Անցած տարվա հոկտեմբերին ՀԱՕԿ-ն ու մարզահագուստի ռուսաստանյան ապրանքանիշ «Forward» ընկերությունը պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի օլիմպիական հավաքականները ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվելիք միջոցառումներին մասնակցելու են այդ ընկերության արտադրության մարզահագուստով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը ՀԱՕԿ-ի անդամ է, իր հերթին առանձին պայմանագիր ունի կնքած «Adidas» հանրահայտ ընկերության հետ: Այնպես որ, մի տեսակ անհամաձայնություն է ստացվում: Այս հարցի շուրջ մեկնաբանությունները aravot.am-ը խնդրեց տալ ՀՖՖ նախագահին: «Իրենք այդպիսի պայմանագիր կնքելու իրավունք չունեին: Այո ֆուտբոլի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի անդամ է: Մեր երիտասարդական հավաքականը չորս տարին մեկ խաղում է օլիմպիական ցիկլում եւ չի բացառվում, որ մենք օլիմպիական ուղեգիր ձեռք բերենք: Իսկ դա նշանակում է, որ մենք նրանց պայմանագրի հիման վրա պետք է հանդես գանք «Forward-ի՞ մարզաշապիկով: Դա սխալ է, քանի որ ՀՖՖ-ն ունի իր պայմանագիրը. առաջ՝ «Hummel»-ի, հիմա՝ «Adidas»-ի հետ: Այստեղ իրավական ինչ-որ սխալ կա ու չեմ կարող ասել, թե ոնց կլինի: Ինքս դրան տեղյակ չեմ եղել, այդ մասին իմացել եմ մեկ ամիս հետո: Նրանք այդպիսի իրավունք չունեին, կամ էլ պայմանագրի մեջ պետք է նշեին՝ բացի ֆուտբոլից: Հայաստանի հավաքականը չի կարող խաղադաշտ մտնել ուրիշ մարզաշապիկով: Ազգայինը՝ միանշանակ», – հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: