ասում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ էլ շատ չի ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ խռովեցինք, Լեւոնի ժամանակներն էին», եւ Լիպոն փռթկացնելով հարցրեց՝ «Ջավախյան Լեւոնի՞», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Ջավախյան Լեւոնի ժամանակները հիմի էլ են շարունակվում» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհական ավելացրեց՝ «ուղղակի վրեդ խաբար չկա», եւ ես հարցրի՝ «բայց ձեր խռովելու պատճառը ո՞րն էր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատճառը չեմ հիշում, բայց շատ լավ հիշում եմ, որ երկրորդ գիրքս նոր էր լույս տեհել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «պատճառն իրան պիտի հարցնես», եւ ես ժպտալով Լիպոյին հարցրի՝ «ինչի՞ էիք խռովել», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ասեմ չեմ հիշում՝ կհավատա՞ս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «խռովողը Համեստ Լյովիկն ա էղել. իրան պիտի հարցնես», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ե՞ս ինչի պիտի խռովեի, ադա», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «քե՛զ հարցրու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես կյանքումս իմ ինիցիատիվայով որեւէ մեկի հետ խռոված չկամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես ընդհանրապես խռով պահելու սովորություն չունեմ», եւ Ջավախյանը ժպտալով Լիպոյին հարցրեց՝ «բա իմ հետ ինչի՞ հինգ տարի խռով պահեցիր», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկը որ իմ բարեւին չի պատասխանում, ես չեմ կարա հաջորդ անգամ էդ մարդուն բարեւեմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ հըլը հարց ա՝ ով ում բարեւին չի պատասխանել», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ե՞ս ինչի չպիտի բարեւիդ պատասխանեի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ մինն արդեն քո իմանալու բանն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մարդ ես. կարող ա սիրտդ նեղված ա էղել», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «սիրտս ինչի՞ց ա նեղված էղել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիպոյին ասաց՝ «որ էդ երկրորդ գիրքս տպվել էր, կարող ա դրանից սիրտդ մի պուճուր նեղված ըլներ», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու սրտնեղած ասաց՝ «էս մարդը լրիվ շառ ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիպոյին ասաց՝ «նախանձությունը մարդ արարածի բնությանն էնքան էլ խորթ չի, Ամենագետ ջան», եւ Լիպոն կարմրելով ասաց՝ «էս մարդն իսկականից շառ ա», եւ ես ժպտալով Լիպոյին ասացի՝ «ինքն իրա սեփական փորձից ա ասում», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ սեփական փորձիցս ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «ամեն անգամ որ գիրք եմ տպում, հետս խռովում ես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին ասաց՝ «շառ անելն այ էս ա», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «բայց էրկու տարի կըլնի՝ իրարից չեք խռովել», եւ ես փռթկացնելով ասացի՝ «որովհետեւ էրկու տարի կըլնի՝ գիրք չեմ տպել», եւ Լիպոն փռթկացնելով ինձ հարցրեց՝ «բա ինչի՞ չես տպում», եւ ես փռթկացնելով պատասխանեցի ու ասացի՝ «չեմ տպում, որ չխռովենք» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով Լիպոյին ասացի՝ «քո բախտից՝ Ջավախյանն ուշ-ուշ ա գիրք տպում», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «քանի՞ հատ գիրք ունես, ադա», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Լիպոյին ու ասաց՝ «ինչքան որ պետքն ա՝ էդքան էլ ունեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ուշ-ուշ ա գիրք տպում, որ իրարից չխռովեք», եւ Լիպոն խորամանկ ժպտալով ինձ հարցրեց՝ «սեփական փորձիցդ ե՞ս ասում», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Լիպոյին ու ասաց՝ «լավ կանես՝ քո սեփական փորձից խոսաս», եւ Լիպոն խորամանկ ժպտալով Ջավախյանին ասաց՝ «շատ էլ ճիշտ ես անում, որ ուշ-ուշ ես գիրք տպում», եւ Ջավախյանը թարս նայեց Լիպոյին ու ոչինչ չասաց, եւ ես ժպտալով Լիպոյին ասացի՝ «չի ուզում հետը խռովես, դրա համար էլ ուշ-ուշ ա գիրք տպում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «պատճառն էդ չի», եւ ես հարցրի՝ «բա ի՞նչն ա», եւ Լիպոն փռթկացնելով ասաց՝ «ինքը գիտի, որ իրա տպագրած էդ մի քանի գիրքն էլ ա հերիք», եւ ես հարցրի՝ «ինչի՞ն ա հերիք», եւ Լիպոն փռթկացնելով ասաց՝ «Նոբելյան մրցանակը տալուց տպագրած գրքերի քանակը հաշվի չեն առնում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոչ թե քանակն են հաշվի առնում, այլ՝ որակը», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «որ ասում եմ ամենագետ ա, չես հավատում», եւ ես ժպտալով ասացի՝ «հավատում եմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց բախտը չի բերել, որ իրա գծով Նոբելյան