Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշտվել են կարկուտի հասցրած վնասների չափերը

Հունիս 13,2012 23:09

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչությունում ամփոփվել են մարզի գյուղատնտեսությանը կարկուտի հասցրած վնասի չափերը:

Ըստ գյուղվարչության պետ Վանիկ Հովհաննիսյանի` հունիսի 9-ին տեղացած հորդառատ անձրեւների ու կարկուտի հետեւանքով մարզի գյուղատնտեսությունը մեծ վնաս կրեց: Մարզում ընդհանուր հաշվարկով վնասվել է 500 հա հացահատիկ, 170 հա կարտոֆիլ: Կարկուտից գրեթե ոչնչացել են նաեւ 28 հեկտար բանջարբոստանային տարբեր մշակաբույսեր եւ 108 հեկտար բազմամյա խոտաբույսեր:

«Առավոտի» հետ զրույցում Վանիկ Հովհաննիսյանը նշեց, որ հաշվարկներն ու ճշտումները նախնական են: Կարկուտից մեծապես տուժել է Գավառ քաղաքը, Կարմիրգյուղը, Գանձակը, Սարուխանը, Արծվաքարը, Փամբակը, Ծովազարդը եւ այլ համայնքներ: Վնասված բուսականությունը հիմնականում անվերականգնելի է:

Ըստ ԱԻՆ վարչության Գեղարքունիքի գրասենյակի տվյալների` մեծապես կարկտահարվել են նաեւ պտղատու այգիները: Կարմիրգյուղում սելավներից վնասվել են նաեւ տնտեսությունները. ջրալցվել է գյուղի N2 միջն դպրոցը եւ 50 բնակարան: Լճափ գյուղում գյուղատնտեսության անկմանը զուգահեռ սատկել են մանր եղջերավոր 10 եւ խոշոր եղջերավոր  2 անասուն:

Մարզի տարեց գյուղատնտեսները նշում են, որ իրենց կյանքի ընթացքում չեն տեսել, որ Գեղարքունիքի մարզի որեւէ շրջանում հավկիթի մեծության կարկուտ գա: Նրանք կասկած են հայտնում, որ կարկուտը Հայաստանի տարածքում տեղադրված կարկտացիրների հետեւանքն է: Ենթադրում են, որ կարկտաբեր ամպերը ցրվում են ու տարածվում հանրապետության մյուս տարածքներում:

Այս տեսակետի մասին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Վանիկ Հարությունյանն ասաց, որ այդպիսի բան լինել չի կարող` «կարկտաբեր ամպերն ու կարկտացիրները մեր մարզից հսկայական հեռավորության վրա են»:

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930