Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն այս ընտրություններում էլ ամենաշատը կծախսի

Ապրիլ 04,2012 14:55

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է  5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներ, քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցողների միջեւ: Ըստ այդմ, Հանրապետական կուսակցությունը վահանակների համար կունենա 100 տեղ, «Ժառանգությունը»՝ 50, ՕԵԿ-ը՝ 64, ԲՀԿ-ն՝ 164, ՀՅԴ-ն՝ 38:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ,  պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում կասկածի տակ էր առել «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության նախընտրական ծախսերի  համապատասխանելիությունը՝ թույլատրելի չափերին: Այդ առիթով Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզչական նյութերի եւ պաստառների վրա ծախսելու է այնքան, ինչքան որ թույլատրված է օրենքով. «Եվ ոչ մի լումա ավելի»:

Տիկին Բախշյանի մտահոգություններին, որ մյուս կուսակցությունների համար անհավասար ընտրապայքար են ստեղծում, ԲՀԿ խոսնակը հակադարձեց. «Թող շատ չմտահոգվեն եւ փաստերով խոսեն»: Aravot.am-ի դիտարկմանն էլ` ինչպե՞ս է ստացվում, որ թույլատրելի դրամաշրջանառության սահմաններում, այնուհանդերձ, իշխող կուսակցությունների գովազդն ավելի շատ է ստացվում, ԲՀԿ մամուլի խոսնակը հակադարձեց. «Մենք քարոզչությանը շատ լուրջ ենք վերաբերվում: Իսկ քարոզչության շատ լինելը նաեւ լրատվամիջոցների հետաքրքրություն արդյունք է` մեր քաղաքական ուժի նկատմամբ»:

Ի դեպ, նախորդ ընտրությունների փորձը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն խախտել էին Հայաստանի օրենսդրությամբ նախընտրական քարոզարշավի ծախսերի համար սահմանված նվազագույն` 60 մլն դրամի շեմը: «Տարածաշրջանային զարգացման կենտրոն- Թրանսպերենսի ինթերնեյշնլ – Հայաստան» հասարակական կազմակերպությունը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացրել էր կուսակցությունների նախընտրական քարոզչության և վարչական ռեսուրսների չարաշահման մոնիտորինգ: Ըստ այդ հետազոտությունների, միայն Երևանում, Գյումրիում և Վանաձորում իրականացված քարոզարշավի վրա ՀՀԿ-ն ծախսել էր 79,1 մլն դրամ, ԲՀԿ-ն` 129,6 մլն, ՀՅԴ-ն` 50,7 մլն, ՕԵԿ-ը` 33,1 մլն, իսկ «Ժառանգությունը»` 24 մլն դրամ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30