Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանություն. եթե պարտադրանք լինի՝ ծառայողական քննություն կնշանակվի

Մարտ 07,2012 22:59

Երեկ Aravot.am-ին էր ահազանգել  ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության  մի ներկայացուցիչ (համենայնդեպս զանգահարողն այդպես ներկայացավ) եւ մեզնից էր հետաքրքրվում՝ արդյոք ոստիկանությունում իրենց վերադասներն իրավունք ունե՞ն պարտադրելու ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին ընտրելու այս կամ այն ապահովագրական ընկերությանը՝ իրենց առողջությունն ապահովագրելու  պայմանագիր կնքելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն արդեն հայտարարել է պետական համակարգում սոցիալական փաթեթի ներդրման գործընթացի մեկնարկի մասին:

Մեր զրուցակիցը պատմեց, որ իրենց՝ մարզային վարչության աշխատակիցներին ստիպում են պայմանագիր կնքել կոնկրետ ապահովագրական ընկերության հետ: Խոսքը մասնավորապես մի ապահովագրական ընկերության մասին էր, որի անունն անգամ ոստիկանության աշխատակիցը շփոթում էր՝ «Ռասկո, թե՞ Ռեսկո է, չգիտեմ»:  Թե ինչո՞վ են ոստիկանության մարզային վարչությունում բացատրում այդ պարտադրանքը՝ պարզ չեղավ, որովհետեւ նման պարզաբանում նաեւ աշխատակիցներն իրենք իրենց վերադասից չէին ստացել:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը բացառեց որեւէ ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կնքելու պարտադրանքի առկայությունը: Նա վստահեցրեց, թե չկա որեւէ ապահովագրական ընկերություն, որը ոստիկանության համակարգում ապահովագրական պայմանագրեր կնքելու մենաշնորհ ունենա: ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը չբացառեց, որ հնարավոր է, որ որեւէ առանձին ստորաբաժանում կամ խմբեր որոշեն պայմանագրեր կնքել որեւէ կոնկրետ մեկ ընկերության հետ, բայց պարտադրանք, կրկնեց, որ չկա: «Մեկ շաբաթ առաջ մեր մշակույթի տան դահլիճում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ հանդիպեցին ապահովագրական 5-6 ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք բոլորն էլ ներկայացրեցին իրենց առաջարկները, գրքույկներ բաժանվեց: Ապահովագրման գործընթացը գնում է, բայց, իրոք, չկա մի ապահովագրական ընկերություն, որից մեր ծառայողները չօգտվեն կամ որից պարտադրվի օգտվել: Պայմանագրեր են կնքվում ե՛ւ «Ռոսգոսստրախ», ե՛ւ «Գարանտ լիմենս», ե՛ւ «Ռասկո», «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների հետ»,– թվարկեց Աշոտ Ահարոնյանը:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ պարտադրանքը ոչ թե ՀՀ ոստիկանության ղեկավարության, այլ տեղերում պատասխանատուների նախաձեռնության արդյունքն է՝ ոստիկանության ներկայացուցիչը միանշանակ հայտարարեց՝ «Նման բան չի կարող լինել, պարզապես չի կարող լինել: Եթե մենք նման ահազանգ ստացվի, եթե աշխատողներին որեւէ բան պարտադրվի՝ ծառայողական քննություն կնշանակվի»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031