Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյան. Կկարողանա՞ն արդյոք պաշտոնյաներն ինձ պես ասել, որ այդ մարմիններում եղած բռնությունների մեղավորն իրենք են

Հունիս 26,2012 17:13

«Մարդու իրավունքների պաշտպանի օրենքով ես հանդիսանում եմ բռնությունների, խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ, այսինքն՝ ի պաշտոնե պարտավոր եմ մեր երկրում կանխել այդ ամենը: Առայժմ կարող եմ հայտարարել, որ մեղավոր եմ, որ այսօր Հայաստանում կա խոշտանգում, բռնություն, անմարդկային վերաբերմունք, կալանավայրերում, ոստիկանությունում, զորամասերում եւ այլուր: Ես ինձ մեղավոր եմ համարում այնքանով, որ ըստ օրենքի, պետք է այդ ամենը կանխեի, բայց չկարողացա: Հետաքրքիր է՝ կկարողանա՞ն արդյոք մեր ոստիկանապետը, արդարադատության նախարարը, կալանավայրերի վարչության պետը, պաշտպանության նախարարը ինձ պես ասել, որ այդ մարմիններում եղած բռնությունների մեղավորն իրենք են»,- հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» հկ-ի կազմակերպած «Աշխարհն առանց խոշտանգման – 2012» խորագրով միջոցառման ժամանակ, խոսելով՝ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմում ՄԻՊ-ի դերակատարության մասին:

Իսկ թե ինչ է նշանակում կանխարգելման մեխանիզմ, Անդրեասյանը բացատրեց, որ մեծ քայլ են կատարել, իրենց աշխատանքներում ներգրավել հկ-ների, որոնք կամավորության հիմունքներով, սիստեմատիկ գնում են փակ հաստատություններ՝ կալանավայրեր, զորամասեր, ոստիկանության բաժիններ, բացի այդ՝ արագ արձագանքում, գնում՝ գործող թեժ գծի հետքերով: Մարդու իրավունքների պաշտպանը ասաց, որ այս ամենն անելով հանդերձ, չեն կարողանում նվազեցնել բռնությունների քանակը, իսկ պատճառը հետեւյալն է. «Պետությունը չի տվել իրական բյուջե, որ կարողանանք այդ գործը անել: Իսկ որպեսզի արագ արձագանքենք, պետք է սիստեմատիկ գնալ փակ հաստատություններ, որ մեկ ապտակը չդառնա մահ, հետո ազգովի ողբանք: Բայց այդ ամենի համար չենք կարող ոտքով գնալ: Հարկավոր է գոնե բենզինի գումար, որ մարդիկ կարողանան տեղաշարժվել»,- ասաց Անդրեասյանը դժգոհելով, որ օրինակ անցյալ տարի հոկտեմբերին, այդ ամենը անելու համար ԱԺ-ում փորձել է մի կերպ 5 մլն դրամ վաստակել:

«Ովքեր են մեղավոր, որ այսօր կա խոշտանգում, բռնություն, ասեմ՝ բոլոր այն մարդիկ, որոնք Ազգային ժողովում չբարձրաձայնեցին, չասացին՝ տվեք մարդու իրավունքների պաշտպանին 5 մլն դրամ: Այդ գումարը չստացա ոչ ԱԺ պատգամավորների մեծամասնությունից, այդ թվում ընդդիմադիրներից, ոչ էլ հկ-ներից: Ի վերջո՝ ներքին բանակցությունների արդյունքում կառավարությունը, որպես բարի կամք, տվեց ինձ այդ 5 մլն դրամը: Բայց դա սիմվոլիկ գումար է, ես դրանով չեմ կարող կանխել ամբողջ երկրում եղած բռնություններն ու խոշտանգումները»:

Անդրեասյանը շեշտեց, որ չի լինում աշխատանք, առանց ռեսուրսների, հետեւաբար՝ «Ես օգոստոսին կառավարությանը ներկայացնելու եմ մեր բյուջեն: Բյուջեն նրա համար չէ, որ առանց այն էլ տնտեսական խնդիրներ ունեցող հասարակությունից ավելցուկ գումար ուզել, բյուջեն այն պրիմիտիվ ծախսերի համար է, որ մարդիկ, երբ գնում են հեռավոր զորամասեր, կալանավայրեր, եթե նույնիսկ կամավոր են, կարողանան գոնե մեկ սենդվիչ, կամ հաց ու պանիր ուտել. չէ որ գոնե դա մենք պարտավոր ենք ապահովել: Իսկ այդ այցելությունները, որը եռամսյակը մեկ են լինում, պետք է դառնա ամեն շաբաթ, որ ձեւավորվի վստահություն, կալանավորը կարողանա պատմել իր խնդիրների, կիսագողական, կիսատղայական հարաբերություններում ձեւավորված իրողությունների մասին»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930