Լրահոս
Օրվա լրահոսը

Մուկուչյան. «Վարչապետը Ընտրական օրենսգիրքը չի խախտում»

Մարտ 09,2012 14:05

Տիգրան Մուկուչյան

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում իր մարզային այցելություններով  ու Հանրապետական կուսակցության օգտին քարոզչությամբ չի խախտում Ընտրական օրենսգիրքը։

«Այդ այցելությունները որակում եմ որպես նաեւ գաղափարների տարածում, եւ այլն, եւ այլն։ Պետք է նկատի ունենանք հետեւյալը, որ Ընտրական օրենսգրքի տեսանկյունից եթե մենք նայում ենք, Ընտրական օրենսգիրքը սահմանում է մի բան` նախընտրական քարոզչության ժամանակահատված, որի ընթացքում սահմանափակումներ են սկսում կիրառվել ամենատարբեր բնույթի։ Իսկ եթե նախընտրական քարոզչության ժամանակահատվածից դուրս է իրականացվում այդ գործունեությունը, հետեւաբար` այս գործունեությունը ընդհանրապես չի կարող որակվել որպես նախընտրական քարոզչության կամ սահմանված կարգի խախտում», – ասաց Մուկուչյանը` եզրակացնելով. – «Համենայն դեպս, Ընտրական օրենսգրքի տեսանկյունից այստեղ խախտում ընդհանրապես պետք չի որոնել, որովհետեւ այդպիսին չկա»։

Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին մասում է ամրագրված, որ «նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»: Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սահմանված է ապրիլի 8-ից  մինչեւ մայիսի 4-ը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք  օրենքի խախտում չէ՞ այն, որ պաշտոնատար անձինք պետական միջոցների հաշվին են մեկնում մարզեր եւ  քարոզչություն իրականացնում, այսինքն` պետական միջոցներն օգտագործում են հօգուտ նեղ կուսակցական շահի եւ հարկատուների հաշվին խոստումներ տալիս, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. – «Եթե քարոզարշավի ժամկետներից դուրս տեղի է ունենում մի գործողություն կամ անգործություն, որը, որոշ մարդկանց կարծիքով, խախտում է որեւէ օրենքի պահանջ, համենայն դեպս` դա Ընտրական օրենսգիրքը չէ, եւ այդ հարցերով իրավասու մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէ»:

«Պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, մինչդեռ, վարչապետի եւ պետական այլ պաշտոնյաների մարզային այցերում, զանգվածային լրատվամիջոցներով  դրանց լուսաբանման մեջ Ընտրական օրենսգրքի խախտում տեսնում է: Հիմնավորելով, որ այդ քարոզչությունը խախտում է ընտրողների հավասար ընտրական իրավունքը` Ընտրական օրենսգրքի 3-րդ հոդվածը,  կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանը մի քանի դիմում է ներկայացրել ԿԸՀ եւ մերժում ստանալով` հայց է նախապատրաստում դատարան դիմելու համար:

«Ի՞նչ է նշանակում` հավասար. ես պետք է կարողանամ հավասար քարոզչություն լսել, եւ այլն, բայց այդ հնարավորությունը ինձ չի տալիս, որովհետեւ պետական միջոցները օգտագործում է նա, ով ունի, եւ գնում են քարոզում են։ Այսինքն` խախտվում է ընտրական հավասար իրավունքը», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թորոսյանը։

Բացի Ընտրական օրենսգրքից, «Պառլամենտարիզմի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի պնդմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանը խախտում է նաեւ «Կուսակցությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածը, ըստ որի` «կուսակցությունների անդամները, որոնք Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական (պաշտոնեական) դիրքն օգտագործել հօգուտ կուսակցական շահերի»:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի գնահատականներին, ապա ի տարբերություն իշխանական ուժերի, որոնք հավասարության իրավունքի որեւէ խախտում չեն տեսնում այստեղ, ընդդիմության համար ակնհայտ է խտրական վերաբերմունքը` հատկապես հեռուստաեթերում։

Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բնորոշեց. – «Հաշվի առնելով, թե ինչպես է լուսաբանվում վարչապետի եւ Հանրապետական ​​կուսակցության ղեկավարության յուրաքանչյուր քայլ, եւ ինչպես է լուսաբանվում «Ժառանգության» պատգամավորների գործունեությունը` այստեղ, իհարկե, հավասարության նշան դնելու համար պետք է ստեղծագործական մեծ երեւակայություն ունենաս։ Նաեւ տեսնում ենք, թե վարչական ռեսուրսի ինչպիսի անթաքույց օգտագործում է տեղի ունենում, եւ դա ցուցադրվում է»։

«Ոչ միայն վարչապետի հետ կապված, շատ այլ դրվագներ ենք տեսել` տարբեր պետական հիմնադրամներ օգտագործվում են կուսակցական քարոզարշավների նպատակներով, եւ կարծեք թե արդարանում են, որ դա երիտասարդական ինչ-ինչ միջոցառումներ են, բայց անթաքույց տեղի է ունենում Հանրապետական կուսակցության, այսպես ասեմ` մկանների ցուցադրություն», – ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Իրինա Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031