«Մենք առաջարկում ենք՝ այն վիրահատությունները, որոնք կապված են մարդու կյանքի հետ, իրականացնել պետական բյուջեի հաշվին: Մենք չենք ասում՝ ատամդ գնա պլոմբի՝ պետությունը թող փողը տա: Մենք ասում ենք՝ եթե վիրահատությունը չարվի, մարդը մահանա, մարդու կյանքը պետության համար ամենամեծ արժեքն է, պետությունը պարտավոր է ինքը ֆինանսավորել այդ մարդու վիրահատության համար»,- այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում նրանց այս եւ այլ խոստումներ տվեց:

Արթուր Բաղդասարյանը նաեւ ասաց, որ իրեն հազարավոր մարդիկ են դիմում, որոնք տուն են ուզում առնել. «Ասում են՝ պարո՛ն Բաղդասարյան, այդ 30% կանխավճարը չեմ կարողանում մուծեմ, 15000 $ ես միանգամից ո՞նց տանեմ մուծեմ: Հիմա մարդը աշխատում է, ուզում է գնել հիփոթեքով բնակարան, ասում են 30-40 հազար դոլար է բնակարանդ, բեր 30 % կանխավճար մուծի, մնացածը 5 տարում կմուծես, մենք առաջարկում ենք վերացնել կանխավճարը: Հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար պետք չի պահանջել 30 % կանխավճար, ուզո՞ւմ է մարդը՝ խնդրեմ: Մարդը 60 հազար դրամ մուծելով՝ տանտեր կդառնա՝ 10 տարում»:
Կարդացեք նաև
ՕԵԿ-ը նաեւ առաջարկում է, որ զինծառայողներն աշխատավարձ ստանան, որ երիտասարդ տղան այդ կերպ ե՛ւ ընտանիք պահի ե՛ւ հայրենիքին իր պարտքը տա:

Մհեր Շահգելդյանին մարդիկ բողոքում են ոչ թե բնակարան չունենալուց, այլ՝ որ տանիքը կախվել է, վերելակը չի աշխատում, ջրագիծ չկա, աղբահանության խնդիր կա. «Լավ, մեծամասնականներից մեկը 2 տանիք կառուցեց, մյուսը վերելակների հարցը լուծեց, բայց սա չէ խնդիրը: Այդ բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են մատուցվող կոմունալ ծառայություններին, պետք է իրականացվեն, որովհետեւ մարդը վճարում է դրա համար՝ պետք է ամբողջությամբ փոխհատուցում ստանա: Եթե ես ստանամ իմ քվեն՝ հետեւողականորեն պայքարելու ենք, որ պետությունը դառնա ժողովրդի գործընկերը: Մասիվի խնդիրները, ինչպես նաեւ Քանաքեռի ու Զեյթունի խնդիրները լինելու են իմ խնդիրները:
Ելույթի վերջում Արթուր Բաղդասարյանը հարց տվեց մասիվցիներին՝ ովքե՞ր են այստեղ «Օրինաց երկրի» անդամ, թող ձեռք բարձրացնեն. «Տեսեք, այս ձեռքերի բազմությունը միայն հավատով մեզ միացած մարդիկ են: Մեր պայքարն ազնիվ է»: Այդուհանդերձ, Արթուր Բաղդասարյանի հեռանալուց անմիջապես հետո էլի գտնվեցին մարդիկ, որ պատռեցին նրա բաժանած ցուցապաստառներն ու բուկլետները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































