Լրահոս
Օրվա լրահոսը

Գնանք ու վայելենք այդ Ալանդները: Թե իրոք «աղանդե՞րը»

Օգոստոս 04,2012 18:19

Առիթ ունեցել ենք ներկայացնելու Մեսրոպ Հարությունյանի եւ Ավետիք Իշխանյանի յուրօրինակ ստուգաբանությունները: Ահա այժմ էլ, իմանալով, որ այսօր մեկնում եմ Ալանդյան կղզիներ՝ լուսաբանելու «Ձայներ խաղաղության համար» միջոցառումը, Մեսրոպ Հարությունյանը ներկայացրեց Ալանդյան կղզիների ծագման ստուգաբանության մի քանի տարբերակներ: Դրանք եւս մի անգամ ապացուցում են. «Ողջ աշխարհն է հայերից առաջացել»:  🙂 Վայելեք:

ա) Հիշում եք, որ արի Արտաշես արքան հեծնեց ի սեաւն գեղեցիկ եւ փախցրեց
ալանների արքայի դուստր Սաթենիկին: Խորենացին հետագա պատմություն մեջ
ալանների մոտ կատարվածի մանրամասներ չի ներկայացրել: Սակայն մենք
պեղեցինք եւ գտանք ալանական մատյաններում, որ Սաթենիկի հարսնանալուց հետո
նրան սիրահարված ալանական արքայազներից մեկը իր տոհմով բաժանվում է
ալաններից եւ քոչում հյուսիս… բազմաթիվ արկածներից հետո հասնում է
հյուսիսային մի ծովի (որ հիմա Բալթիկ է կոչվում. ի դեպ կա նաեւ վարկած,
որ այդ ծովի անունն էլ առաջացել է հայերեն «գայթել» բառից, զի այդ
ծովափին է առաջին անգամ գայթել ալանների հիշյալ արքայի ձին), ապա
տեսնում են մի խաղաղ ծովածոց (որ հիմա Բոտնիկյան ծովածոց է կոչվում)…
Ալաններն իրենց աստծո զորությանն ապավինելով մակույկներով մտնում են այդ
ծովածոցն ու հաստատվում ներկայիս Բալթիկ ծովի (սկզբնապես, արդեն ասացի
Գայթիկ է կոչվել` գայթել բայից, իսկ գ-բ հնչյունափոխությունը հայտնի է
վաղուց) Բոտնիկյան ծովածոցի բազմաթիվ կղիներից կազմված խմբից
ամենամեծում, որ իրենց անունով կոչում են Ալան (դ-ն դարերի ընթացքում է
կպնում), իսկ կղզիախումբն էլ Ալաններ (երկու ն-երի արանքում հետագայում
կպնում է նույն դ հնչյունը)…

բ) Երկրորդը ստուգաբանությունն ասում է, որ երբ Պավլիկյանները հալածվեցին
Հայաստանից, նրանք ոչ թե պարզապես փախան, այլ գաղթեցին դեպի հյուսիս, եւ
հասնելով մի մեծ ծովի, որ հետագայում Բալթիկ պիտի կոչվեր (ի դեպ` այստեղ
առաջին անգամ գայթեց պավլիկյանների այդ ժամանակվա առաջնորդի ձին, եւ
դրանից հետո ծովափն անվանեցին Գայթյան, հետագայում` երկու
հնչյունափոխություներից հետո` Բալթյան կամ Բալթիկ), որոշեցին առանձնանալ
այդ ծովում գտնվող կղզիներում, որովհետեւ առանձնանալու ավելի լավ տեղ
դժվար թե գտնեին: Նրանք հաստատվեցին կղզիախմբի ամենամեծ կղզում, եւ երբ
նրանց հարցնում էին, թե ով եք, ասում էին ԱՂԱՆԴ ենք` «Պավլիկյան»… Դե
սկանդինավցու համար Պավլիկյանն արտասանելը դժվար կլիներ, եւ թեպետ նրանք
զարմանում էին, թե ոնց կարելի է այդ քարակտորների վրա ապրել, բայց քարից
հաց քամող հայ ժողովրդի իսկական զավակները` պավլիկյանները ոչ միայն
ապրեցին, այլեւ ծաղկեցրին այդ քարքարոտ երկիրը… Իսկ քանի որ հյուսիսի
ժողովուրդների համար հեշտ էլ «աղանդ» (իսկ հայտնի է, որ հնուց անտի ղ-ն
փափուկ լ-ն է) կամ «ալանդ» բառն արտասանել, նրան Պավլիկյանների ԱՂԱՆԴԻ
պատճառով կղզին անվանեցին Ալանդ, իսկ կղզիախումբը ամենամեծի անունով`
Ալանդյան…

