
Դա են հաստատում նաև նրանց հայաստանյան գործընկերները, որոնք տոմսերի վաճառքով և տուրիստներին ընդունելով են զբաղվում:
Երկու երկրների միջև գործում է շաբաթական երեք օդային չվերթ և ամենօրյա ավտոբուսային երթուղի: Անցյալ տարի իրանական Նովռուզի օրերին ինքնաթիռի չվերթները դարձան ամենօրյա, իսկ արձակուրդի առաջին օրերին տասնյակ ավտոբուս և հարյուրավոր ավտոմեքենաներ Մեղրիի ճամբով մտան Հայաստան:
Համաձայն իրանցի փորձագետների, Հայաստանը պարսկական արտագնա շրջագայության հինգերորդ տեղն է գրավում, հաջորդելով Թուրքիային, Արաբական Միացյալ Էմիրություններին, Ադրբեջանին և Թայլանդին: Իրանցիները Հայաստան են գալիս սահմանակից լինելու, վիզա ստանալու բարդություն չունենալու, մատչելի գների, հայերի հյուրընկալ բնավորության, ապահով միջավայրի, իրանցի տարագիր երգիչների համերգներին մասնակցելու և իրենց երկրի արգելված վայելքները ճաշակելու համար: Այս տարի ևս Երևանի Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հինգ օր շարունակ երգելու են իրանցի էստրադային հայտնի երգիչներ, որոնք զանազան պատճառներով ապրում են արտասահմանում և տոն օրերին շրջագայում են Իրանի հարևան երկրներ:
Ավելի քան տաս հազար իրանցու այցելությունը Հայաստան, այն էլ մեկից երկու շաբաթվա ընթացքում, թերևս մեզ զարմացնում է, հատկապես որ մեր երիտասարդ պետականությունը նման քանակով հյուրերի ընդունման փորձ չունի: Համեմատության համար ասենք, որ իրանցիներն ավանդաբար սովորություն ունեն Նովռուզի երկշաբաթյա արձակուրդի օրերին ճամբորդել և յոթանասուն միլիոնանոց Իրանի հաղորդակցության ներքին ցանցերը՝ մայրուղիները, ավտոկայանները, քաղաքապետարանները և սահմանային կետերը, այդ օրերին գրանցում են հարյուրհիսուն միլիոն մարդու տեղաշարժ: Նովռուզի օրերին Թուրքիա են այցելում մեկ միլիոն իրանցի: Մեր հարևան երկրում շատ զարգացած է նաև ներքին տուրիզմը. համաձայն իրանական աղբյուրների՝ այդ օրերին Շիրազ պատմական քաղաքն են այցելում հինգ միլիոն ճամփորդ: Նման ահռելի քանակով հյուրեր են ընդունում նաև Կասպից ծովի հարավային շրջանները, Պարսից ծոցի առափնյա շրջանները, Սպահան, Քյուրդստան, Քերմանշահ և Խորասան նահանգները և Ղոմ անունով կրոնական քաղաքը:
Փորձագետների հաշվարկով անցյալ տարի այս նույն օրերին իրանցիները Հայաստանում ծախսել են քսան միլիոն ամերիկյան դոլլար: Այս տարի իրանական ազգային արժույթի անկումով հանդերձ, աշխուժություն է սպասվում նաև անշարժ գույքի շուկայում: Որոշ իրանցիներ մտահոգ են ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ հավանական պատերազմից և Հայաստանում բնակարան են գնում իրենց ընտանիքներին ժամանակավորապես պատսպարելու համար:
Հայաստանի մասնավոր բիզնեսը որպես սկզբունք ավելի լավ է պատրաստվում հոծ թվով տուրիստներին ընդունելու և բարձր մակարդակով սպասարկելու համար: Առայժմ նույն բանը չենք կարող ասել սահմանային կետերի, մաքսավորների, քաղաքային իշխանությունների և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մասին, որոնց մարտի երկրորդ կեսին ահռելի չափերով աշխատանք է սպասվում և լուրջ պատրաստություն է անհրաժեշտ:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ


















































