Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ են նախընտրելի բիժուտերիաներն այսօր

Հունիս 15,2012 19:15

Աղջիկները միշտ ուզում են շքեզ տեսք ունենալ՝ մեծ կարևորություն տալով արտաքին գեղեցկությանը, իսկ դրա անբաժանելի մասնիկն են կազմում աքսեսուարներն ու հատկապես բիժուտերիան:

Այսօր «Առավոտ երիտասարդականը» շրջեց մի քանի խանութներում՝ պարզելու, թե ինչպիսի բիժուտերիաներն են առավել շատ հետաքրքրում կանանց ու աղջիկներին: Աշխատակիցների խոսքով՝ բիժուտերիայի սիրահարներ են ոչ միայն երիտասարդ աղջիկները, այլ նաև մեծահասակ կանայք, թեև նրանք ավելի շատ խուսափում են փայլփլուն աքսեսուարնեից, նախընտրությունը տալով համեստ դասականին: Նրանք չկարողացան ասել ավելի շատ գնում են մատանինե՞ր, թևնոցնե՞ր, թե՞ ականջօղեր, բայց նշեցին, որ համեմատելով տարիներ առաջվա իրավիճակին` այսօր կանայք ու աղջիկներն ավելի շատ են սկսել կրել աքսեսուարներ. «Անգամ կան հաճախորդներ, ովքեր ամեն զգեստ գնելիս, գալիս ու համապատասխան աքսեսուար են ընտրում», – ասում է աշխատակիցներից մեկը:

Դիզայներ Թերեզա Մինասյանը հագուստի լիարժեքության գործում կարևոր է համարում բիժուտերիան, բայց առավել շատ կարևորում է դրա համապատասխան լինելը հագուստին. «Այս ամառ նորաձև են գույները՝ թե հագուստի, թե աքսեսուարների դեպքում», – նշում է նա:

17-ամյա Մանեն շատ է սիրում աքսեսուարներ կրել, ու ինքն իրեն անվանում է «աքսեսուարամոլ»: Ժամացույցներ, գոտիներ, մատանիներ… այս ամենը կրելը կարծես Մանեի ամենօրյա պարտականություններից մեկը լինի: Հետևում է, տեղեկանում, թե որ բիժուտերիան է առավել նորաձև այդ շրջանում, ու անպայման ձեռք է բերում. «Վերջին կոպեկս էլ կծախսեմ բիժույի համար», – ասում է նա: Ըստ նրա տեղեկացվածության` այս տարի նորաձև են հատկապես գունավոր կլոր թևնոցներն ու գույնզգույն ուլունքները:  Իսկ 22-ամյա Ժաննայի համար աքսեսուարներն ու հատկապես բիժուտերիան այնքան էլ կարևոր չեն. «Ես միայն ժամացույց եմ կրում, զարդերն ինձ դուր չեն գալիս», – ասում է նա: 19-ամյա Նինայի մոտ արդեն սովորություն է դարձել հագուստի հետ միասին աքսեսուար ընտրելը. «Առանց դրանց ես ինձ լիարժեք չեմ զգում, հատկապես առանց իմ երկու մատանիների, – ասում է նա ու ավելացնում,- նույնիսկ ընկերուհիս, կատակելով ասում է, որ նշանվես մատնեմատիդ մատանին ի՞նչ ես անելու»:

                                                                                          Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930