Լրահոս
Օրվա լրահոսը

12 հազար դրամը ճակատագրական էր

Փետրվար 29,2012 13:40

Սահականուշ Գրիգորյանն այդքան գումարով «հարստացել» է, ինչի համար պետությունը նրան աղքատ նպաստառուների ցուցակից հանել է:

Բակի այս ծորակից տարիներով ջուր չի գալիս:

Տարեցտարի մեր երկրում խստացվում են նպաստառուների ցուցակում հայտնվելու չափանիշները եւ չնայած նրան, որ աղքատության ցուցանիշը Հայաստանում շարունակում է մնալ բարձր, այնուամենայնիվ, մեր պետությունը մարդուն աղքատ ճանաչելու համար, կարելի է ասել, զարգացած երկրին բնորոշ քաղաքականություն է վարում: Օրինակ՝ եթե շատ աղքատների նպաստառուների ցուցակից հանում են՝ պատճառաբանելով, որ ունեն ավտոմատ լվացքի մեքենա, ջրատաքացուցիչ կամ թվային հեռուստացույց, ապա Սահականուշ Գրիգորյանը կենցաղային ամենատարրական պայմաններ չունի եւ 12 օրվա համար 12 հազար դրամ եկամուտ ունենալու պատճառով պարզապես դուրս է մնացել նպաստառուների ցանկից. տիկնոջը հայտնել են, որ՝ աշխատում ես: Նա իր անչափահաս որդու՝ Ռոբերտի հետ ապրում է 17 քառակուսի մետր բնակարանում, որտեղ անգամ սանհանգույց, խոհանոց ու ջուր չկա:

Կոնդ թաղամասի 89 հասցեում բնակվող այս ընտանիքը տարիներով գազի եւ ջրի երես չի տեսնում: Ձմռանը, էլեկտրաէներգիան խնայելու համար, տաքացել են եռացրած ջրով լի պլաստմասսե շշերով: Տիկին Սահականուշի պատմելով. «Շշերի մեջ ջուր էի լցնում տղայիս հետ, գրկում՝ քնում էինք, ադյալներով փաթաթվում, որ ցրտից չսառչենք»:

Միջանցքի փոքր անկյունը ծառայում է նաեւ որպես խոհանոց:

Մասնագիտությամբ մանկավարժ Սահականուշ Գրիգորյանը պատրաստ էր նպաստից ինքնակամ հրաժարվել, եթե հիմնական աշխատանքով ապահովված լիներ: Նա ոչ իր մասնագիտությամբ է գործ գտնում, ոչ էլ մեկ այլ՝ հավաքարարի կամ բանվորի աշխատանք է գտնում. «Հավաքարարի համար ասում են՝ ջահել ես, կարող ա մի օր լավ գործ գտնես, թողնես գնաս, ուրիշ տեղեր էլ ասում են՝ մեզ շատ ջահել ու բարետես է պետք»:

Տիկին Գրիգորյանը երկար տարիներ, չկարողանալով աշխատանք գտնել, ապրել է աղքատության 19 հազար դրամ նպաստով: Սակայն անցյալ տարվա հուլիսին, նրա խոսքերով ասած, բախտը բերել է եւ ափսե լվացողի գործ է գտել: Սակայն ամսական ընդամենը 12 օր է աշխատել՝ 12 հազար դրամ վարձատրությամբ: Այդ գումարը աղքատ ընտանիքի համար, ճիշտ է, չնչին է, բայց նպաստի հետ միասին գոնե կոմունալ որոշ ծախսեր փակել է: Նրա պատմելով՝ «Այս տարվա հունվարին, նպաստի հատկացումը շարունակելու համար, դիմեցի «Փարոս»՝ բոլոր փաստաթղթերով, ինձ պատճառաբանեցին, որ անցյալ տարի աշխատել եմ ու եկամուտ եմ ստացել, դրա համար նպաստս այս տարի 6 ամսով պետք է կտրեն: Իմ վրդովմունքին, թե 12 հազար դրամը ի՞նչ գումար է, որ ինձ համարեն ոչ աղքատ եւ նպաստը կտրեն, «Փարոսի» տեսուչն ասաց, որ օրենքն է այդպես պահանջում: Երբ ես ասացի, որ չեմ իմացել, որ այդ չնչին գումարի համար նպաստս կկտրեն, ասացին՝ դա իրենց խնդիրը չէ: Դիմեցի սոցապնախարարություն, որ գան ստուգեն, թե ինչ պայմաններում եմ ապրում, բայց՝ ոչ մի արձագանք: Այսինքն՝ նրանց չի հետաքրքրում մարդկանց իրական վիճակը եւ միայն տեղները նստած՝ ավտոմատ աղքատներին հանում են ցուցակից»:

