Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է այնպիսի չափորոշիչներ սահմանվեն, որ չարգելվեն արվեստի գործերը, չոտնահարվի խոսքի ազատությունը». Րաֆֆի Մովսիսյան

Հունվար 26,2024 13:39

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարությունը հավանություն է տվել իր եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկած այն նախագծին, որը նախատեսում է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում: Ըստ այդմ՝ դրանք այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 24:00-06:00-ն:

Նախագծի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանը եւ հավելել, որ ամենայն հավանականությամբ՝ նախագիծը կընդունվի ԱԺ-ի մեծամասնության քվեարկությամբ, ու այլեւս հնարավորություն չենք ունենա մինչեւ 24:00-ն դիտել այնպիսի ֆիլմեր, որոնց թվում են Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը», Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը», «Կնքահայրը 2», «Կնքահայրը 3», Սերջիո Լեոնեի «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմը, Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայովը», Լարս ֆոն Թրիերի «Դոգվիլը», Էմիր Կուստուրիցայի «Սեւ կատու, սպիտակ կատուն» եւ այլն:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի հետ: «Իբրեւ կինոքննադատ եւ կինոյի ու հեռուստատեսության տեսաբան՝ շատ լավ եմ հասկանում, թե ինչքան մեծ ու կարեւոր ազդեցություն կարող են ունենալ էկրանային մշակույթը, կինոարվեստն ու հեռուստատեսային արտադրանքը՝ հասարակության, սերունդների մտածողության ձեւավորման վրա: Ինքս դասավանդում եմ, աշխատում եմ 12-18 տարեկան ուսանողների հետ, ու գիտեմ, թե կինոն, տեսալսողական արվեստը նշանակություն ունեն այդ իմաստով»:

Կինոքննադատի խոսքով, Հայաստանում քրեաօլիգարխիկ մտածողությունը երկար տարիներին սերմանվել է, 90-ականներից սկսած՝ քրեական ենթամշակույթը ռոմանտիզացվել է, ընկալվել որպես հարաբերությունների, նույնիսկ ընտանեկան փոխհարաբերությունների կառուցման «լավ տղայական» մոտեցմամբ ընդունված նորմ, ու այս ամենի մեջ որոշակի նշանակություն են ունեցել հենց հեռուստատեսությունն ու կինոն. «Այդ իմաստով մեր հեռուստասերիալների, արագ սպառման համար նախատեսված կինոյի մեջ նման թեմաների պակաս երբեք չենք ունեցել: Ես օրենքի նախագծին մանրամասն չեմ ծանոթացել, ուղղակի համահեղինակներից մեկի ֆեյսբուքյան գրառումն եմ կարդացել, դրա համար չեմ կարող ասել, թե ինչ է ենթադրում այդ օրենքի բովանդակային մասը, եւ ինչպես է այն իրագործվելու:

Մի կարեւոր բան էլ կա՝ գուցե թեմատիկ իմաստով որոշ ֆիլմեր կարող են առաջին հայացքից այլ կերպ ընկալվել, սակայն դրանց հիմքում քննադատությունն ու նման մշակույթից հեռու մնալը շատ ավելի կարեւոր գործոն լինի»,-ասաց կինոքննադատը:

Նրա խոսքով. «Աշխարհում նկարահանված բազմաթիվ արժեքավոր ֆիլմեր կան, որոնք կարող են առաջին հայացքից սխալ տպավորմամբ համարվել քրեական ենթամշակույթի մասին պատմող, բայց դրանք հոգեբանական իմաստով հակառակ նշանակությամբ են ստեղծվել; Այնպես որ՝ կարծում եմ, որ պետք է լինեն տարբեր խմբերից ընտրված մասնագետներ, որոնք կկարողանան այնպիսի չափորոշիչներ սահմանել, որ որեւէ կերպով չարգելվեն արվեստի գործերը, չոտնահարվի խոսքի ազատությունը, եւ այլ բաներ սխալ որոշումների պատճառով չհայտնվեն թիրախում: Իհարկե, ինձ համար հասկանալի է, թե ինչի մասին է օրենքը, եւ ես կարծում եմ, որ բոլոր հարցերին ավելի ճիշտ եւ գրագետ մոտենալու դեպքում, օրենքը կարող է կարեւոր նշանակություն ունենալ»:

Րաֆֆի Մովսիսյանը մի դրվագ հիշեց կինոքննադատի իր պրակտիկայից. «Առաջին անգամ ես մեծ զարմանք ապրեցի, երբ մի քրեական վարույթի շրջանակում ինձ հրավիրեցին համապատասխան կառույցից՝ իբրեւ փորձագետի, հասկանալու համար արդյոք նյութում առկա՞ է պոռնագրաֆիկ բովանդակություն: Ինձ համար անհասկանալի էր, որ կինոքննադատը կարող է հրավիրվել նման որոշում կայացնելու համար՝ եզրակացություն տալու նպատակով: Միայն երկար ուսումնասիրությունից հետո հասկացա՝ որքան կարեւոր է պատկերային իմաստով ընկալել, թե տվյալ նյութի տակ ինչպիսի բովանդակություն է թաքնված: Կարծում եմ, որ նման որոշում կայացնելու համար ընտրված, հրավիրված ցանկացած փորձագետ (կինոքննադատ, հոգեբան, օրենքի մասնագետ եւ այլք) կհասկանա, որ իր կայացրած որոշումը չպետք է հակասի մյուս ակտերին եւ ընդունված օրենքներին… Նաեւ ուզում եմ նշել, որ մենք չենք կարող ուղղակիորեն դասական ֆիլմերը օրինակ վերցնել այս պարագայում եւ ասել, որ այդտեղ կա նման բովանդակություն:

Օրինակ, վերջերս նկարահանված հայտնի հեռուստասերիալի (Cлова пацана-Գ.Հ) վերաբերյալ ոմանք ասում են, թե այնտեղ առկա է 90-ականների քրեաօլիգարխիկ բարքերի ռոմանտիզացում, մինչդեռ ինքս խորապես համոզված եմ, որ չկա այդ ռոմանտիզացումը: Ընդհակառակը, հեռուստասերիալը տվյալ շրջանակներից հեռու մնալու ուղերձ ունի իր մեջ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Րաֆֆի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031