գ) Երբ աշխարհի չորս ծագերում դեգերող հայկական հերթական թափորը
հասավ հյուսիսային մի մեծ ծովի, ծովափնյա խոնավ ավազներին դեռեւս
չսովորած հայերը մեկը մյուսի հետեւից սկսեցին գայթել այդ ավազների վրա,
եւ ըստ այդմ ծովափն անվանեցին Գայթիկ, որ հետագայում հնչյունափոխվելով
դարձավ Բալթիկ: Ինչեւէ, Գայթիկ-Բալթիկ ծովի հակառակ ծայրում հսկայական
թերակղզու վրա հայերը երեք երկիր տեսան, իսկ դրանց ափերի մոտ` ժեռուտ մի
կղզիախումբ: Եվ ասաց հայոց խմբի առաջնորդը. «Ահա տեսնում եմ ես երեք
երկիր, մեկն ասես նախաճաշ լինի… ՖԻ՜, ես նախաճաշ չեմ սիրում» (այս
արհամարհական Ֆի -ն հետագայում մի ամբողջ երկրի անվան արմատ դարձավ-
Ֆինլանդիա – Մ. Հ.): Ապա ասաց. «ահա տեսնում եմ ես երկրորդ երկիրը, այն
ասես մեր Ճաշը լինի, բայց այն էլ մեզ պետք չի, մենք հենց ՆՈՐ ՎԵՐ կացանք
ճաշից», այդ ՆՈՐ ՎԵՐ -ն էլ դարձավ եւս մի երկրի անվան բաղադրիչ
(Նորվեգիա): Եվ վերջապես, ասաց. «Ահա, տեսնում եմ ես մի երրորդ երկիր,
մոտիկ այնքան, որ շվվացնելով անգամ կլսեն քեզ, դա էլ ընթրիքն է մեր, բայց
ՇՎԱՑՐԱԾ ունենամ նաեւ ընթրիքի վրա»: Այդ Շվացնելու Շվ արմատից հետագայում
առաջացավ նաեւ Շվեդիա անվանումը (սկանդինավյան մյուս երկրի` Դանիայի
անունը հայ առաջնորդը վաղուց էր դրել, ասելով, Դա Նա է, որտեղից նայում
եմ երեք երկրներին): Եվ վերջապես շարունակեց հայ առաջնորդը. «Ահա
կղզիախումբ, որ հեռվիշ շատ գեղեցիկ ու համեղ է երեւում, ասես հետճաշյա
ԱՂԱՆԴԵՐ լինի, գնանք ու վայելենք այդ ԱՂԱՆԴԵՐԸ» Եվ դանիացիներից խլած
մակույկներով իր ցեղն առաջնորդեց դեպի աղանդերը (այլոց լեզվով`
դեսերտը)… Հետագայում պարզվեց, իհարկե, որ դա ընդամենը ժայռակտորներից
կազմված կղզիախումբ է, սակայն քարից հաց քամող հայ ժողովուրդը ծաղկացրեց
այն` դարձնելով իսկական աղանդեր եւ աղանդեր բառն էլ արդեն կպել էր….
Աղանդեր-Ալանդներ…

դ) Երբ հայերը, որ (նախորդ ստուգաբանություններից հիշում եք) աշխարհն
ուսումնասիրելով հասնում են հյուսիսային այդ ծովի ափ (Գայթիկ-Բալթիկ
պատմությունը նույնն է, չկրկնեմ), նրանց առաջնորդը նայում է ծովի
հեռուներում եղած կղզիախմբին եւ որոշում, որ այն էլ ուսումնասիրության
կարիք ունի: Մակույկներով հասնելով ամենամեծ կղզին` հայերը տեսնում են,
որ այն եւ նրա շրջապատի բոլոր մեծ ու փոքր կղզիները հիմնականում քարերից
ու ժայռերից են կազմված: Եվ առաջնորդն ասում է. «Չէ՞ որ հայերս քարից հաց
քամող ժողովուրդ ենք, մենք կմշակենք այս ժայռերը, կծաղկեցնենք դրանք, եւ
դա էլ կլինի մեր ԱՎԱՆԴԸ սկանդինավյան քաղաքակրթության մեջ»: Եվ այդ
խոսքերից մեծ կղզին անվանվում է ԱՎԱՆԴ, իսկ շրջակայքը` Ավանդյան
կղզիախումբ: Հետագայում` վ-լ հնչյունափոխությամբ ձեւավորվում է ներկայիս
անվանումը ` Ալանդ եւ Ալանդյան…

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031