Երբ այցելել էինք տիկին Սահականուշի բնակարան, տեսնելով այն ծայրահեղ աղքատ պայմանները, որտեղ ապրում է անչափահաս երեխայի հետ, պարզ է դառնում, որ պետության տված նպաստով էլ ընտանիքը, բացի օրվա սննդի հարցը հոգալուց, այլ «շռայլություն» իրեն չի կարողացել թույլ տալ: 21-րդ դարում մարդիկ ապրում են մի բնակարանում, որտեղ բացի խոնավությունից, ցրտից ու անմխիթար կենցաղից՝ ոչինչ չկար: Նույնիսկ անվճար արեւի լույսը սենյակ նորմալ չի թափանցում՝ պատուհանների բացակայության պատճառով: Մի փոքրիկ օդանցքով են մարդիկ բնական լույս տեսնում:

Սա տան միակ սենյակն է:

Նույն սենյակում քնում են, հաց ուտում ու լոգանք ընդունում:

Թե ինչու են աղքատության նման չափանիշներով ընտանիքները դուրս մնում նպաստառուների ցուցակից, որեւէ մեկը չի կարողանում բացատրել, սոցիալական ոլորտի պատասխանատուները միայն միաբերան ասում են՝ օրենքն է այդպես:

«Առավոտը» փորձեց ճշտել, թե ո՞րն է այն «մաքսիմալ» եկամուտը, որի պատճառով քաղաքացին կարող է զրկվել նպաստից, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության նպաստների բաժնի պետ Գրետա Գրիգորյանն ասաց, որ միավորների հաշվարկ է կատարվում, որի մեջ ներառվում են եկամուտը, անձերի քանակն ու կենցաղային պայմանները, ուստի հստակ եկամտի թիվ ասել չեն կարող: Ինչ վերաբերում է Սահականուշ Գրիգորյանին, ապա նախարարության ներկայացուցիչը պնդեց, որ ինչ արվել է՝ օրենքի պահանջով է արվել: Ըստ տիկին Գրիգորյանի, եթե Սահականուշն այն ժամանակ, երբ ընդունվել էր աշխատանքի, «Փարոսին» տեղյակ պահեր, ապա որոշ բաներ հաշվի առնելով, էլի օրենքի սահմաններում, նրան գուցե ընդամենը մեկ ամսով նպաստից զրկեին: Եվ քանի որ Սահականուշի քայլը համարում են, որ պետությունից թաքցրել է իր զբաղվածության փաստը եւ եկամուտ է ունեցել, ապա նման դեպքում 6 ամսով են զրկում: Մեր այն դիտարկմանը, թե տիկին Սահականուշը պնդում է՝ չի իմացել, որ 12 հազար դրամն այն եկամուտն է, որի համար աղքատության ցուցակից դուրս կգա ու նպաստը կկտրեն, ոլորտի պատասխանատուն ասաց. «Նախքան նպաստառուների ցուցակում ընդգրկվելը, նրանք փաստաթղթի տակ ստորագրում են, որտեղ գրված է, թե նման դեպքերում օրենքն ինչ է նախատեսում»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829