Լրահոս
Օրվա լրահոսը

Ես «լսեցի» վեպը

Ապրիլ 08,2012 10:17

Կան գրքեր, որոնք ես պիտի կարդայի երիտասարդ տարիքում, բայց չեմ հասցրել: Բայց հասուն տարիքում կարդալն էլ ունի իր առավելությունը՝ քո այսօրվա կենսափորձով ընկալում ես ավելի շատ բաներ, քան, ասենք. 30 տարի առաջ: Այդպիսի մի գիրք է Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար է տեւում օրը» վեպը, որի բնաբանը, ինչպես հայտնի է, վերցրած է Գրիգոր Նարիկացու «Մատյան ողբերգությունից»:  Ինքը՝  վեպը նույնպես ողբերգություն է, որն առաջանում է մարդկանց սիրո, հավատի, հիշողության եւ մարդկանց սահմանափակության, կարծատիպերի եւ անհավատության բախումից:

Բնականաբար, չեմ պատրաստվում վերլուծել այդ՝ բազմիցս վերլուծած ստեղծագործությունը: Ուզում եմ միայն ասել, որ այն իր կառուցվածքով շատ երաժշտական է ՝ չնայած, որքան գիտեմ, կոմպոզիտորները այդ գործին երեւէ չեն անդրադարձել:  Ես այդ վեպը պատկերացնում եմ որպես եռամաս սիմֆոնիկ գործ: Առաջին թեման սկսում է կլարնետը եւ նրան որպես ֆոն միանում են, «շշնջում են» լարայինները: Դա, բնականաբար, գլխավոր հերոսի՝ Եդիգեյի, ժամանակի եւ տարածության նրա ընկալման եւ անծայրածիր ղազախական տափաստանների թեման է: Երկրրորդ թեման, որը պետք է կատարի պղնձյա փողայինների խումբը, բաղկացած է կտրուկ վերընթաց եւ սահուն վարընթաց շարժումից: Դա «մարդկային սահմանափակության» թեման է. խորհրդային եւ ամերիկացի գործիչները չեն ուզում շփման մեջ մտնել տիեզերքում  հայտնաբարված նոր քաղաքակրթության հետ, ստալինյան քննիչները մի մարդու մոտ գրավոր «թշնամական հիշողություններ» են հայտնաբերել, դարերի ընթացքում գերյալ երեխաներին դարձնում էին մանկուրտ՝ հիշողությունն իսպառ ջնջելու նկապակով: Այդ՝ իմ երեւակայության մեջ ծնված երաժշտական գործի միջին մասը ես լսում եմ որպես պարային՝ այն պատմում է հայտնի «ակին» (նրանց գուսանն է) Ռայմալի-աղայի մասին առասպելը. Ռայմալի-աղան օր ծերության սիրահարվում է մի երիտասարդ աղջկա, իսկ նրա բարեկամները, վստահ լինելով, որ «ակինը» ցնորվել է, կապում են նրան ծառից: Երրորդ մասում «իրար հետ կռվում են» առաջին երկու թեմաները՝ փոխանցվելով երաժշտական տարբեր գործիքներին ու խմբերին: Իսկ ամենավերջում «պայթում են» հարվածայինները՝ երկիրը դղրդում է տիեզերանավի հերթական թռիչքից:

…Ափսոս, երաժշտություն գրելու ժամանակ չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30