Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգորի Մարգարյանը՝ իր ազատության, խղճի խայթի, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ ընկերության մասին (Տեսանյութ)

Հունիս 21,2012 21:18

Այսօր Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ինքը, լինելով ԲՀԿ խմբակցության անդամ եւ անկուսակցական, կառվարության ծրագրին դեմ է քվեարկել: Սա այն դեպքում, երբ թիվ 11 ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարել էր իրեն, եւ այդ մասին հայտարարություն էր արել Սերժ Սարգսյանը. «Խմբակցությունը դա թիմ է, եւ որոշում, որ կայացնում է՝ դա կայացնում է բոլորի համար»: Մենք հետաքրքրվեցինք՝ բայց ստիպվա՞ծ եք դեմ քվեարկել. «Ոչ, ինչի՞ եմ ստիպված քվեարկել»,- պատասխանեց նա: Հարցին՝ ըստ էության համաձա՞յն էիք, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Գիտե՞ք ոնց, ըստ էության համաձայն  լինելը դա երկրորդ հարցն է, սա թիմային որոշում էր»:

Երբ լրագրողները հիշեցրին, որ ինքը մեծամասնականով ընտրված պատգամավոր է՝ նա ասաց. «Հասկացա, բայց ես ֆրակցիայի անդամ եմ»: Ավելի ուշ՝ զրույցի ընթացքում նա այլ բան նշեց՝ որ ինքը ազատ մարդ է. . «Ես կուսակցության անդամ վերջին անգամ եղել եմ 2006-ին, դուրս եմ եկել եւ խոստացել եմ  այլեւս կուսակցության անդամ չդառնալ»: Հարցին՝ վերջին կաթիլը ո՞րն էր, որ նման որոշում եք կայացրել՝ նա պատասխանեց. «Առանց կաթիլի, ես հասկացա, որ կուսակցությունն իմ համար չի, որեւիցե կաթիլի հարց չկա»: Այսինքն`Դուք կարող եք այստեղ երբեւէ ազա՞տ լինել՝ նա վստահեցրեց. «Իհարկե, ես միշտ էլ ազատ եմ»: Կարո՞ղ ենք մտածել, որ երբեէ կարող եք նաեւ կո՞ղմ քվեարկել Հանրապետականի նախագծերին՝ նա պատասխանեց. «Իհարկե, ժամանակը կգա՝ կտեսնեք, ինչի՞ եք զարմանում»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ հիմա Ձեր խիղճը հանգի՞ստ է, ինչին ի պատասխան՝ նա վստահեցրեց, որ թիմային խաղի մեջ միշտ խիղճը հանգիստ է լինում. «Ի՞նչ խղճի մասին է խոսքը: Սա քաղաքական դաշտ է, մարդիկ որոշում են կայացնում, եւ որոշմանը մարդիկ կողմ են լինում՝ կատարում են: Խղճի խայթը ո՞րն է»: Նա նաեւ նշեց, որ պարտքի զգացում ունի իր ընտրողների առջեւ եւ նրանց առջեւ իր պարտքը կատարում է. «Քաղաքական դաշտ է, ԲՀԿ-ն բան է որոշում՝ անում է, իսկ եթե խղճի խայթերի հետ կապված հարցեր ունեք՝ դիմեք ֆրակցիայի ղեկավարին, կուսակցության ղեկավարին, ճշտեք իրենց խղճի խայթը»: Դիտարկմանը, որ Ձեզ չենք տեսնում ԲՀԿ պատգամավորների հետ ձեռք սեղմելիս, բայց տեսնում ենք ՀՀԿ պատգամավորների հետ ավելի հաճախ՝ նա ասաց. «Դուք տեսնում եք ձեր տեսակետից, իսկ դա միայն ձեր կարծիքն է: Իմ կարծիքով իմ ընկերներն են նաեւ թե՛ ՀՀԿ-ական ֆրակցիայում, թե՛ ԲՀԿ-ում եւ այլն »: Հարցին՝ մտահոգություն չունե՞ք, որ Ձեր հանրապետական գործընկերները կսրտնեղեն՝ նա պատասխանեց. «Բացարձակ, չէ, ինչի՞»:

Եթե Սերժ Սարգսյանը չգար թիվ 11 ընտրատարածք եւ չսատարեր ձեզ, դուք կընտրվեի՞ք պատգամավոր` նա պատասխանեց. «Եթե-ներով ես չեմ սիրում խոսել, ես սիրում եմ փաստերով խոսել: Այսօր 1920 թվականը չի, 2012 թվականն է, ընտրություններն արդեն մեկուկես ամիս է՝ անցել են, ես ընտրված պատգամավոր եմ»: Հարցին՝ հնարավո՞ր է լքեք ԲՀԿ ֆրակցիան՝ պատասխանեց, որ իհարկե ոչ: Դիտարկմանը, որ ՕԵԿ-ը լքեցիք, ՀՀԿ-ն լքեցիք, բա էս դեմ քվեարկելը ի՞նչ է՝ նա ասաց. «Սա քաղաքական որոշում է, երեւի դուք ծանոթ չեք քաղաքականությունն ինչ է: Քաղաքական որոշումը կայացվում է ֆրակցիայում եւ  թիմային որոշում է:»

Aravot.am-ի հարցին՝ թե Ձեր կարծիքով ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց թիվ 11 ընտրատարածքում սատարել Ձեզ եւ ոչ թե կոալիցիոն գործընկերոջ՝ Հեղինե Բիշարյանին, նա պատասխանեց, որ կոալիցիոն գործընկեր էր նաեւ ԲՀԿ-ն : Սա այն դեպքում, երբ ընտրություններից առաջ ԲՀԿ ֆրակցիայի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ կոալիցիան այլեւս գոյություն չունի: Գրիգորի Մարգարյանը  հորդորեց, որ օրենք կարդանք, իսկ ըստ օրենքի՝ ԱԺ-ն աշխատում է մինչեւ այն օրը, երբ չի կայանում մյուս ԱԺ-ի առաջին նիստը, այսինքն՝ առաջին նիստը կայանալուց հետո միայն  հին ԱԺ-ն իր աշխատանքը վերջացնում է: Այն կոալիցիան, որ կար նախկինում՝ գործում էր, դա գործել է մինչեւ առաջին նսիտի օրը, ընտրությունները եղել են մայիսի 6-ին, իսկ մայիսի 6-ին կոալիցիայի մեջ մտնում էր նաեւ ԲՀԿ-ն: Մեր դիտարկմանը, որ ընտրությունից առաջ եղավ հայտարարություն, որ գնում են ընտրության առանձին՝ Գրիգորի Մարգարյանը պատասխանեց. «Առանձին ընտրությունների գնալը դեռ կոալիցիայից դուրս գալ չի»:

Ամեն դեպքում փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ ոչ տիկին Բիշարյանին, այլ՝ Ձեզ: Նա պատասխանեց. «Ինձ են նախընտրել՝ ինձ են պաշտպանել: Երեւի արժանացել եմ վերջին 9 տարվա պատգամավորական աշխատանքով՝ թե՛ տարածքում որպես ընդունված պատգամավոր, թե՛ որպես ընդունված տղա, թե՛ հարգված մարդ, երեւի ինչ-որ մի բանով արժանի եմ»: Նշենք, որ Aravot.am-ի հետ զրույցում Հեղինե Բիշարյանը հավատացրել էր, որ ՀՀԿ-ն հայտարարել է, բայց իրականում իրեն է պաշտպանել, դրա մասին վկայում են իր ստացած ձայները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930