չկա», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «որ քեզ էդ մրցանակը տան, ինձ լրիվ հերիք ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ո՞վ չի ուզի, որ իրա ընկերը Նոբելյան մրցանակ ստանա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին հարցրեց՝ «սրտանց ե՞ս ուզում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ինչի՞ չպիտի սրտանց ուզի. էդ մրցանակի փողի քսան տոկոսն իրան ես տալու», եւ Լիպոն փռթկացնելով ասաց՝ «իրա էդ մրցանակն էդքան ռասկռուտկա եմ արել. քսան տոկոս էլ չտա՞», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Լիպոյին ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, իմ առումով Նոբելյանի մասին առաջինը Ջոնն ա արտահայտվել», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ա արտահայտվել», եւ Ջավախյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «իննսունյոթ թվականին», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես վայ թե ավելի շուտ եմ արտահայտվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց չեմ վիճում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «կարաս քսան տոկոս էլ Ջոնին տաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «տղեն կարիքի մեջ ա», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «ամեն մեկիդ որ քսան տոկոս տամ, ինձ ի՞նչ կմնա», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «վաթսուն տոկոսը քեզ լրիվ հերիք ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «գումարած փառքը», եւ ես Լիպոյին ասացի՝ «մոռանում ես, որ քսան տոկոս էլ ինձ ա խոստացել», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «չեմ հասկանում, թե քեզ ինչի ա քսան տոկոս խոստացել», եւ ես ժպտալով Լիպոյին ասացի՝ «Ջոնն ու դու իրա Նոբելյանի թեման բանավոր եք ռասկռուտկա արել, ես՝ գրավոր», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «չհասկացա», եւ Ջավախյանը Լիպոյին ասաց՝ «Արմոն իրա էդ վեպի մեջ հազար տեղ իմ Նոբելյանի մասին գրել ա», եւ Լիպոն ինձ ասաց՝ «էդ վեպդ ինձ չես նվիրել, դրա համար էլ չեմ կարդացել», եւ Ջավախյանը Լիպոյին ասաց՝ «կարաս թերթով էլ կարդաս», եւ Լիպոն ասաց՝ «թերթ չեմ առնում», եւ Ջավախյանը ժպտալով Լիպոյին ասաց՝ «որ քո մասին սկսի գրել, հաստատ կառնես», եւ Լիպոն զարմացած հարցրեց՝ «իմ մասին ի՞նչ պիտի գրի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «քո մասին ինչ էլ գրի, հետաքրքիր կստացվի» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «ի՞նչ հայկական ժամանակ՝ առանց Ամենագետ Լիպարիտի», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, քառասուն տոկոսով պիտի բավարարվես» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «քառասուն տոկոս, գումարած փառքը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «քիչ ա՞», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ տակը քսան տոկոս էլ ինձ մնա, էլի գոհ կըլնեմ», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «վախենամ՝ քեզ քսան տոկոս էլ չմնա», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չպիտի մնա», եւ Լիպոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «առավոտից իրիկուն աջուձախ մաղարիչներ ես անելու» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «որ վերջում տակ չտաս, պիտի շատ գոհ մնաս», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «զաթի մեր հայերն էլ մաղարիչ պահանջելու համար մի հատ են», եւ Լիպոն փռթկացնելով Ջավախյանին ասաց՝ «դու էլ մաղարիչ անելու համար ես մի հատ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «քո պես ձեռը բաց տղեն որ էդ մրցանակից հետո վնասով դուս չգա, էլի մեծ բան ա», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ Լիպոն փռթկացնելով ասաց՝ «լուրջ բան եմ ասում», եւ Ջավախյանը թարս նայեց Լիպոյին ու ասաց՝ «լուրջ բանը փռթկացնելով չեն ասում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դու ձեւ ես անում՝ իբր լուրջ ես ասում, ես էլ ձեւ եմ անում՝ իբր լուրջ եմ ընդունում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Լիպոյին ասաց՝ «ընենց որ, հանկարծ չմտածես թե՝ էդ հանաքներիցդ նեղանում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Նոբելյանիս թեմաներով էդ հանաքներդ ինձ լափ էլ ձեռ են տալի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հազարից մինն էլ որ լուրջ ընդունի, էլի քյար ա», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «հազարից մինը հաստատ լուրջ ա ընդունում», եւ Ջավախյանը ժպտալով Լիպոյին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ լուրջ են ընդունում», եւ Լիպոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «զգացել եմ», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Լիպոյին ասաց՝ «պարզվում ա՝ համ ամենագետ ես, համ էլ շատ ուժեղ զգացողություն ունես»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել